«Սովմինի դաչայի համախտանիշ»

28-11-2018
1551 դիտում
«Սովմինի դաչայի համախտանիշ»

80-ականների մի ամառ էր, ու ԳԱԱ ուղեգրով հանգստանում էինք ակադեմիայի Աղվերանի պանսիոնատում։ Սա մի համեստագույն պանսիոնատ էր, շատ մաքուր, բայց աննկարագրելի համեստ մի շենք։ Մեզ դուր էր գալիս՝ անտառի մեջ, լուսավոր, մաքուր, իր կիրթ կոնտինգենտով հանգստյան տուն էր, արևի տակ շողացող ճաշարանով, այստեղ հանգստացող էստոնացիներով, գիտության հետ կապ ունեցող մարդկանցով, մայրերով ու երեխաներով։

Մի շատ համասեռ կոմունայով ապրող հանգստյան տուն էր։

Բայց ինչպես բոլոր նման տեղերում, մի քանի նախաճաշից ու ընթրիքից հետո «էսօր ի՛նչ են տալու» հետաքրքրությունն էլ սպառելուց հետո, սկսում ես ձանձրանալ ու քո ձանձրույթով ավելի ձանձրացնել մյուս ձանձրացողներին։ Բայց քանի որ, ինչպես հիմա կասեին՝ կրեատիվ մարդիկ էին հավաքվել, հետևաբար սերունդն էլ կրեատիվ էր, մի խոսքով՝ ես կազմակերպեցի հանգստացողների երեխաների ջանքերով համերգ։ Ես, պիտի նշեմ՝ հինգերորդ դասարանում էի։ Լուրը ոգևորություն առաջացրեց ծնողների շրջանում, ու գոնե ինչ-որ բանի սպասում կար, որովհետև, կարծեմ քսանչորս օր դեռ պիտի վայելեինք մեր արդեն թափ հավաքող ձանձրույթը։

Համերգի օրը ամբողջ պանսիոնատը դահլիճում էր, նորմալ դահլիճ էր՝ բեմով, դաշնամուրով։ Ու համերգը սկսվեց. երգեցինք, պարեցինք, արտասանեցինք։ Վերջում ես որոշեցի, որ համերգը պիտի ամփոփեմ իմ դաշնամուրային կատարմամբ։ Ես երաժշտական կրթություն չունեի, մեր տանը դեռ դաշնամուր չկար։ Բայց իմ կարծիքով և այն ժամանակվա իմ լսողական ընկալմամբ եթե ստեղնաշարով ինքնավստահ խելահեղ բաներ անեի՝ կստացվեր դասական երաժշտություն։ Ես դա արեցի։ Աղվերանի ակադեմիայի պանսիոնատը իր համեստ գոյության ընթացքում երբևէ այդպիսի հռնդյուն հիշեցնող քրքջոց չէր տեսել, հաստատ։ Միայն մայրս էր մեջտեղում շփոթված ու իր՝ առանց այն էլ մեծ աչքերը չափազանց մեծ բացած, դահլիճից հարցական նայում ինձ։ Բայց ես որոշել էի ու արեցի։

Համերգն ահագին ժամանակ զվարթություն մտցրեց արևի տակ ձանձրույթից ննջող մեր կոմունայի մեջ։

 Մի քանի օր անց ձանձրույթը նորից վրա հասավ։ Մեր հարևան հանգստյան տունը «Սովմինի դաչա» կոչվող հաստատությունն էր։ Կար երկար, նորմալ ճանապարհ, որով քայլելով հասնում էինք մեր հարևաններին, բայց դարպասից այն կողմ մտնել չէինք կարող՝ պահակակետում ստուգում էին. եթե այդ հանգստյան տնից չէիր՝ մտնել չէր կարելի։

Սոցիալական անարդարության վաղնջական զգացումս ձևավորվեց նաև այստեղ, կարծում եմ, որովհետև Սովմինի դաչայի ներսում կային գունավոր ճոճանակներ, խանութ, կինոդահլիճ, որտեղ ամեն օր նոր ֆիլմ էին ցուցադրում, բայց եթե անգամ ոչինչ էլ չլիներ, եթե դարպասից ներս չեն թողնում ՝քեզ թվում է՝ այնտեղ ամեն ինչ կա։

