«Մենք քաղաքական խումբ չենք, բայց անկախ մեր կամքից դարձել ենք քաղաքական ». Սևանան՝ «Մեծ բազարի» եւ անսահմանի մասին

26-11-2018
1173 դիտում
«Մենք քաղաքական խումբ չենք, բայց անկախ մեր կամքից դարձել ենք քաղաքական ». Սևանան՝ «Մեծ բազարի» եւ անսահմանի մասին

«Մենք քաղաքական խումբ չենք, բայց անկախ մեր կամքից դարձել ենք քաղաքական։ Մեզ դուր է գալիս թուրքական երաժշտությունը, նրանց` հայկականը։ Որքան էլ տարբեր ենք մշակույթում, խոհանոցում, ավանդույթներում, նույնքան էլ ունենք միավորող բաներ, ինչը մեզ մոտեցնում է իրար, դա տեսանելի է նաև մեր ընտանիքներում»,- ասում է «Մեծ բազար» (Collectif Medz Bazar) երաժշտական խմբի անդամներից Սևանա Չագրեանը, ով նաև խմբի ակորդեոնահարն է։

Խմբի հայ, թուրք, ֆրանսիացի երաժիշտները ներկայացնում են արևելյան ֆոլք երաժշտություն՝ երգելով հայերեն, թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն ու անգլերեն։ Նրանց հեղինակային երգերում քննադատության են արժանանում այն բարքերը, որոնցով ապրում են սփյուռքահայերը, նրանք անդրադառնում են հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Մենք ծիծաղում ենք հենց մեզ վրա, երբ ապրում ենք Ֆրանսիայում, բայց ուզում ենք հայ լինել, ինչպե՞ս ենք հայ մնում, երբ անգամ լեզուն չգիտենք, միգուցե թուրքին ատելով մենք ավելի՞ հայ ենք դառնում` դրա վրա ենք խաղում։ Շատերը հասկացան, որ դա հումոր էր, գտան ճիշտ մեսիջը։ Բայց շատերը այդպես էլ չհասկացան երգի սարկազմը։ Մեզ ասում էին՝ շատ ռասիստ եք, կամ էլ ասում էին՝ ապրե՛ք, երեխե՛ք, շարունակե՛ք, մենք այդպես ավելի հայ կմնանք»,- պատմում է Ֆրանսիայում ծնված ու մեծացած Սևանան։

Խմբի անդամները վեցն են` Սևանան, Վահանը, Շուշանը, Էզգինը և Էլլան, ովքեր ազգությամբ թուրք են, և Մարիուսը, ով կիսով չափ ֆրանսացի է, կիսով չափ՝ ամերիկացի։

«Մեծ բազարն» իրեն համարում է բազմամշակութային խումբ։

Սևանան ասում է՝            երգն ու երաժշտությունն օգտագործում են որպես գործիք հաճախ մարդկանց ճշմարտությունը ցույց տալու ու լսելի դարձնելու համար։ Շատերը քննադատում են խմբի հայ անդամներին՝ թուրքերի հետ խումբ կազմելու, աշխատելու և թուրքերեն երգելու համար։

«Ֆրանսահայերը մեզ շատ են քննադատել, Հայաստանում սակայն այդ խնդիրը չենք ունեցել։ Ավելի պահպանողական վայրեր կան, ինչպես, օրինակ՝ Լոս Անջելեսը, Կանադան, հատկապես կուսակցությունների կողմից։ Շատերն էլ խոստովանել են, որ մեզ լսելուց, հանդիպելուց հետո փոխվել են։ Մեր խմբի թուրք աղջիկները կոտրել են սփյուռքահայերի մեջ նստած կարծրատիպերը թուրքերի մասին»,- ներկայացնում է խմբի ակորդեոնահարը։

Սևանան նշում է, որ իրենց ավելի լավ են ընկալում երիտասարդները, հասկանալով, որ քաղաքականության ու իշխանությունների կողքին կան նաև պարզ ու հասարակ մարդիկ։

Խմբում նվագում են ակորդեոն, շվի, կլառնետ, կոնտրաբաս, հարվածային գործիքներ, երբեմն համագործակցում են դուդուկահարների հետ։ «Մեծ բազարի» հանդիսատեսը տարբեր է։ Ֆրանսիայում, որտեղ սիրում են ֆոլք երաժշտությունը, նրանց գնում են լսելու հայեր, թուրքեր, ֆրանսիացիներ, քրդեր։ Սևանան ասում է, որ Պորտուգալիայում դահլիճում միայն պորտուգալացիներ էին, Բելգիայում`բելգիացիներ։

«Կարևորը մարդկանց դուր է գալիս մեր միքս երաժշտությունը»,- ասում է նա։

2012 թվականին ստեղծված խումբը արդեն թողարկել է երկու ալբոմ, պատրաստվում են երրորդի թողարկմանը։ Առաջին ալբոմը ներառում է ութ երգ, երկրորդը`13: Երրորդ ալբոմում լինելու են և՛ հեղինակային երգեր, և՛ ֆոլք երաժշտություն։

