«Եթե չլինեին օգնության հասած տղամարդիկ, չգիտեմ ի՛նչ կլիներ, սարսափելի էր»․ հաճախակի դարձած շների հարձակումները՝ մտահոգությունների առիթ

16-11-2018
280 դիտում
«Եթե չլինեին օգնության հասած տղամարդիկ, չգիտեմ ի՛նչ կլիներ, սարսափելի էր»․ հաճախակի դարձած շների հարձակումները՝ մտահոգությունների առիթ

Էջմիածնի բնակիչ 52-ամյա Անահիտ Հարությունյանը հարձակման է ենթարկվել փողոցային շների կողմից, երբ երեկոյան դուրս է եկել աղբը թափելու։

«Սովորաբար ամեն անգամ էլ տեսնում էի շներ, բայց չէի վախենում։ Գիտեի, որ սպասում են նոր բերած աղբի, որ ուտելիք փնտրեն։ Այդ օրը մի տեսակ կատաղած էին, ես զգացի ու երբ մոտեցա, ձեռքերով ու բղավելով հասկացնում էի, որ մի կողմ գնան, արդյունքում շներից մեկը բռնեց ոտքս ատամներով։ Եթե չլինեին օգնության հասած տղամարդիկ, չգիտեմ ի՛նչ կլիներ, սարսափելի էր»,- պատմում է Անահիտը։

Վերջին շրջանում Էջմիածնում շները շրջում են ոհմակներով, որոնց կարելի է հանդիպել հենց աղբամանների շրջակայքում օրվա ցանկացած ժամի։

«Առավոտ շուտ, երբ աշխատանքի եմ գնում, իմ հասակի շներ են հետս քայլում Բաղրամյան փողոցով, դե հա, ինչքան էլ չվախենանք, բայց չգիտես՝ ի՛նչ կարող է պատահել: Անցյալ տարի հենց նույն փողոցում մի տարիքով կնոջ վրա էին հարձակվել, կծել ոտքը»,- ասում է 33-ամյա Սաթենիկ Պետրոսյանը։

Էջմիածնում առավոտյան ժամը 6-7-ը հաճախ են կրակոցներ լսվում, որոնց հաջորդում են շների կաղկանձն ու ոռնոցը։

«Այնքան են կրակել, ես անգամ իմ ֆեյսբուքյան էջում եմ դրել, թե ինչպես է շունը սատկում։ Անգամ ձագերին կերակրելիս են կրակել, լավ գիտեն՝ որտեղ են հավաքվում։ Շների ոռնոցը ականջներիս մեջ է, ես ցավում եմ շների համար։ Մեր շենքի դիմաց մանկապարտեզ կա, հենց դիմացը ընկել էր վիրավոր շունը արյան մեջ։ Հետո սկսեցին երեխաներին բերել մանկապարտեզ, հիշում եմ նրանց դեմքերը, երեխեքը սթրես էին տանում՝ արյան մեր պառկած շանը տեսնելով»,- պատմում է էջմիածնեցի 47-ամյա Նաիրա Վարդանյանը։

Նա դժգոհում է, որ սպանդի ենթարկված շները մի քանի ժամ մնում էին ընկած ասֆալտին, մինչև աղբի մեքենան գալիս էր ու հավաքում։

«Դինգո թիմ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ, Երևանի ավագանու անդամ Օվսաննա Հովսեփյանը նշում է. կրակոցների մասին բազմաթիվ ահազանգեր են ստանում Դիլիջանից, Վանաձորից, Էջմիածնից։

«Միայն վերջին մեկ ամսում Էջմիածնից մեզ մոտ հայտնվել է չորս կրակած շուն, որից մեկը մնացել է երեք ոտքանի այս պահին, մեկին բուժել ենք, հետ տարել, քանի որ խնամող ուներ, երկուսը դեռ մեզ մոտ են»,-ասում է նա։

Հովսեփյանը բացատրում է, որ տարիներ շարունակ իրականացված սպանդի հետևանքով շները շատացել են և շրջում են ոհմակներով, իսկ սպանդը, գիտականորեն ապացուցված է, կենդանատեսակը չի վերացնում, այլ նպաստում է դրա արագ աճին՝ ավելի սրելով կենդանիների ագրեսիան։

«Միայն մասսայական ստերջացումը կլուծի խնդիրը։ Ստերջացումը նպաստում է, որ ժամանակի ընթացքում կենդանիների գլխաքանակը ոչ միայն նվազի, այլև որ չլինեն ոհմակներ։ Օրինակ՝ աղբարկղերի մոտ հավաքված ոհմակը չստերջացված կենդանիներն են, որոնք հավաքվում են, զուգավորվում, որպեսզի պաշտպանեն իրենց ձագերին ու սերունդներին կենդանական բնազդով»,- ասում է Հովսեփյանը։

Ստերջացման դեպքում կենդանին չի զուգավորվում, ձագ չի ունենում, սակայն այն թանկ հաճույք է համայնքապետարանների համար։

Օվսաննա Հովսեփյանը, ով նաև Երևանի նորընտիր ավագանու անդամ է, առաջարկությամբ է հանդես եկել, որ Երևան քաղաքում սպանդ չիրականացվի, ինչին ընդառաջ է գնացել նոր քաղաքապետը։

