«Բռնապետական համերաշխությամբ դրդված՝ Բելառուսն ու Ղազախստանն ուզում են լավություն անել Ալիեւին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին». քաղաքագետ

18-11-2018
939 դիտում
«Բռնապետական համերաշխությամբ դրդված՝ Բելառուսն ու Ղազախստանն ուզում են լավություն անել Ալիեւին՝ Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին». քաղաքագետ

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է Բելառուսի ԱԳՆ-ի կոշտ արձագանքին՝ ուղղված Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակին:

«Կոլխոզի կանոններով առաջնորդվողի համար Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն անհասկանալի են»,- ի պատասխան Բելառուսի ԱԳՆ խոսնակ Անատոլի Գլազի՝ ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք՝ Անատոլի Գլազը ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ասել է. «Փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»: Նա այսպես է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը Բելառուսի նախագահից պարզաբանումներ է պահանջել այն մասին, թե ինչո՞ւ է փակ հանդիպումից մանրամասներ հայտնել ադրբեջանական կողմին:

Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին լրագրողներին ասել էր, որ իրեն զարմացրել է այն հանգամանքը, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին մանրամաներ է պատմել: Ըստ Փաշինյանի՝ պայմանավորվածությանը հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պարզաբանումներ է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահներից իրենց արարքի համար:

«Իհարկե, կոլխոզի կանոններով առաջնորդվողի աչքին այն ամենը, ինչը տեղի է ունենում Հայաստանում, փողոցային ժողովրդավարություն է: Բայց փողոցային մանր քրեական բարքերով առաջին հերթին առաջնորդվում են նրանք: Իսկ Հայաստանն ընդամենը մատնացույց է անում, որ կան պայմանավորվածություններ, եղել է փակ խոսակցություն անվտանգության հարցի հետ կապված, ինչը դուրս հանել չի կարելի: Եվ ընդամենն ասվել է, որ դրա հետ կապված եղել է պայմանավորվածությունների խախտում, և պետք է բացատրություններ պահանջել: Դրա ի՞նչն է փողոցային»,- «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Նշենք, որ այս իրավիճակը ստեղծվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածու առաջադրելու հարցի շուրջ: Հայաստանի կողմից Յուրի Խաչատուրովին այդ պաշտոնից հետ կանչելու ու նրան պաշտոնանկ անելու ՀԱՊԿ անդամ երկրների որոշումից հետո Բելառուսը ցանկանում է, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրումը վերապահվի իրենց: Այնինչ, մինչև 2020 թվականը Հայաստանին է պատկանում այդ իրավունքը: Ղազախստանը սատարում է Բելառուսի դիրքորոշումը: Պաշտոնական Երևանը կոշտ արձագանք է տալիս այս երկրներին:

«Ողջունում եմ պաշտոնական Երևանի արձագանքը: Դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանի արձագանքն էր, այլ նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցն էր: Այդ երկու արձագանքներն իրար հետ գալիս են ամբողջացնելու Հայաստանի դիրքորոշումը: Այո, Հայաստանին մինչև 2020 թվականը ժամկետ է տրված՝ քարտուղարի պաշտոնի միջոցով նախագահելու ՀԱՊԿ-ում, և Հայաստանն է որոշում՝ այնտեղ Խաչատուրո՞վը կլինի, թե՞ Պողոսը: Դա Հայաստանն ինքն է որոշում այդ ժամանակային քվոտայի շրջանակում, և որևէ մեկը չպետք է այդ հարցից պատմություն սարքեր»,- ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նկատում է, որ Ռուսաստանը շատ հեշտ կարող էր այս ամբողջ քննարկումները կասեցնել, բայց դա ռուսների շահերից է բխում, որպեսզի այս հարցը դառնա մի մեծ պատմություն: «Մոսկվան իրեն դրել է չեզոք արբրիտրի տեղ, մինչդեռ չեզոք չէ, այս ամենը լիովին նրա սրտով է»,- ասում է Մեհրաբյանը:

Հարցին, թե Բելառուսն ու Ղազախստանը ինչո՞ւ են փորձում Հայաստանին զրկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար առաջադրելու իրավունքից, Մեհրաբյանը պատասխանում է, որ նախևառաջ դրանով այդ երկրներն ուզում են մեծ լավություն անել իրենց քաղաքական եղբայր Ադրբեջանի նախագահ Ալիևին, որովհետև նրանց նման մի բռնապետ էլ Ալիևն է:

«Եվ այդ բռնապետական համերաշխությամբ դրդված՝ նրանք ուզում են այդ լավությունն անել Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին: Իսկ դա միանգամայն բխում է ռուսների շահերից: Բայց մյուս կողմից էլ՝ ռուսները, այսպես ասած, մի քիչ դիստանցիա են պահում, որպեսզի նաև Նիկոլ Փաշինյանի ձեռքով Լուկաշենկոյի ու Նազարբաևի համար ինչ-որ դիսկոմֆորտ ստեղծեն: Եվ հակառակը՝ նաև կարող են տեղի ունենալ զարգացումներ, որոնք Ռուսաստանի սրտով կլինեն, բայց Ռուսաստանի ձեռքով չեն լինի: Եվ այսքանով պատկերն ամբողջանում է»,- ասում է նա:

Մեհրաբյանի խոսքով՝ այս օրինակով հստակ երևում է, թե ՀԱՊԿ-ը, որին անդամակցում է Հայաստանը, իրականում ինչ կառույց է:

«Մանր քրեական հոգեբանությամբ այս կոմբինացիաներն ընդամենը ցույց են տալիս, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն կոչվածում չկա ո՛չ հավաքականություն, ո՛չ անվտանգություն, ո՛չ պայմանագիր, ո՛չ էլ կազմակերպություն: Սա ընդամենը դինոզավրերի հավաքատեղի է, որոնք այսօր կան, վաղը չկան»,- հավելում է քաղաքագետը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am