ՀՀԿ. «Մտահոգների» վերջին ապաստարան տանող ճամփան

23-11-2018
2664 դիտում
ՀՀԿ. «Մտահոգների» վերջին ապաստարան տանող ճամփան

Նախկինում նրանք ամբողջ Հայաստանն էին, չէին հարցնում՝ ուզո՞ւմ ենք, թե՞ ոչ, ընտրությունների էին գնում՝ «Քե՛զ համար, Հայաստա՛ն» կարգախոսով: Կարծես ամերիկյան մի բարեգործական հիմնարկ էին, որոնք մեզ համար ողորմություն էին հավաքել և բերել, տեղ էին հասցրել: Եվ հաղթում էին: Առանց ընտրության: Որովհետև էս կարգախոսը պայքար չէր ենթադրում, ենթադրում էր խոնարհություն: Այսինքն՝ տղա՛ ջան, մենք քեզ համար, դո՞ւ ո՛ւմ համար: Եվ վե՛րջ:

Հաջորդ տարի՝ 2008-ին, նրանք ընտրության գնացին «Առա՛ջ, Հայաստա՛ն» կարգախոսով: Կարծես թե մի ամբողջ ժողովուրդ առաջ գնալու ձևն ու բովանդակությունը չգիտեր, նրանց էր սպասում: Կարծես թե հովիվ էին մեր գլխին, որը գիտի, թե ո՛ւր է տանում կամակոր հոտը: Հենց այս հովվությունն էլ այս մարդկանց թույլ տվեց կրակել ընտրողների վրա, որովհետև ո՞վ է լսել, որ «ոչխարը» չենթարկվի տիրոջը: Ուրեմն՝ մորթել: Շշմելի ավարաներ էին, ինչ ուզում, ոնց ուզում, անում էին: Քրեական գործեր էին կոծկում կամ կեղծում, մարդ էին բռնում, նստեցնում, տնտեսական ցուցանիշներ էին նկարում, մնում էր՝ անձամբ իրենցից խուճապահար ժողովրդին ուղեկցեն օդանավակայան: Եվ դեռ գուշակի անպատասխանատվությամբ հայտարարում էին՝ առաջիկա տարիներին իշխանության գալու ուղին անցնում է Մելիք-Ադամյանով: Հայաստանի մեջ այս մարդկանց օրոք Հայաստան գտնել հնարավոր չէր:

Եվ ահա 2012-ին հռչակեցին՝ «Հավատանք, որ փոխվենք»: Հասկանո՞ւմ եք՝ իրենք չեն փոխվում, ուզում են, որ մենք փոխվենք՝ սկսենք հավատալ իրենց: Ազնիվ հոգիներ էին, խոսք չկա: Եվ էդ ընթացքում մի ամբողջ ազգի հավատացնում էին, որ գնում են ԵՄ: Հաջորդ տարի մի գիշերում երեք մատի կոմբինացիա ցույց տվեցին ազգին և պետությունը քշեցին Մաքսային միություն (չքննարկենք արածի ճիշտն ու սխալը, էականն այն է, որ այլ բան էին հավատացնում):

Հաջորդ տարի մտածեցին մի կարգախոս, որից ենթադրելի էր, որ արտագաղթը կանգնեցվել է, կոռուպցիան՝ վերացվել, ընտրությունները չեն կեղծվում, ու մեզ ոչինչ չի խանգարում գնալ «Դեպի ապահով Հայաստան»: Սա արդեն ցինիկ էր: Կարգախոս ոչ մի տեղից. սա մի Հայաստանի մասին էր, որի ոտքի տակ հող չկար: Ո՞վ էր կասկածում, որ այդպիսի Հայաստան լինել չի կարող, որ Հայաստանն ինքն է դեմ լինել ապահով, ինչ է թե ինչ-որ մարդիկ «չգիտեն» իշխանությունից հեռանալու ճամփան: Մարդիկ ասել էին՝ «Դեպի ապահով Հայաստան» ու մեզ քշում էին ընտրատեղամասեր:

Հետո՝ 2017-ին մեջտեղ գցեցին ամենասարսափելի կարգախոսը՝ «Անվտանգություն և առաջընթաց»: Մեկ տարի առաջ էր ավարտվել ապրիլյան պատերազմը իր 110 զոհով ու 800 հեկտար կորցրած տարածքով: Այսինքն՝ «Դեպի ապահով Հայաստան»-ի և «Անվտանգություն և առաջընթաց»-ի միջև ընկած էր ահա այս վիճակագրությունը:

Այսինքն՝ չորս գիշերվա ընթացքում 110 մայր զրկվեց որդուց ՀՀԿ իշխանության օրոք, և այդու ՀՀԿ-ն անվտանգությամբ գնում է հերթական հաղթանակի: Եվ հաղթեց, եթե հիշենք, Փաշինյանն ինքն էր ասում, թե  դրսում ինչ ասես աել են, ընտրակաշառք են բաժանել, ճնշել են ընտրողներին, բայց ընտրատեղամասերում ոչ մի խախտում չի եղել:

Էլ ոչ մի խնդիր չուներ ՀՀԿ-ն:

Մելիք- Ադամյան 10-ն արդեն կուսակցության գրասենյակ չէր, այլ՝ Օլիմպոս: Բայց արդեն պարզ էր, որ բոլոր այդ կարգախոսները գրվել էին ավազի վրա: Որովհետև հաջորդ տարի հեղափոխությունն ուղղակի մաքրեց դրանք: Օլիմպոսը վերացավ:

Այսօր ՀՀԿ-ն ներկայանում է ուղղակի չքմեղության մի գլուխգործոցով՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»:

Թաքուն ակնարկ է՝ եթե «աբիժնիկ» ես: Մյուս կողմից՝ տեսեք, թե ի՛նչ են ասում, մենք զզված էինք, ուզում էինք օր առաջ գնային նրանք: Հիմա իրենք գիտեն, որ էդ զզվանքը չկա, որ շատ-շատ մտահոգ լինենք ՔՊ-ի որոշ մեծամոլությունից, հետևաբար ՀՀԿ-ի «պոտենցիալ կլիենտն» ենք: Եվ իրենք այնքան բարեփոխված են, որ հերիք չէ այլևս զզվելի չեն, դեռ կարող են իրենց վրա վերցնել մեր մտահոգությունը:

Սա ագրեսիա է մտահոգության հանդեպ:

Այլ բաներ են ինձ մտահոգում՝ թե ինչո՛ւ է Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ, Գագիկ Հարությունյանը՝ ԲԴԽ նախագահ, Տիգրան Մուկուչյանը՝ ԿԸՀ նախագահ: Բոլոր երեքն էլ՝ ՀՀԿ-ի բերած-չտարած: Մտահոգ եմ, բայց ՔՊ-ն նրանցով զբաղվել չի կարող, իսկ ՀՀԿ-ն չի էլ փորձի: Եվ, ընդհանրապես, քաղաքականության մեջ ինձ կարող են մտահոգել եկողները, գնացողները՝ երբեք:

Մհեր Արշակյան

MediaLab.am