«Երկրորդ ալբոմում մի երգ ունենք սփյուքի մասին՝ դեռևս երեք տարի առաջ գրված, ինչպե՛ս է սփյուռքը վարվում Հայաստանի հետ, այդ ֆանտազիան, որ ունեն հայրենիքի հանդեպ։ Ամառային ֆանտազիա. Հայաստանը դիտարկվում է որպես ամառանոց։ Գրել ենք իշխանության, արտագաղթի մասին։ Քննադատում էինք հայաստանյան իշխանություններին, նաև սփյուռքը, որն աչքները փակում է Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա»,- «Մեդիալաբին» պատմում է Սևանան։

Խումբը համերգներով հաճախ հանդես է գալիս նաև Թուրքիայում։ Սևաննայի խոսքով՝ Թուրքիայում արդեն իսկ բեմ բարձրանալը ու հայկական ֆոլք երգելը քաղաքական քայլ են։ Թուրք հանդիսատեսի համար «Մեծ բազարի» համերգները թերապիա են։

«Գալ ու երեկո անցկացնել, լսելով հայերեն, թուրքերեն, քրդերեն, ֆրանսերեն, անգլերեն, ամենօրյա ճնշումների կողքին իրենց ազատության շունչ է տալիս։ Թուրքերենով մի երգ ենք երգում սիրո ու միավորման մասին, ինչը Թուրքիայում արդեն իսկ քաղաքական քայլ է»,- ասում է Սևանան։

Դիարբեքիրում (Տիգրանակերտում) թուրքական ոստիկանությունը խոչընդոտել է «Մեծ բազարի» համերգները, հայտարարելով, որ խումբը քաղաքական է։

«Մեր ընկերները համոզում էին, որ մենք ֆոլք ենք երգում, ֆրանսիական խումբ ենք ու քաղաքականությունից հեռու։ Եթե ասեինք՝ հայկական խումբ ենք, հաստատ խնդիրներ կունենայինք, ու ճիշտ էր ասելը, որ մենք ֆրանսիական ենք։ Մեր միքս խումբը օգնում է մեզ նման իրավիճակներում»,- ասում է Սևանան։

Ինչո՞ւ «Մեծ բազար» հարցին 28-ամյա ակորդեոնահարուհին պատասխանում է. մտահղացումը խմբի հիմնադիր անդամներից Րաֆֆիինն էր, ով կիսով չափ հայ է և կիսովչափ ֆրանսացի։

«Ինքը հայերեն մտածեց, որ մենք էլ մի քիչ բազար ենք, ամեն երկրից մի մասնիկ ունենք մեր մեջ։ Մեր տարբեր մշակույթները, տարբեր ոճերը միքս ենք արել, իսկ այդ բազարը կա Հայաստանում և Իրանում, Սիրիայում և Լիբանանում, Թուրքիայում։ Միավորող է բազարը»,- ասում է Սևանան։

Խումբը տարեկան 30-40 համերգ է ունենում, միջինը մինչև 500 հոգանոց դահլիճներում։ Տարվա մեջ մի քանի շաբաթ խմբի անդամները հավաքվում են փորձերի ու նոր ձայնագրությունների համար։

No automatic alt text available.

«Դրանք սուրբ օրեր են, թողնում ենք մեր մնացած գործերը ու երկու շաբաթ միասին անցկացնում, երգեր գրում, պլանավորում համերգները, քանի որ ամեն մեկս տարբեր երկրներում ենք ապրում։ Վեցից երեքը`Մարիուսը, Շուշանը, Էզգին, ապրում են Փարիզում, Վահանը` Պորտուգալիայում, ես` Հայաստանում, Էլլան` Թուրքիայում։ Շուտով ձայնագրելու ենք մեր երրորդ ալբոմը, համերգներ ունենք Փարիզում»,- ներկայացնում է Սևանան։

Հայաստանում վերջին համերգը տեղի է ունեցել հունիսին Սիրահարների այգում` երաժշտության միջազգային օրը։

«Դա երկշաբաթյա շրջագայություն էր Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում։ Տասներեք օրում տասնմեկ համերգ տվեցինք»,- ասում է նա։

Ինքը`Սևանա Չագրեանը, արդեն երկու տարի է՝ Փարիզից տեղափոխվել է Երևան։ Բացի «Մեծ բազարից», աշխատում է տեղացի երաժիշտների հետ, փորձում է արտահանել հայկական երաժշտությունը։

«Ինչպես իմ երգում էի գրել, սկզբում քանի անգամ եկել եմ ինչպես տուրիստ, 2013-ին եկա որպես կամավոր, աշխատեցի ու լրիվ այլ Հայաստան տեսա։ Ինձ համար արթնացում էր, հավես էր այստեղ աշխատելը, չկար ֆրանսիական բյուրոկրատիան։ Ուզում եմ Հայաստանում աշխատել, ներդրում ունենալ այս երկրում, ես նույնը կարող եմ անել նաև Ֆրանսիայում, բայց նույնչափ արդյունք չի տա, ինչպես Հայաստանում»,- անկեղծանում է Սևանան։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am