Եկեղեցուն հանկարծ չհարկեք․  էշից «Բրաբուս» լոկ մեկ քայլ է

21-11-2018
2973 դիտում
Եկեղեցուն հանկարծ չհարկեք․  էշից «Բրաբուս» լոկ մեկ քայլ է

Հանրային ռադիոն դեռևս նոյեմբերի 16-ին հաղորդել էր, որ ՊԵԿ-ը մասնավոր տրանսֆերտների հարկման մեխանիզմի գաղափար է շրջանառության մեջ դրել, ըստ որի՝ եթե արտերկրից քաղաքացին եկամուտ է ստանում, ապա պարտավոր է այն հայտարարագրել ու դրա 23 տոկոսը՝ որպես եկամտային հարկ, վճարել պետությանը: 

Այս լուրը մեկնաբանվեց հակասությունների մի ամբողջ կծիկով: Պետական պաշտոնյաները, իրար հերթ չտալով, սկսեցին արտահայտվել խնդրի շուրջ՝ ավելի խորացնելով թեման: Սրան գումարվեց նաև լուրն այն մասին, որ, հնարավոր է՝ բոլոր քաղաքացիները հայտարարագրեն իրենց եկամուտները: Հիշեցնեմ՝ բոլոր քաղաքացիները՝ 18-65 տարեկան:

Կառավարությունից մեզ շտապեցին սփոփել, թե առանց հանրային լայն քննարկման ու համաձայնության հարկային բեռի բարձրացում չի լինելու: Իմ շրջապատում ես չեմ ճանաչում մեկին, որի հետ կարելի է առանց հայհոյանքի քննարկել հարկային բեռի բարձրացումը: Սակայն այս խոսակցությունները թողնենք ապագային ու անցնենք բուն թեմային:

Ես չգիտեմ ավելի շահավետ բիզնես (թմրամիջոցների, մարդկանց առևտրի և զենքի շուկաները չեմ ուսումնասիրել), քան մոմի վաճառքն է: Ամենաճոխ հաշվարկներով՝ եկեղեցում վաճառվող 60 դրամանոց մոմի ինքնարժեքը 6 դրամ է: Ավելին, նույն չափի պարսկական մոմեր՝ մեծ քանակով, կարելի է գնել անգամ 6 դրամից էժան: Բայց դա օրհնված չէ: Այո՛, օրհնված չէ, պիղծ մոմ է: Դրան չի կպել հայ հոգևորականի սրբազան աջը: Իսկ եթե չի կպել, ուրեմն բոլոր բանական քննարկումներն այստեղ անիմաստ են:

Մեկին՝ տասը: Պատկերացնո՞ւմ եք ի՛նչ թվի մասին է խոսքը: Ես անգամ սարսռում եմ հաշվել, թե Հայաստանում քանի եկեղեցի կա, ու միջինը քանի մոմ է ծախվում: Իսկ փորձե՞լ եք եկեղեցուց ստանալ այդ տվյալները:

Երբե՛ք չփորձեք:

Դրանով դուք կխառնվեք երկնքի գործերին: Իսկ եթե շատ պնդեք, ապա մեր հոգևորականները սրտաճմլիկ կպատմեն, որ այդ մոմերից ստացված վաճառքի գումարներն ուղղվում են եկեղեցու սպասավորների նվազագույն պահանջների բավարարմանը:

Խեղճ լինենք մենք ազգովի:

Լյուքս դասի մեքենաները նվազագույն պահանջների բավարարում են: Դրանք ժուժկալության և քրիստոնեաբարո կենսաձևի լավագույն առհավատչյան են: Այլ կերպ չի կարող լինել:

Չէ՞ որ էշից «Բրաբուս» լոկ մեկ քայլ է:

Սակայն սա դեռ ամենը չէ: Ես համաձայն եմ, որ 18-65 տարեկան բոլոր քաղաքացիների եկամուտները հայտարարագրվեն: Բայց դա պետք է արվի միջնադարյան նվաճողների սկզբունքով:

