ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

20-11-2018
210 դիտում
ՀՀԿ-ի վիճակագրական մանիպուլյացիաները․ նախկին իշխանությունը շարունակում է «շտկել» իրականությունը

Հանրապետական կուսակցության հայեցակարգային հայտարարության մեջ առկա են տնտեսական սխալ ցուցանիշներ։

2018թ․ նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհուրդը հրապարակեց հայեցակարգային մի հայտարարություն՝ ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական վիճակի և ԱԺ առաջիկա արտահերթ ընտրությունների մասին, որում իր գնահատականն է տալիս 2018թ․ ապրիլ-հոկտեմբեր ամիսներին իրավիճակի զարգացմանը։

ՀՀԿ-ն փաստում է նաև իր որոշ սխալներ ու բացթողումներ, ապա արձանագրում է որպես իշխող կուսակցություն վերջին 12 տարիներին իր ծավալած գործունեության արդյունքում ձևավորված ՀՀ տնտեսական իրավիճակը։

ՀՀԿ հայտարարության տնտեսական ցուցանիշներն ավելի լավ հասկանալու համար` նախ անդրադառնանք Երրորդ Հանրապետության տնտեսական դինամիկային՝ համառոտ։ Նորանկախ Հյաստանի Հանրապետությունը 1990-ականների կեսից մինչև 2008թ. ունեցավ զգալի տնտեսական աճ: Մեկ շնչի հաշվով համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) դոլարային արտահայտությամբ 1998թ.-ից 2008թ. ժամանակահատվածում եռապատկվեց: ՀՆԱ աճի տեմպը 2003թ. հասավ ռեկորդային բարձր 14% ցուցանիշի՝ հիմք հանդիսանալով որոշ լավատես փորձագետների կողմից Հայաստանը որակել «Կովկասյան վագր»:

Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում

1988թ. ավերիչ երկրաշարժի, Խորհրդային Միության փլուզման, չհայտարարված պատերազմի և ՀՀՇ կառավարման արդյունքում հետխորհրդային երկրներից առավելագույն տնտեսական անկում արձանագրած Հայաստանը 2001-2008թթ․ համաշխարհային տնտեսության և հատկապես Ռուսաստանի տնտեսության աճի բարձր տեմպերի «համընթաց քամու» ազդեցությամբ արձանագրեց տնտեսական աճի բարձր տեմպեր՝ նվազագույնի հասցված բազային ցուցանիշների նկատմամբ:

Այս ժամանակահատվածում տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը ոչ-առևտրային ոլորտներն էին, մասնավորապես՝ շինարարությունը, որը ֆինանսավորվում էր մասնավոր տրասֆերտների աննախադեպ ներհոսքով և շատ ավելի պակաս չափով՝ օտարերկրյա ուղղակի ներդրումներով: 2002-2008թթ. ժամանակահատվածում շինարարության տարեկան աճը միջինը կազմում էր 28%՝ ապահովելով ՀՆԱ աճի մոտ մեկ երրորդը:

Շինարարության նմանօրինակ առաջըթաց աճն ապահովվում էր ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագրերով (ճանապարհաշինություն, փլուզված էներգետիկ եթակառուցվածքների վերակառուցում և այլն), խորհրդային ժամանակներից հետաձգված բնակարանային պահանջարկով, ինչպես նաև անշարժ գույքի մեջ սպեկուլյատիվ ներդրումներով:

2008-2009թթ. տնտեսական ճգնաժամը ի ցույց դրեց «Կովկասյան վագրի» իրական ներուժն ու կենսունակությունը: Մասնավոր տրանսֆերտների կտրուկ նվազումը և շինարարության շուրջ 40% անկումը 2009թ.-ին պայմանավորեցին Հայաստանի ՀՆԱ 14.1% «փլուզումը», ինչն աննախադեպ էր ոչ միայն հետխորհրդային տարածաշրջանում, այլև ամենաբարձր անկումներից մեկն էր աշխարհում: Այսքանը խիստ համառոտ՝ «Կովկասյան վագրի» լեգենդի մասին: Այժմ անդրադառնանք տնտեսության մեջ ՀՀԿ գրանցած ոչ պակաս տպավորիչ «շոշափելի առաջընթացին»:

Նախ՝ ՀՀԿ հայտարարությունում նշվում է, որ 2006-2017թթ․ ընթացքում ՀՀ համախառն ներքին արդյունքը դրամային արտահայտությամբ կրկնապատկվել է՝ 2006թ․-ի 2656 մլրդ դրամի փոխարեն 2017թ․-ին կազմելով 5580 մլրդ դրամ։ Իրականում, դոլարային արտահայտությամբ, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, նույն ժամանակահատվածում ՀՀ ՀՆԱ-ն աճել է 1.8 անգամ՝ 2006թ․-ի  6384 մլն ԱՄՆ դոլարի համեմատ 2017թ․ հասնելով 11537 մլն ԱՄՆ դոլարի։ Բայց դա չէ կարևորը։ Առավել հատկանշական է այն, որ նույն ժամանակահատվածում ՀՀ համախառն արտաքին պարտքը աճել է մոտ 5 անգամ՝ 2006թ․-ի 2․1 մլրդ ԱՄՆ դոլարի համեմատ 2017թ․ հասնելով 9․9 մլրդ դոլարի։ Պարզ ասած, ոչ մի գործարար չէր հպարտանա իր ընկերության վարկային պորտֆելը հնգապատկելու գնով ընկերության հասույթների կրկնապատկմամբ՝ սնանկության եզրին հասցնելով սեփական ընկերությունը։

Երկրորդ՝ ըստ ՀՀԿ հայտարարության, ՀՆԱ-ի մեջ ակնառու է հատկապես ծառայությունների ոլորտի ծավալի կտրուկ աճը, որը 2006-2017թթ․ ընթացքում աճել է շուրջ 3 անգամ և 2017թ․-ին ծառայությունների ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ կազմել է 50․4%։ Դասագրքային ճշմարտություն է, որ ծառայությունների ոլորտի բարձր տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ լավ ցուցանիշ է համարվում միայն զարգացած երկրներում, իսկ տնտեսական զարգացման միջինից ցածր մակարդակ ունեցող երկրներում, որպիսին Հայաստանն է, այն խոսում է գյուղատնտեսության և արդյունաբերության աճի ցածր տեմպերի մասին։

Նշենք նաև, որ 2017թ․ ծառայությունների ծավալը առանց առևտրի կազմել է 1453 մլրդ դրամ, ինչը տեսակարար կշռով ՀՆԱ-ի կառուցվածքում կազմում է ընդամենը 26%-ը։ Իսկ ՀՆԱ կառուցվածքում ծառայությունների ոլորտի հայտարարված 50.4% տեսակարար կշիռը պայմանավորված է առևտրի շրջանառության աճի տեմպերով։ Փաստորեն, ՀՀԿ-ն ևս մեկ անգամ փորձում է հպարտանալ սեփական դրածոների միջոցով մենաշնորհային ներկրումների արդյունքում ներկրված ապրանքների իրացման բարձր գներով ձևավորված առևտրի շրջանառության աճով, որը տարիներ շարունակ սնուցվում է աշխատուժի «արտահանմամբ» և արտագաղթով պայմանավորված մասնավոր տրանսֆերտներով։

Երրորդ՝ ինչ վերաբերում է 2017թ.-ին 2006թ.-ի համեմատ պետական բյուջեյի եկամուտների 139% և հարկային եկամուտների 162% աճի փաստագրմանը,  ապա չվիճարկելով բերվող ցուցանիշները և առանց բազմագործոն վերլուծության, փորձենք տալ այս ցուցանիշների գնահատականը այլ տեսանկյունից: Տնտեսական զարգացման միջինից ցածր մակարդակ ունեցող երկրներում պետական բյուջեյի եկամուտներ/ՀՆԱ և հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը միջինը տատանվում է 18-20%-ի սահմաններում, այն դեպքում, որ զարգացած երկրներում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 40%:

Հայաստանում 2017թ. բյուջետային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 23.1%, իսկ հարկային եկամուտներ/ՀՆԱ հարաբերակցությունը՝ 20.8%:  Ընդ որում, սկսած 2013թ.-ից այս ցուցանիշները գրեթե անփոփոխ են՝ չնայած ՀՀԿ-ական կառավարությունների հարկային վարչարարության բարելավման և հարկային բարեփոխումների վերաբերյալ պարբերաբար հնչող հավաստիացումներին: Համեմատության համար նշենք, որ հարևան Վրաստանում 2003թ. հեղափոխությունից հետո, բացառապես նոր իշխանությունների քաղաքական կամքի և արհեստավարժ կառավարման արդյունքում, հարկային եկամուտներ/ՀՆԱ ցուցանիշը 2008թ.-ին 2004թ.-ի համեմատ կրկնապատկվեց՝ հատելով 25%-ի սահմանը, իսկ 2017թ. կազմեց 28.35%: Այս ցուցանիշները առավել տպավորիչ են հարկային դրույքաչափերի հետևողական նվազեցման ենթատեքստում:

Չորրորդ՝ ըստ ՀՀԿ հայտարարության, բնակչության բարեկեցության մակարդակի լավացման մասին են խոսում միջին ամսական աշխատավարձի ավելացումը շուրջ երեք անգամ՝ 2006թ.-ի 62,293 դրամի փոխարեն 2017-ին կազմելով 184,170 դրամ, և միջին ամսական կենսաթոշակի ավելացումը շուրջ 3.7 անգամ՝ 10,912 դրամի փոխարեն 2017-ին կազմելով 40,296 դրամ։ Բնականաբար, այստեղ խոսքը գնում է անվանական աշխատավարձի և անվանական կենսաթոշակի մասին։

Պետք է նշել, որ ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած տեղեկատվության, 2006-2017թթ. սպառողական ապրանքների համախառն գնաճը ՀՀ-ում կազմել է մոտ 62.6%։ Եթե ՀՀԿ-ի հրապարակած միջին ամսական անվանական աշխատավարձի և միջին ամսական անվանական կենսաթոշակի թվերից հանենք 62.6% գնաճը, ապա կստանանք որ համադրելի գներով իրական աշխատավարձը 2006թ.-ի 62,293 դրամի փոխարեն 2017-ին կազմել է ընդամենը 68,843 դրամ, իսկ իրական կենսաթոշակը 2006թ․-ի 10,912 դրամի փոխարեն 2017-ին կազմել է ընդամենը 15,063 դրամ։ Այլ կերպ ասած, աշխաատավարձի և կենսաթոշակի եռապատկվելու մասին խոսք անգամ լինել չի կարող։

Հինգերորդ՝ ըստ ՀՀԿ հայտարարության, 2006թ.-ին ֆիզիկական անձանց ավանդները կազմել են 143 մլրդ դրամ, իսկ 2017թ.-ին ավանդների ծավալը աճել է ավելի քան 10 անգամ՝ կազմելով 1553 մլրդ դրամ: ՀՀԿ հայտարարության մեջ չի նշվում սակայն, որ ֆիզիկական անձանց ավանդների գերակշիռ մասը արտարժույթային ավանդներ են, և փաստագրված աճի վրա զգալի ազդեցություն է ունեցել դրամի փոխարժեքի փոփոխությունը։ Այս ցուցանիշները կարող էին տպավորիչ համարվել, եթե զուգակցվեին աղքատության նվազեցմամբ։ Այնինչ 2006թ., ըստ պաշտոնական վիճակագրության, աղքատ է համարվել Հայաստանի բնակչության 30.2%-ը, իսկ 2016թ.-ին՝ 29.4%-ը։ Մի շարք փորձագետների գնահատմամբ, այս ցուցանիշները իրականում զգալիորեն ավելի բարձր են։

Կորյուն Աչոյան

Աղբյուրը՝ fip.am