Կարճ ու երկար, ազդեցիկ ու անիմաստ, մտահոգիչ ու հուսադրող. քաղտեխնոլոգը՝ կարգախոսերի եւ ուղերձների մասին

23-11-2018
682 դիտում
Կարճ ու երկար, ազդեցիկ ու անիմաստ, մտահոգիչ ու հուսադրող. քաղտեխնոլոգը՝ կարգախոսերի եւ ուղերձների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը:

- Պարո՛ն Բադալյան, ՀՀԿ-ն հրապարակել է իր նախընտրական կարգախոսը՝ «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին», ինչպե՞ս եք գնահատում այս կարգախոսը:

- Այս կարգախոսից արդեն ակնհայտ է մի բան, որ ՀՀԿ-ն փորձում է իր նախընտրական կամպանիան կառուցել ըստ իր մարտավարության, այն է՝ վերածել նախընտրական կամպանիան սևի և սպիտակի: Այսինքն՝ եթե կողմ ես իշխող քաղաքական ուժին, բնականաբար, քո ձայնը տալու ես «Իմ քայլը» դաշինքին, եթե դեմ ես իշխող քաղաքական ուժին կամ ունես մտահոգություն իշխող քաղաքական ուժի կողմից իրականացվող արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ, քվեարկի՛ր ՀՀԿ-ին:

Այսինքն՝ այս պահին դա իրենց ձեռնտու է: Սա քաղաքական տեխնոլոգիայի մեջ ընդունված հակաքայլի ռազմավարություն է, որը որոշ դեպքերում աշխատում է և իր արդյունքը տալիս է, որովհետև նախընտրական կամպանիայի ժամանակ դու օգտագործում ես: Դա չի նշանակում, որ 100 տոկոսանոց հաջողություն կբերի, բայց դրա գրագետ օգտագործումը Հանրապետականին հնարավոր է՝ հաջողություն բերի: Ուղղակի դա բավական բարդ ռազմավարություն է, որովհետև միայն քաղաքական բովանդակությունը և կարգախոսը չեն, որ այստեղ կարևոր դեր ունեն:

Այդտեղ կա նաև տվյալ ուժի հարաբերությունը ընտրությանը մասնակցող այլ ուժերի նկատմամբ: Եվ եթե ինքը կարողանա ճիշտ օգտագործել այդ հարաբերությունը այլ ուժերի նկատմամբ և քաղաքական բովանդակությունը ճիշտ իրականացնել, այդ երկու գործոնների համադրումը հնարավոր է՝ նրան հաջողություն բերի: Իհարկե, այստեղ ամեն ինչ կախված է նաև մյուս ուժերի կողմից նախընտրական կամպանիայի ժամանակ իրականացվելիք քաղաքական բովանդակությունից կամ նախընտրական կամպանիայից, որովհետև այս ընտրական կամպանիայի ժամանակ ընտրակաշառքը դերակատարություն չի ունենալու:

Իհարկե հնարավոր է թեկնածուները որոշ տեղերում փորձեն ոչ օրինական ճանապարհներով ինչ-որ ձայներ ապահովել, բայց դա էական դերակատարություն չի ունենալու: Հետևաբար, էական դերակատարություն է ունենալու քաղաքական ուժի կողմից ներկայացվող նախընտրական ռազմավարությունը, և ՀՀԿ-ն այս պահի դրությամբ սկսել է այդ ռազմավարությունն աշխատեցնել:

- Օրերս հրապարակվեց նաև «Իմ քայլը» դաշինքի կարգախոսը, այն է՝ «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»: Արդյոք սա ճի՞շտ ընտրված կարգախոս է՝ հատկապես հաշվի առնելով այն, որ նախքան այդ տեղեկություն կար, թե «Նիկոլ՝ վարչապետ» կարգախոսն են ընտրելու:

- Նախ՝ չի կարելի կարգախոսի հարցում հենվել հասարակության կողմից քննադատվելու կամ չքննադատվելու հանգամանքի վրա: Կարգախոսը սիրուն բառերի միություն չէ, որոշակի տրամաբանություն ունեցող, որոշակի սկզբունքներով ձևավորված միտք է, և եթե դու տեսնում ես, որ այդ միտքը քեզ հաջողություն կբերի, անկախ նրանից՝ քննադատում են, թե ոչ, դու դա պետք է օգտագործես:

Ինչ վերաբերում է բուն կարգախոսին, ճիշտն ասած, այն այնքան երկար է, որ դժվար է մտապահել: Պետք է այնպիսի կարգախոս ընտրել, որ հասկանալի, հիշվող լինի և ամենակարևորը՝ քո քաղաքական բովանդակության համառոտ միտքն արտահայտի: Գեղեցիկ բառերով չէ, որ կարգախոս են ընտրում: «Իմ քայլը» դաշինքի կարգախոսի նախկին տարբերակը, որը շրջանառվեց՝ «Նիկոլ՝ վարչապետ», ավելի հասկանալի էր և ավելի արդյունավետ կարող էր լինել, քան նորը, որը մոռացվում է:

«Նիկոլ՝ վարչապետը» հասկանալի էր, թե ի՛նչ է նշանակում: Դա նշանակում էր, որ «Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը կառուցում էր նախագահական ընտրարշավի սկզբունքից ելնելով, այսինքն՝ մեր թեկնածուն սա է, մենք էլ իր թիմակիցներն ենք: Իսկ այս դեպքում կարող ենք ասել, որ «Իմ քայլի» կարգախոսն ուղղակի չի աշխատելու: Դա ուղղակի կհրապարակվի թռուցիկների ու պաստառների վրա, մարդիկ կկարդան ու կմոռանան:

- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին երթ է կազմակերպելու: Ձեր կարծիքով՝ ի՞նչ խնդիր է լուծում նա այդ երթով:

- Նախ՝ շատ են հարցնում՝ դա վարչական ռեսուրսի չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ: Կարող ենք ասել, որ ինչպես դա, այնպես էլ վարչապետի կողմից տարբեր համայնքներ գնալը և այնտեղ ելույթ ունենալը վարչական ռեսուրսի չարաշահում չէ: Վարչական ռեսուրսի չարաշահում կլինի միայն այն դեպքում, եթե նա համայնքներ գնար, մենք իմանայինք, որ անձամբ մարզպետներին հրահանգել է, որ նրանք իրենց ենթակայությամբ գործող հիմնարկ-ձեռնարկությունների կամ կազմակերպությունների աշխատակիցներին պարտադիր իրենց վարչական ռեսուրսով բերեն հանդիպման: Եթե այդպիսի փաստեր կան, ապա ընդդիմադիր ուժերը պարտավոր են դրանց մասին բարձրաձայնել և համապատասխան իրավական գործընթաց սկսել:

Երկրորդ՝ ոչ մի օրենք չի արգելում վարչապետին գնալ համայնքներ և այնտեղ ելույթներ ունենալ: Շատ դժվար է սահմանազատել այն գիծը, որը վարչապետին այս շրջանում բաժանում է քաղաքական ուժի ղեկավարի պաշտոնից: Յուրաքանչյուր երկրում վարչապետն իրավունք ունի գնալ համայնքներ և իր թիմակիցների հետ հանդիպել, ինչպես նաև հաշվետվություն ներկայացնել տվյալ համայնքի բնակիչներին: Իսկ վարչապետն ինքն է որոշում հաշվետվությունն ինչպե՛ս ներկայացնել, միգուցե նա ասում է, թե ի՛նչ է արել, միգուցե ասում է, թե ինչե՛ր պետք է անի, դա նույնպես հաշվետվության մաս կարելի է դիտարկել: Ի դեպ, մեր Ընտրական օրենսգրքով խիստ գրված է, որ քարոզարշավը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 7-ն է: Ահա այս օրենքի խախտումը միայն այդ հատվածում կարող ենք դիտարկել, դրանից առաջ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի ցանկացած համայնքում, հրապարակում հանրահավաք, ցույց ու երթ անել, դահլիճներ վարձել:

Ինչ վերաբերում է երթին, ապա նույն տրամաբանությունը գործում է նաև երթի դեպքում: Վարչապետը, լինելով քաղաքական գործիչ, իրավունք ունի իր կողմնակիցների հետ շաբաթ օրը Երևանի ցանկացած փողոցում քայլելու:

- Ի՞նչ հարց է նա ուզում այս երթով լուծել:

- Ցանկացած հարց նա այդ երթով կարող է լուծել: Միգուցե վարչապետը ցանկանում է իմանալ, թե այս ընթացքում ի՛նչ հեղինակություն ունի, ովքե՛ր իրեն կմիանան, քաղաքացիները կմոտենա՞ն իրեն փողոցում, ի՞նչ հարցերով կդիմեն: Միգուցե նա ուզում է տեսնել՝ ինչպիսի՛ն է Երևանի վիճակը նոր քաղաքապետի ընտրությունից հետո, փոփոխություններ կա՞ն, թե՞ ոչ: Վարչապետը կարող է բերել բազմաթիվ պատճառներ, թե ինչո՛ւ է այդ երթն անում, ինչը, կրկնում եմ, օրենքի խախտում չէ, վարչապետը դրա իրավունքն ամբողջովին ունի: Եվ շատ տարօրինակ է, որ քաղաքական ուժերը, որոնք չեն օգտվում վարչապետի կողմից իրականում թույլ տված սխալներից, սկսում են քննադատել որոշ քայլեր, որոնք ընդհանրապես քննադատության ենթակա չեն: Շատ ավելի լուրջ քննադատության առիթներ կան, որոնք ուշադրության չեն արժանանում քաղաքական ուժերի կողմից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am