ԱԱԾ-ում պատկերացնում են, թե ովքեր են աղմկահարույց գաղտնալսման պատվիրատուները․ «Ազատություն»

28-11-2018
874 դիտում
ԱԱԾ-ում պատկերացնում են, թե ովքեր են աղմկահարույց գաղտնալսման պատվիրատուները․ «Ազատություն»

ԱԱԾ-ում, ծառայության պետ Արթուր Վանեցյանի խոսքով, արդեն պատկերացնում են, թե ովքեր են պատվիրել ու իրականացրել Ազգային անվտանգության ծառայության և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետերի հեռախոսազրույցի գաղտնալսումը, բայց մեղադրանք առաջադրելու համար փաստական հիմքեր չունեն։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

Ըստ աղբյուրի, Վանեցյանը նշել է, որ տարբեր դիրք զբաղեցնող անձանցից այդ թեմայի մասին ստանում են օպերատիվ տեղեկատվություն, որը, սակայն, չի փաստագրվում․

«Կան մարդիկ, որոնք իրենց դիրքով, տեղով․․․ տեղեկացված են լինում: Տեղեկատվությունը ստացվում է, բայց, ցավոք սրտի, չի լինում փաստաթղթավորել այդ տեղեկատվությունը, փաստագրել, այսինքն՝ ունենալ հստակ տվյալներ, որոնք կարող ես տրամադրել քննչական մարմնին, որովհետև մարդիկ, ովքեր արել են այդ գործը, շատ լավ են պարտաստված եղել, և հետքեր չեն թողել, որով կարող ենք մեղադրանքներ ներկայացնել մարդկանց»:

Հարցին, թե արդյոք հնարավոր է գտնել ու պատժել այդ մարդկանց, Վանեցյանն արձագանքեց․ - «Ժամանակը ցույց կտա: Այս պահին չգիտեմ կկարողանա՞նք փաստագրել և պատասխանատվության ենթարկել այդ անձանց»: