«Նիկոլ Փաշինյանը չպետք է իրեն ընդդիմություն դիտարկի ՀՀԿ-ին, քանի որ ուժեղ մրցակից ընտրելը ուժեղացնում է, իսկ թույլը՝ թուլացնում». քաղաքագետ

26-11-2018
1192 դիտում
«Նիկոլ Փաշինյանը չպետք է իրեն ընդդիմություն դիտարկի ՀՀԿ-ին, քանի որ ուժեղ մրցակից ընտրելը ուժեղացնում է, իսկ թույլը՝ թուլացնում». քաղաքագետ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է քաղաքական դաշտում տեղի ունեցող վերադասավորումներին: Հարցին, որ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրեն ընդդիմություն հռչակած ՀՀԿ-ն կարծես «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի համար ձեռնտու ընդդիմություն է՝ հաշվի առնելով այն, որ ՀՀԿ-ի հայտարարությունները հանրության կողմից քննադատվում են, Սաֆարյանը պատասխանեց՝ ցավոք, այդպես է:

«Օբյեկտիվորեն այդպես է, ես խորհուրդ կտայի, որ Նիկոլ Փաշինյանն իրեն ընդդիմություն չդիտարկեր ՀՀԿ-ին: Ուժեղ մրցակից ընտրելը նաև ուժեղացնում է քեզ, ուզես թե չուզես: Թույլ մրցակից ընտրելը կամա թե ակամա քեզ թուլացնում է»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը կարող է կարճաժամկետ հատվածի համար որպես հիմնական ախոյան ընտրել ՀՀԿ-ին, դա կարող է կարճաժամկետ կտրվածքով ինչ-որ օգուտ բերել, բայց երկարաժամկետ կտրվածքով լավագույն ընտրություն չէ:

Սաֆարյանն ասում է, որ ՀՀԿ-ն բավական խոցելի է, դեռևս իշխանությունից հեռացող քաղաքական ուժ է, վերջին ակորդն է հանձնում: Եվ այս տեսանկյունից, նրա խոսքով, այդ ուժը խոցելի է, նրան հեշտ է լռեցնել, հիշեցնել անցյալը, բայց անընդհատ անցյալի հետ կռիվ տալով, հաստատապես ապագան չես ուրվագծում:

Վերլուծաբանը նաև նշում է, որ, բարեբախտաբար, տեսանելի չէ, թե Նիկոլ Փաշինյանը շատ է ծանրանում ՀՀԿ-ի վրա՝ որպես ընդդիմադիր ու մրցակից ուժի: «Միգուցե իր թիմակիցներն արձագանքում են, բայց Նիկոլ Փաշինյանն այնպես չէ, որ շատ է ծանրանում ՀՀԿ-ի վրա: Ես կուզենամ, որ այս բավական անցանկալի ընտրակարգի դեպքում գոնե բանավեճը լինի Հայաստանի ապագայի մասին: Հետևաբար, չէի ուզենա, որ վարչապետը ներքաշվեր անցյալի ճիշտ ու սխալի բանավեճի մեջ, որովհետև դա հաստատապես հինգ տարվա ապագայի մասին չի լինի»,- ասում է նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ականների հայտարարություններին, թե իրենք են միակ ընդդիմությունը, մնացածը «գրպանային» ընդդիմություն են, Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ նորմալ չէ, երբ 10 տարուց ավելի իշխանության մեջ եղած ուժը միակ ընդդիմության կռիվ է տալիս: «Եթե նկատի ունեն, որ իրենցից բացի ոչ ոք հեղափոխությանը դեմ չէ, ապա այդտեղ իրենք հաստատ չեն շահում, որովհետև հասարակությունն իսկապես երկար է սպասել հեղափոխությանը: Իսկ եթե նրանց ակնարկը վերաբերում է ծրագրային մասին, ապա հաստատապես իրենց ծրագիրը լավագույնը չէ, որովհետև հասարակությունը 10 տարի դա տեսել է, և դա այլընտրանք չի կարող համարվել: Ի վերջո, հենց այդ քաղաքականության դեմ է սկսվել «մերժիր» շարժումը: Այնպես չի եղել, որ մերժվել է միայն Սերժ Սարգսյանը, նա եղել է հենց այդ քաղաքականության մարմնավորողը»,- ասում է քաղաքագետը: ՀՀԿ-ն, նրա խոսքով, մեծ ընտրության հնարավորություն չունի, շատ ժամանակ չի անցել, որպեսզի իրենք գործող իշխանությունների սայթաքումների ու վրիպումների վրա փորձեն համեմատվել: Ոչ էլ կարող են փոխել իրենց քաղաքական պլատֆորմը, հրաժարվել իրենց նախկին քաղաքական գծից և ներկայանալ նոր գծով: «Այս կտրվածքով ես կասեմ, որ ուղղակի նախընտրական հնարք է նրանց հայտարարությունը, թե իրենք միակ ընդդիմությունն են, փորձելով դրանով ինչ-որ ընտրազանգված հավաքել»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:

Վերլուծաբանի խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերի թվում կան ուժեր, որոնք տարբեր հարցերով կարող են ընդդիմություն լինել Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքին: Նրա խոսքով՝ ազգային հարցերով, օրինակ, «Սասնա ծռեր» կուսակցությունը բավական մաքսիմալիստական դիրքորոշում է որդեգրել: «Լավ է, թե վատ՝ սա այլ քննարկման հարց է, բայց փորձում են իրենց տարբերությունները շեշտել: Իրենք հանդես են գալիս այն թեզով, որ Նիկոլ Փաշինյանն ընդհանուր առմամբ փափուկ ուժ է, ոչ միայն ՀՀԿ-ին ներելու և պատասխանատվության չենթարկելու առումով, այլ նաև արտաքին քաղաքական ճակատում: Միշտ ակնարկում են, որ իրենք անհրաժեշտ են խորհրդարանում, որովհետև ավելի անզիջում են: Երբ իրենք ակնարկում են, որ Նիկոլ Փաշինյանը խիստ չի պատժում նախկին իշխանություններին, կրկին ակնարկում են իրենց անզիջում բնույթը: Այս առումով, իհարկե, նրանք են դիրքավորվում: Սոցիալ-դեմոկրատական նոր կուսակցությունը՝ «Քաղաքացու որոշումը», փորձում է առանձնանալ աջ լիբերալիզմին հակառակ դաշտում, որ Հայաստանի ներքին քաղաքականության վեկտորը պետք է ավելի ձախական լինի, և իշխանությունների մոտ պետք է մեծանա սոցիալական պատասխանատվությունը»,- նկատում է Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստանին», Ստյոպա Սաֆարյանի խոսքով, նրանք այն դաշտում են, որում «Իմ քայլը» դաշինքն է, առանձնապես շատ չեն տարբերվում ծրագրային առումով: Բայց, ըստ վերլուծաբանի, փորձելու են այս անգամ էլ իրենց թիմի պրոֆեսիոնալիզմով տարբերվել, իսկ թե որքանով դա կստացվի, ժամանակը ցույց կտա:

Անդրադառնալով ԲՀԿ-ին՝ Սաֆարյանն ասում է, որ այդ ուժի դիրքավորումն ավելի շատ տնտեսական դաշտում է: «Նիկոլ Փաշինյանն էլ է խոսում տնտեսական հեղափոխության մասին, Գագիկ Ծառուկյանն էլ է իր ամբողջ թեզը կառուցում տնտեսական մոդեռնիզացիայի թեզի վրա՝ փորձելով ներկայանալ, որ ինքը՝ որպես քաղաքական ուժ, տնտեսական թևում ավելի ուժեղ ու մրցունակ է, քան «Իմ քայլը»: Սրանք են առայժմ դիրքավորումները, մյուսների պարագայում այդպես հստակ ընդգծված տարբերություններ դեռևս տեսանելի չեն»,- ասում է Սաֆարյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am