«Մենք գնում ենք խոպան, տնից-տեղից կտրված, էնտեղ աշխատում ենք,  ու պլյուս 23 տոկոս պետությունը պահի՞». արտագնա աշխատանքի մեկնողները վրդովված ե

19-11-2018
656 դիտում
«Մենք գնում ենք խոպան, տնից-տեղից կտրված, էնտեղ աշխատում ենք,  ու պլյուս 23 տոկոս պետությունը պահի՞». արտագնա աշխատանքի մեկնողները վրդովված ե

ՊԵԿ-ի շրջանառության դրված նոր գաղափարը, համաձայն որի 2020 թվականից սկսած 18-65 տարեկան բոլոր ՀՀ քաղաքացիները դառնում են եկամտային հարկի վճարողներ, այդ թվում նաև՝ արտագնա աշխատանքի մեկնողները, խիստ քննադատության ու դժգոհությունների տեղիք է տվել։

Վրդովված են հատկապես արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր գաղափարի իրականացման դեպքում պարտավոր են լինելու հայտարարագրել իրենց եկամուտները և դրա 23 տոկոսը որպես եկամտային հարկ վճարել պետությանը։

«Մենք գնում ենք խոպան, տնից-տեղից կտրված, էնտեղ աշխատում ենք,  ու պլյուս 23 տոկոս պետությունը պահի՞: Հա, բա, ասենք, էդ մեծ գումար ա, գոնե 5 տոկոս լինի։ 1000 դոլարի 23 տոկոսը, ասենք թե, անում է 230 դոլար, կարանք էդ գումարին էնտեղ տուն վարձենք, ընտանիքով գնանք ապրենք, էլ ընչի՞ ուղարկենք։ Հլը թող ռուսական ռուբլու կուրսին էլ նայեն, տակը բան չի մնում»,- ասում է երկու երեխաների հայր, մարտունեցի Արտաշես Խաչատրյանը, ով արդեն ութ տարի է՝ մեկնում է արտագնա աշխատանքի։

Արտագնա աշխատանքի մեկնողների թվով առյուծի բաժինը պատկանում է Գեղարքունիքի մարզին։ Մեկնողները թողնում են ընտանիքներին և աշնան վերջին կամ Ամանորից առաջ վերադառնում տուն։

Արտաշես Խաչատրյանը նաև նշում է, որ իրենցից շատերը Ռուսաստանում գրանցված են և հարկ են վճարում այդ պետությանը։ Նա հարց է բարձրացնում՝ այսուհետև մարդիկ երկու տեղ են վճարելո՞ւ։

«Ես գնամ էնտեղ, էդ տանջանքով աշխատեմ, ստեղ հեչ չգիտեն՝ մենք էնտեղ ի՛նչ օրեր ենք քաշում, Հայաստանի հետ հեչ կապ չունենամ, ու էդքան փող վճարեմ, ինչի՞ համար, ուրիշ բան, եթե ես տեղում աշխատեմ, չեմ խուսափի ոչ մի հարկից էլ, բայց էս դեպքում անհասկանալի է։ Եթե էդպես եղավ, էլ չենք գնա կամ էլ կգնանք ու չենք գա»,- ասում է 33-ամյա Խաչատրյանը։

Երեք երեխաների հայր, 39-ամյա Կարեն Ժամհարյանն էլ նշում է, որ մեկ այլ նրբությունն էլ կա. հաճախ ընկերները գումար են ուղարկում իր անունով, հետո կնոջը խնդրում՝ փոխանցել նրանց ընտանիքներին, այդ դեպքում ինքը պետք է հարկվի ուրիշների փոխարե՞ն։

«Նման նրբություններ շատ կան, մենք դրսում ենք աշխատում, ոչ ստաժ կա, եղել են տարիներ, որ հարկ մուծել ենք, բայց եղել է, որ աշխատել ենք սևով, առանց հարկ մուծելու։ Եթե էդպես եղավ, մեր ընտանիքներին կտեղափոխենք Ռուսաստան, առանց էն էլ ստեղ կուրս չկա։ Մարդիկ վարկով, պարտքով տոմս են առնում, գնում հասնում, որ էրկու կոպեկ աշխատեն, ընտանիքներին պահեն, հիմա պետք է հարկվե՞ն»,- ասում է տասնութ տարի շարունակ արտագնա աշխատանքի մեկնող Կարեն Ժամհարյանը։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի համակարգող Եղիազար Դավթյանը նշում է, որ Մարտունու տարածաշրջանից հիմնականում մեկնում են Պերմ, Տյումեն, Մոսկվա, Կեմերովո, Բրյանսկ։ Ընտանիքներին հիմնականում թողնում են, բայց այս դեպքում լրացուցիչ խոչընդոտ է ստեղծվում, որպեսզի մարդիկ իրենց հետ տանեն նաև ընտանիքներին։

