Փոխի՛ր կյանքդ, դարձի՛ր պատգամավոր

19-11-2018
1147 դիտում
Փոխի՛ր կյանքդ, դարձի՛ր պատգամավոր

«Ժողովուրդ» օրաթերթի արդեն նախկին հիմնադիր խմբագիր (լավ է հնչում՝ հիմնադիր խմբագիր) Թագուհի Թովմասյանը մի հարցազրույց է տվել, որն աչքի է ընկնում օպորտունիստական մտքերի, անհաջող ձևակերպումների, զարմանալի պատասխանների մի ամբողջ շարանով:

Եթե անգամ որևէ հրաշքով ես կարողանայի հայտնվել Սոկրատեսի, Պլատոնի և Սպինոզայի անհամատեղելի միջավայրում, ապա նույնիսկ նրանց հետ կայանալիք զրույցները, որոնք հարգելի պատճառով երբեք էլ չեն կայանա, չէին կարողանա ամոքել այն տրավմատիկ շոկը, որը կարելի է ապրել այդ հարցազրույցը լսելիս:

Լրագրողի հարցին, թե ինչո՛ւ է տիկինը կամենում պատգամավոր դառնալ, նա պատասխանում է.

- Գիտեք, լինում են պահեր, որ պետք է ինչ-որ փոփոխություն անել:

Գիտե՞ք, ինչ-որ փոփոխություն անելու համար կարիք չկա պատգամավոր դառնալ: Կարելի է զբաղվել յոգայով, դայվինգով, սահմանամերձ գյուղում դասավանդել, փոխել մազերի գույնը կամ ձևը, ի վերջո, ուսումնասիրել Պոլինեզիայի բնիկների կենցաղը: Բայց պատգամավո՞ր:

Հետո բերում է ավելի կուռ փաստարկ, պնդելով, թե ինքը բիզնես ավելի շատ է սիրում, բայց քանի որ սկսնակի համար բիզնես մտնելն ավելի դժվար է, ուստի մտնում է քաղաքականություն: Հետաքրքիր է, իսկ լրագրողական գործունեության ընթացքում նա կարողացե՞լ է համատեղել բիզնեսը և լրագրությունը: Թերևս այս բարդ խնդրի պատասխանը թողնենք 7-րդ գումարման ԱԺ-ի ապագայի կենսագիրներին, իսկ մենք շարունակենք «ինտելեկտուալ էքստազի» մեր չափաբաժինն ստանալ սույն հարցազրույցում արտահայտվող մտքերից:

Հարցազրույցից պարզ է դառնում, որ օրվա հերոսը միայն ցուցակից է իմացել իր կուսակցական լինելը: Հենց այդպես, ցուցակը կարդացել է ու տեսել, որ ինքը կուսակցական է: Դիմումը տվել է ու մանր ձևականությունների հետևից չի ընկել: Երևի ասել են գրի՝ ինքն էլ գրել է:

Մի հայտնի դրվագ կա, որում Հաշեկի անմահ հերոս Շվեյկը կանգնած է դատական բժիշկների առաջ: Հերոսին խնդրում են հինգ քայլ անել, իսկ նա փոխարենը տասը քայլ է կատարում, պնդելով, թե մի երկու քայլ ավել անելն իր համար նեղություն չէ: Հիմա այս դեպքն է. մի դիմում էս կողմ, մի դիմում՝ էն կողմ, էդ մեր մեջ ի՞նչ խնդիր: Սակայն զավեշտն այլ տեղ է, այս մտքի հաջորդ դրվագում: Իսկ դրվագը զարգանում է այն դարակազմիկ բացահայտումով, որ կուսակցական լինելը չի դնում կաղապարների մեջ: Ընդհանրապես, ՔՊ վարչությունը շատ ճիշտ կանի, եթե քննություն վերցնի ՔՊ մտնելու հայտ ներկայացրածներից: Հասկանա՝ գիտե՞ն արդյոք նրանք, թե դա ի՛նչ կառույց է: Ի՞նչ գաղափարներ է դավանում, ի՞նչ ասել է կուսակցական գիծ և այլն: Այստեղ թերևս հարկ չեմ համարի մեկնել, որ կուսակցությունը գրեթե կիսառազմականացված կառույց է ու ոչ միայն հարկ եղած դեպքում կաշկանդում է, այլ նաև երբեմն ստիպված ես անձնական մոտեցումներդ մի կողմ դնել՝ հանուն կուսակցության շահի:

Հետո գալիս է ահասարսուռը, որի մեջ խտացված են լրագրողի աշխատանքի ու պատգամավորական գործունեության վերջին տարիների հասարակական լայն ընկալումները: Բանախոսը ձևակերպում է հետևյալ միտքը՝ ի՞նչ տարբերություն, նախկինում հոդված էր գրում, հիմա էլ՝ ելույթ կունենա: Ես անզոր եմ: Իմ մանկավարժական ողջ տաղանդը չի բավարարի բացատրելու, որ պատգամավորը կարող է նույնիսկ ելույթ չունենալ պարզապես ելույթ ունենալու համար, բայց, ա՛յ, օրենսդրական նախաձեռնությամբ կամ աշխատանքներով պարտավոր է հանդես գալ:

Խնդիրն այստեղ բանախոսի անձի մեջ չէ: Խնդիրը տեսակի մեջ է, որը դեռ կբացահայտվի: Սա տեղ չէր գտնի իմ սյունակում, եթե համոզված չլինեի, որ նման «փայլատակումներ» տարբեր անձանց կողմից մենք դեռ շատ կլսենք:

Թույլ տվեք այստեղ կանգ առնել և ևս երկու մեջբերում անել՝ առանց մեկնաբանության:

«Ուղղակի պետք է մարդկանց հետ հարաբերվել մարդու նման»:

«Դե դա ամենակարևոր ատրիբուտներից չէ, այսպես ասեմ, բայց նաև կարևորագույն»:

Հ. Գ. Տարրական հարգանք պետք է ունենալ Գալուստ Սահակյանի անձի հանդեպ: Չի կարելի մարդու տարիների վաստակը մեկ հարցազրույցով ջուրը լցնել:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am