Թելով օղակ ենք անում, ու մարդու գլուխն անցնում այդ օղակով: Եթե չանցավ՝ ուրեմն չափահաս է: Ու անխտիր բոլորինը: Մտքներովդ չանցնի ՀՀ քաղաքացիներ հանդիսացող հոգևորականության դասը նորից դուրս դնել՝ սրբազան կնիքի խուսանավումով:

Թող հայտարարագրեն կնունքի ծեսից ստացած 20 000-ը, ամեն ներկա ազգականից վերցրած 5000-ը, պսակադրության 40 000-ը, թաղման ծեսի 40 000-ը:

Լավ բիզնես է, չէ՞, մեռյալ սեզոններ չեն լինում: Եթե կարծում եք, թե սրանով եկեղեցու եկամուտները սահմանափակվում են, ապա չարաչար սխալվում եք:

Հայաստան մտնող ապրանքները, որոնք ձևակերպվում են եկեղեցու կարիքի համար, չեն մաքսազերծվում, որևէ հարկման չեն ենթարկվում ու շատ դեպքերում չեն էլ ստուգվում: Իսկ համոզվա՞ծ եք, որ դրանք հատկապես այն ապրանքներն են, որոնք անհրաժեշտ են եկեղեցուն: Ես համոզված չեմ:

Եկեղեցին գույքահարկ վճարո՞ւմ է:

Չի վճարում, հարգելինե՛րս:

Բայց փոխարենն ունի վարձով տրված տարածքներ, որոնց համար գումարներ է ստանում: Դրանք նույնպես չեն հարկվում: Չփորձեք անգամ իմանալ, թե ի՞նչ եկամուտներ են ստանում այդ տարածքներից: Միայն շշնջացեք՝ դրանք խեղճ հոգևորականների նվազագույն կարիքների համար են:

Հայաստանում աղքատությունը հասնում է 70 տոկոսի սահմանին: Սա ես չեմ ասում, միջազգային չափանիշներով է այդպես:

Սրան զուգահեռ 1991թ.-ից ցայսօր կառուցվել են շուրջ երկու հարյուր նոր եկեղեցիներ: Հիրավի, գտել ենք փրկության ուղին: Ու սա այն դեպքում, երբ Գյումրիում դեռ տնակներում ապրողներ կան, որոնք ամեն օր պայքարում են առնետների դեմ՝ չկրծոտվելու տարրական բնազդով:

Ոգու սով ենք բավարարում:

Ժողովրդական լեզվով ասած՝ բոլորս էլ տուն ենք պահում: Միջին վիճակագրական հարկատուն էլ, հոգևորականն էլ: Բայց մենք վճարում ենք, իսկ ինքը՝ ոչ:

Ինչո՞ւ:

Աստծունը՝ Աստծուն, Կեսարինը՝ Կեսարին սկզբունքը տարածվում է միայն շարքային մահկանացուներիս վրա: Ու նզովյալ կլինենք մենք, եթե խառնվենք սուրբ գործերին: Մենք վճարում ենք, որ բանակ ունենանք, հրշեջ, բժիշկ և այլն: Իսկ բանակը վեղարավորին չի՞ պաշտպանում, հրշեջը եկեղեցու հրդեհը չի՞ հանգցնում, բժիշկը չի՞ բուժում: Եթե ոչ, ապա հրդեհի ու հիվանդության դեպքում միայն կաղոթեք, իմ տված հարկերի հաշվին չօգտվեք: Կամ՝ վճարեք ու օգտվեք հավասարաչափ:

Իշխանություններին կարող եմ առաջարկել հօգուտ եկեղեցու ավելացնել տասանորդը: Հայ գյուղացին իրեն լիովին օրհնված կարող է զգալ, երբ իր բերքի 1/10-ը տա եկեղեցուն: Իսկ հանուն պետության կարելի է վերականգնել կոռը, բեգյարը, գլխահարկը, ջինսը, պտղին: Կարելի է հարկեր դնել բացօթյա քարափների ու արտաքնոցների վրա:

Հ. Գ. Կիլիկիայում իշխողները բավականին ազնիվ էին բնակիչների նկատմամբ: Նրանց մի մասը բաժանված էր հետևյալ խմբերի՝ հարկատուք, տառապեալք, կարոտեալք, հնազանդք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am