Նիկոլ Փաշինյանի երազանքը. Վիգեն Սարգսյան ընդդիմությունը

16-11-2018
3319 դիտում
Նիկոլ Փաշինյանի երազանքը. Վիգեն Սարգսյան ընդդիմությունը

Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե պնդեմ, որ ուժեղ են այն պետությունները, որոնք ունեն միմյանց հավասարակշռող, իսկ հարկ եղած դեպքում՝ հակակշռող իշխանություն և ընդդիմություն: Աշխարհի քաղաքագիտական միտքը վաղուց հասել է այդ հանգրվանին և ստեղծել մեխանիզմներ:

Եթե կուզեք, Սերժ Սարգսյանի ողբերգությունը նաև ընդդիմադիր դաշտը փոշիացնելու մեջ էր: Երկիրը մատնված էր ինքնահոսի: Ընդդիմադիր գաղափարական ուժերը՝ ծվատված, հյուծված: Ամեն ինչ ընթանում էր սպոնտան, անկանխատեսելի: Մենք չգիտեինք, թե վաղն ի՛նչ նոր փորձանք ենք ճաշակելու: Իշխանափոխության պատճառներից մեկն էլ սա էր:

Նիկոլ Փաշինյանն այս դրվագում գնում է գրեթե նույն ուղիով՝ չունի կամ մեկուսացնում է հնարավոր բոլոր գաղափարականներին, որոնք կարող են լինել կառուցողական ընդդիմություն: Իհարկե, հակադրվողները կարող են փաստարկել, թե դեռ քիչ ժամանակ է անցել: Սակայն խնդիրը ժամանակի մեջ չէ: Խնդիրը՝ ընկալումների մեջ է:

Ցանկացած իշխանության, եթե մտածում է միայն իր իշխանության մասին, ձեռնտու է Վիգեն Սարգսյան ընդդիմությունը: Ձեռնտու է իշխանությունից նոր զրկված, ժողովրդական լայն զանգվածների մեջ ատելության արժանացած, աչքի փուշ դարձած ՀՀԿ-ն: Սակայն եթե դու մտածում ես պետության, այլ ոչ քո իշխանության մասին, ապա ձեռնտուների տեղերը փոխվում են: Առաջ է գալիս հակասությունների կծիկ: Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ եթե անգամ ՀՀԿ-ն հանդես գա կառուցողական քննադատության դիրքերից, եթե անգամ բերեն կուռ փաստարկներ, որոնք որևէ կասկածի տեղիք չեն տալիս, միևնույն է՝ լսելի չեն լինելու: Ատելությունը, մաղձը, հայհոյանքի չափաբաժինը կխլացնեն դրանք:

Մյուս կողմից՝ ՀՀԿ-ն շարունակում է նվերներ մատուցել Փաշինյանին: Դա կլինի Աշոտյանի՝ ինքն իր անձի մրցակցությունը սելֆիի ձողիկի հետ, թե Վիգեն Սարգսյանի ենթադրյալ կուռ վերլուծություններում, որոնցում, թույլ տվեք օգտագործել առաջին նախագահի բնորոշումը, նա ցույց է տալիս որոշ հարցերում յուր անգետությունը:

«Իմ քայլը» - ՀՀԿ խորհրդարանական մրցակցությունը ձեռնտու է նախևառաջ իշխող ուժին: Տեսեք, խորհրդարան անցնելու երկրորդ հավակնող ուժը «Բարգավաճ Հայաստանն» է:

Ի՞նչ գաղափարական մրցակցություն կամ հակադրություն կարող է լինել «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի միջև: Ցավոք, ոչ մի: ԲՀԿ-ն ունի իր անառարկելի փաստարկը՝ աջակցել է հեղափոխությանը, ընտրել է Նիկոլ Փաշինյանին: Վե՛րջ: Մյուս կողմից՝ հիմնականում բացակայում են ու ստվերվել են այն բոլոր ուժերը, որոնք կարող էին օրվա իշխանությունների հետ խոսել կոնկրետ փաստարկների, ծրագրերի, պատկերացումների լեզվով: Միով բանիվ ասած՝ ընդդիմադիր դաշտը սնանկ է: ՔՊ-ՀՀԿ մրցակցությունը չի կառուցվի գաղափարական բանավեճի շուրջ:

Այն կկառուցվի հին ու նոր հիշեցնելու, հներին ու նորերին հիշատակելու, ծաղրի, սոփեստության ու դեմագոգիայի շուրջ: Դա հնարավորություն կտա նորից դաշտի բաժանում ու պայմանական տերմինների հստակեցում:

Միգուցե այս անգամ հակահեղափոխականը կսպառի իրեն որպես եզր: Բայց կարող է առաջ գալ նորը, ասենք՝ ով Նիկոլի լավը չի ուզում, նա հայ չէ: Տեսել ենք արդեն նման մոտեցումներ այլ ընկալումներում:

Պետական քաղաքական համակարգի ճգնաժամը հանգուցալուծելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է իրական և ունակ ընդդիմություն, իսկ ՀՀԿ-ն դեռ պետք է պարապի, որ չկտրվի նոր քննությունից:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am