Նա նշում է, որ նախկինում Երևանի դեպքում մրցույթ է հայտարարվել, որը միշտ շահել է «Յունիգրաֆ իքս» կազմակերպությունը, որը պատկանում էր Գագիկ Բեգլարյանին, Արո և Ռուբեն Սադոյաններին։ Մրցույթը շահել են ստերջացման և քնեցման համար, սական ստերջացում ընդհանրապես չի արվել։

«Այստեղ չկա որևէ տրամաբանություն, այսինքն՝ թափառող կենդանիների հարցով չպետք է զբաղվեր շահույթ հետապնդող կազմակերպություն։ Որպես ավագանու անդամ՝ առաջարկել ենք, որ մրցույթը վերացվի, և դա արվի ՊՈԱԿ-ի շրջանակներում։ Կխնայենք քաղաքապետարանի բյուջեն, քանի որ շահույթ այս դեպքում չի հետապնդվելու»,- ասում է նա։

«Դինգո թիմ» ՀԿ-ի, բրիտանական «Փրո Փոուզ» կենդանապաշտպան կազմակերպության և Կենդանաբույժների համաշխարհային ծառայության կողմից հատուկ ծրագրով հաշվառում է արվել, թե քանի թափառող շուն կա Երևանում։

«Մոտավոր գրանցել ենք 5 հազար շուն, մինչդեռ շարունակ ներկայացվել է ուռճացված թիվ` 45 հազար, այն պարզ պատճառով, որ բյուջեից կարողանային դուրս գրել համապատասխան ավել գումար»,- ասում է Հովսեփյանը։

Անդրադառնալով մարզերում տիրող իրավիճակին՝ նա նշում է, որ համայնքապետարանները չեն կարողանում իրենց բյուջեով ստերջացմանը միջոցներ հատկացնել։ Եթե Երևանի բյուջեն մեծ է, և կարող են իրենց թույլ տալ, ապա մարզերի դեպքում խնդիրը դժվարանում է։

«Հանդիպել եմ Էջմիածնի քաղաքապետի` Դիաննա Գասպարյանի հետ, ներկայացրել ճիշտ լուծումը։ Քաղաքապետարանները երբեք չեն ասում, որ իրենք կրակում են։ Այս պահին մեր ՀԿ-ն մշակում է շարժական կլինիկայի ծրագիր, որի համար, հուսով ենք, կկարողանանք գումար հայթայթել։ Շարժական կլինիկան կշրջի քաղաքներով, գյուղերով և կստերջացնի շներին։ Իհարկե, միայն մի դեպքում, եթե մարզպետարաններից կունենանք գրավոր գրություն, որ ստերջացված կենդանիները չեն ոչնչացվելու»,- ասում է նա։

Տանը պահվող շների ստերջացման արժեքը, եթե տերն է նրան տանում պոլիկլինիկա, 30 հազար դրամ է, իսկ եթե լինի ընդհանուր քաղաքապետարանի ծրագիր, որտեղ բժիշկը կստանա աշխատավարձ և դեղեր կներկրվեն, ըստ Հովսեփյանի՝ այն կարժենա 9-10 հազար դրամ։

Այժմ «Դինգո թիմ» ՀԿ-ի վերականգնողական կենտրոնում ապրում է գրեթե 110 շուն, չնայած նախատեսված է 100 շան համար։ Կազմակերպությանը դիմում են, երբ կա վնասված կենդանի, և հարկավոր է բուժօգնություն։

«Բուժօգնությունից հետո կենդանուն ստերջացնում ենք, որից հետո երբ վերջնականապես ապաքինվում է, կամ որդեգրում են՝ ԱՄՆ-ում կա կազմակերպություն, մեր հաշմանդամ շներին այնտեղ որդեգրում են, կամ վերադարձնում ենք իր բակ, եթե ունի խնամող, կամ էլ, եթե գնալու տեղ չունի, մնում է մեզ մոտ, մինչև կորդեգրվի»,- ասում է ՀԿ-ի հիմնադիրը։

Այս պահին աշխատում են օրենսդրական կարգավորումների վրա, նախագիծը դեկտեմբերին կներկայացվի ԱԺ։

«Լենա Նազարյանի հետ ենք աշխատել նախագծի վրա։ Օրենքը թույլ կտա կարգավորել տան շների բուծումից մինչև դաժան վերաբերունքի համար պատիժ սահմանելը, ընդհուպ մինչև քրեական պատիժ, վարչական տուգանքներ։ Օրենքի բացակայությունն է, որ բերել է այս ոլորտում անպատժելիության»,- ներկայացնում է Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ օրենքի ընդունումից հետո համայնքները կպարտավորվեն իրենց համայնքներում խնդրին լուծում տալ։

«Այս պահին մարզերում հանգիստ սպանում են, քանի որ չկա արգելող օրենք, իսկ եթե օրենքով սպանդն արգելվի, և դա լինի քրեորեն պատժելի արարք, ի դեպ, ասեմ, որ նախատեսված է լինելու երկուսից մինչև հինգ տարի ազատազրկում, ապա մարզպետարանները, համայնքապետարանները ստիպված պետք է լինեն այլ ելք գտնել, որը չի հակասում օրենքին։ Թող մի փոքր ավելի գումար ծախսեն, բայց խնդիրը հիմնովին լուծեն»,- ասում է նա։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am