«Պարտքով գնում են, ամառվա ընթացքում չէի ասի, որ շատ մեծ գումարներ են ստանում և ուղարկում, միջինով եթե վերցնենք՝ տարեկան աշխատում են 3-5 հազար դոլար։ Խոսքը նրանց մասին է, ովքեր էնտեղ աշխատում են շինարարությունում, մեխանիզատորներ են, բայց ոչ որպես գործատուներ։ Եթե այդ մարդը պետք է ուղարկի 3-5 հազար դոլար, դեռ մի հատ էլ՝ 23 տոկոս եկամտահարկ պահեն, ինձ թվում է՝ շատերը էլ չեն գնա կամ էլ կփորձեն գումարներն ուղարկել այլ ճանապարհով՝ ամեն ամիս տարբեր մարդկանց անուններով, արդյունքում բան չի երևա կամ շատ քիչ կերևա»,- ասում է Եղիազար Դավթյանը։

Երեք երեխաների մայր, գյումրեցի 39-ամյա Անահիտ Հակոբյանը օրերն է հաշվում, թե ե՛րբ է Մոսկվայից տուն վերադառնալու արտագնա աշխատանքի մեկնած ամուսինը։ Ասում է, որ իրենց թաղամասում մնացել են կանայք, երեխաները և պետական աշխատանք ունեցող մի քանի հոգի։

«Խոպանչիները միտինգ կանեն, հենց իմացան նման բան կա։ Դե թող տեղում աշխատատեղեր բացեն, մնան աշխատեն, իրենք էլ հարկ տան: Ամեն նոր եկացող նոր օրենք է հնարում, մեկը չեղավ մեր մասին նորմալ մտածի։ էդ ի՛նչ գումար են բերում, որ մի հատ էլ պետությանը տան, իսկ պետությունը մտածո՞ւմ է մի բանով օժանդակի էս մարդկանց»,- ասում է Անահիտ Հակոբյանը՝ անդրադառնալով ՊԵԿ-ի նոր շրջանառվող գաղափարին։

Ըստ Հայաստանի կենտրոնական բանկի`դեպի ՀՀ անձնական դրամական փոխանցումներ ըստ վճարային հաշվեկշռի վիճակագրության՝ 2017-ին ուղարկվել է 1 միլիարդ 494.6 միլիոն դոլար։ Նույն աղբյուրի համաձայն՝ 2018 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է փոխանցվել 597.5 դոլար գումար։

«Հարկը գանձվելու է տարեկան կտրվածքով: Այո՛, այդ գումարը, որը նա վաստակել, ուղարկել է, պետք է որպես եկամուտ հայտարարագրվի, ու դրա հասանելիքը պետք է պետությունը ստանա: Եթե անձը, որն այդ եկամուտը ստացել է, դրսում արդեն հարկվել է, ապա պետք է մեզ ներկայացվեն տեղեկանքները, մենք հաշվի պետք է առնենք այդ հարկը, հանենք տարբերությունը և ապա հարկենք մեր օրենքով»,- «Ռադիոլուրին» ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Տնտեսագետները ձեռնպահ են մնում գնահատականներ տալուց, քան որ ՊԵԿ-ը չի ներկայացրել իր առաջադրած գաղափարի էությունն ու դրա օգուտներն ու հնարավոր վտանգները Հայաստանի տնտեսության համար։

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, անդրադառնալով տրանսֆերտների հարկման նոր մեխանիզմի ներդրմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարությունը գնում է ոչ թե քաղաքացու գրպանը լցնելու, այլ քերելու տրամաբանությամբ։ Իշխանությունը գնում է քաղաքացու բեռն ու պարտականությունը մեծացնելու, այլ ոչ թե իր պատասխանատվությունը մեծացնելու ճանապարհով։ Կառավարությունը գնում է ոչ թե զարգացման, նոր եկամտի աղբյուրներ ու հնարավորություններ ստեղծելու, այլ եղածը վտանգի տակ դնելու ճանապարհով»։

Մինչդեռ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը դարձյալ ֆեյբուքյան իր էջում գրել է. «ՀՀ քաղաքացին պիտի իր եկամտից պետությանը հարկ վճարի, եթե այլ պետության արդեն չի վճարել հարկը։ Դա համարյա բոլոր նորմալ պետություններում գործող մեծանիզմ է։ Դա պետության կայացման հանգրվաններից մեկն է, որը ոչ պոպուլյար քայլ է և կարող է իրականացվել բարձր հեղինակություն վայելող կառավարության կողմից»։

Լուսանկարը՝ EurasiaNet.org

Գայանե Մկրտչյան

MediaLab.am