«Հենա՝ կյանքներս թատրոն ա, էլի, էլ ի՛նչ անվճար տոմս-մոմս…»․ թոշակառուները՝ սոցապ և մշակույթի նախարարությունների նոր նախաձեռնության մասին

21-11-2018
512 դիտում
«Հենա՝ կյանքներս թատրոն ա, էլի, էլ ի՛նչ անվճար տոմս-մոմս…»․ թոշակառուները՝ սոցապ և մշակույթի նախարարությունների նոր նախաձեռնության մասին

Մշակույթի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների նոր նախաձեռնությունը, որի շրջանակներում ամեն ամիս 2000 թոշակառուների հնարավորություն կընձեռվի անվճար այցելել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահներ ու թատրոններ, իրենք`տարեցները չեն ողջունում, պատճառաբանելով, որ կգերադասեին դրա փոխարեն ավելացված կենսաթոշակները։

«Լսել եմ, հա, բայց ես ո՞տ ունեմ, որ էթամ-հասնեմ օպերա կամ թատրոն, կամ ո՞վ ինձ գյուղից պետք ա տանի-հասցնի, հենա նստած իմ համար տանը սերիալներ նայելով յոլա եմ գնում, էլի։ Երեք վիրահատություն եմ տարել, օրը չորս հատ դեղ եմ խմում, ավելի լա՞վ չէր մի բանով օգնեին, էդ դեղերի հոգսը թեթևանար իմ նմանների վրայից, թե չէ ինձ պե՞տք ա էդ համերգը»,- ասում է Արմավիր մարզի Ջրառատ գյուղում ապրող 83-ամյա Նունուֆար Սարգսյանը, ով ապրում է մենակ։

Նա ստանում է 49 հազար դրամ կենսաթոշակ և նշում է, որ եթե չլինի իր վեց երեխաների օգնությունը, ապա այդ թոշակի ուղիղ կեսը պետք է տա դեղերին։

«էլ չեմ ասում, լույսի, ուտելիքի փողը, հենա՝ կյանքներս թատրոն ա, էլի, էլ ի՛նչ անվճար տոմս-մոմս…»,- ասում է Սարգսյանը։

Նախաձեռնության շրջանակում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող համերգասրահների ու թատրոնների տնօրինության հետ, որ պետության կողմից աջակցություն ունեցող ցանկացած միջոցառման տոմսերի որոշ մասը պետք է տրամադրվի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բացառապես թոշակառուների համար։

«Այս պահին ֆիքսված թվաքանակ չկա, բայց այն կկազմի դահլիճում նստելատեղերի 2,5 տոկոսից մինչև 20 տոկոսը։ Տարվա կտրվածքով յուրաքանչյուր ամիս առնվազն 2 հազար թոշակառու կկարողանա այցելել թատրոն կամ համերգասրահ»,-լրագրողների հետ հանդիպմանը ասել է մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։

Տոմսերը հատկացվելու են համերգասրահների ու թատրոնների կողմից։ Տոմսի վրա մի քանի լեզվով նշվելու է, որ այն վաճառքի ենթակա չէ, եթե թոշակառուները որոշեն տոմսը փոխանցել երեխաներին կամ թոռներին, այն պարզապես հսկիչների կողմից չի ընդունվի։

Մշակութային տվյալ միջոցառումից առնվազն երեք օր առաջ ընտրանքային կարգով կապ է հաստատվելու թոշակառուների հետ և տեղեկացվելու նման հնարավորության մասին։ Ամեն անգամ ներգրավվելու են տարբեր քաղաքացիներ, ովքեր կենսաթոշակի վկայականով մոտենալու են և վերցնեն իրենց տոմսերը։

«Մենք պատրաստվում ենք մեր հնարավորությունների սահմաններում իրենց կյանքը փոքր-ինչ ավելի հետաքրքիր դարձնել»,- ասել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը։

Երևանում բնակվող 72- ամյա Անահիտ Հարությունյանն էլ ասում է, որ ողջունում է կառավարության նոր նախաձեռնությունը և դժգոհում, որ մինչև հիմա որևէ զանգ չի ստացել։

«Շատ ենք քննարկում այս թեման թոշակառուներով, ես համամիտ եմ շատերի հետ, ովքեր նշում են, որ ավելի լավ էր թոշակը ավելանար, բայց, կարծում եմ՝ էդ 2 հազար դրամը, որի դիմաց առաջարկում են գնալ համերգ կամ թատրոն, եղանակ չէր փոխելու մեր կյանքում, չնայած կան մարդիկ, ում համար էդ 2 հազար դրամը խիստ մեծ գումար է։ Ամեն դեպքում ես սպասում եմ, թե ե՛րբ ինձ կզանգահարեն ու կառաջարկեն, սիրով կգնամ, հակառակ դեպքում ամեն ամիս մի 3 հազար դրամ ծախսում եմ մշակութային որևէ միջոցառման հաճախելու համար»,- ասում է Հարությունյանը, ով ստանում է 37 հազար դրամ կենսաթոշակ։

Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում բնակվող 81-ամյա Թագուհի Համբարձումյանն էլ, ով ունի երեք երեխաներ, բայց ապրում է միայնակ, թերահավատորեն է վերաբերվում նման նախաձեռնությանը։

«Էս ձմեռով ես Երևան հասնո՞ղ եմ կամ հավե՞ս ունեմ։ Երևանցիներն էս առումով ավելի բարվոք վիճակում են, իրանց մոտ է, հեշտ կլինի գնալ-գալը։ Մի հոգի էլ պետք ա, որ տանի-բերի։ Ավելի լավ էր ավել գումարը տային, դեղերս ռիսկով առնեի։ Ամիսը 15 հազարի դեղ եմ առնում, էն դեպքում, երբ թոշակս 32 հազար դրամ ա, էրեխեքս դրսից փող չուղարկեն`կորած եմ։ Թե չէ՝ համերգ, թատրոն…»- դժգոհում է Թագուհի Համբարձումյանը։

Անդրադառնալով թոշակառուների առողջապահական խնդիրներին, որը նրանք այսօր առավել առաջնային ու կարևոր են համարում, քան մշակութային միջոցառումներին մասնակցելը, Մանե Թանդիլյանը նշել էր, որ կիսում է նրանց մտահոգությունը և, իր պատկերացմամբ՝ խնդիրը լուծելու լավագույն տարբերակը տեսնում է թոշակառուների բժշկական ապահովագրության մեջ, ինչի ուղղությամբ էլ մտածում է։

Երևանում բնակվող 67-ամյա թոշակառու Մարիետա Հայրապետյանն էլ չի վստահում նախարարության կողմից առաջարկվող տոմսերին և նախընտրում է իր գումարով գնել։

«Կարծում եմ՝ էն չվաճառված, վատ տեղերը բերելու են մեզ տան, ինձ պե՞տք ա, ավելի լավ ա՝ ես իմ նախընտրած տեղը գնամ ու գնեմ։ Լավ բանը ձրի չի լինում»,- ասում է նա։

Գայանե Մկրտչյան

Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

MediaLab.am