Ինչ-որ մեկն ասել էր, որ եթե երեկոյան մտնենք անտառ, բարձրանանք դիմացի ոչ բարձր սարը ու իջնենք՝ կհայտնվենք հենց Սովմինի դաչայի մեջտեղում՝ շրջանցելով դարպասը ու կարող ենք մտնել կինոդահլիճ։ Եվ այսպես, երեկոյան ընթրիքից հետո մի քանի մայրիկներ ու նույնքան երեխաներ, արդեն մթնող անտառի միջով հաղթահարում ենք բարձունքը, ցեխերի մեջ թողնելով մեր տեղական արտադրության «շքեղ» սանդալները, որովհետև մեր ծնողները գիտաշխատողներ էին և «սպեկուլյանտ ծանոթ չունեին», ու, հետևաբար, հարգում էինք տեղական արտադրանքը, մենք հայտնվեցինք Սովմինի դաչայի ներսում։ Դուք տեսե՞լ եք խորհրդային գիտաշխատող երիտասարդ կանանց կրիմինալ իրավիճակում։ Ափսո՜ս։ Դա հենց ինքը աբսուրդն է։

Ինչևէ, մենք մտանք դահլիճ, տեղավորվեցինք վերջին ազատ շարքերում ու նայեցինք «Սրիկայի մահը» ֆրանսիական ֆիլմը՝ Ալեն Դելոնի մասնակցությամբ։ Հետ վերադառնալիս անտառով գնալ անհնար էր՝ մութ էր, ու դուրս եկանք Սովմինի դաչայի պաշտոնական դարպասից, իբր այստեղի հանգստացողներ ենք ու գնում ենք զբոսնելու։

Գիտաշխատողների կանանց համատեղ խորհուրդը հաջորդ օրը որոշեց, որ շատ նվաստացուցիչ բան կա դրա մեջ, և մենք առանց կինոյի էլ կարող ենք հանգստանալ։ Էդ իրենց էր էդպես թվում։ Անձամբ ես չմարսեցի գունավոր ճոճանակները, կինոդահլիճը։

Շատ տարիներ անց պաշտոնյա ուսանողական ընկերներիցս մեկը հրավիրել էր Աղվերանի Սովմինի կառավարական դաչա՝ իր ծննդյան տոնին։ Այդ օրը բազմակողմանի դիսկոմֆորտի մեջ էի։ Սովմինի դաչան չէր կպնում ինձ ոչ մի կերպ։

Դրանից մի տասը տարի անց երեխաներիցս մեկի դասարանով էքսկուրսիա էինք գնացել քաղաքից դուրս՝ Աղվերանի Սովմինի դաչաներ։ Սա երրորդ փորձն էր ինտեգրվելու արդեն գոյություն չունեցող երբեմնի ճոխությանը։ Պահակի հետ սկսեցի զրուցել ու պարզվեց՝ հին մարդ է, խորհրդային տարիներից աշխատած։ Արդեն երկու հազարականների սկիզբն էր։ Պահակը սկսեց հուշեր պատմել ու ամփոփեց նրանով, որ՝ բա սե՞նց էր էս դաչան, էս ՀՀՇ-ն էկավ սենց արեց։ Ես անկեղծ չգիտեի՝ ո՛ւմ կողմից եմ, որովհետև, եթե փչացրել են՝ լավ չի, իհարկե, բայց, դե՝ հասնում էր, մեզ չէիք թողնում մտնենք էս տարածք, ու աչքներս մնաց ներկած ճոճանակի ու կինոյի վրա, դարպասն էլ փակում էիք, որ չանցնենք։ Բայց մյուս կողմից էլ՝ ախր, ՀՀՇ-ի օրոք էլ մենք չմտանք Սովմինի դաչաներից օգտվողների ցուցակի մեջ։ Փաստորեն ես արդեն նոր հոգեբանական խնդիր ունեի, որը կոչվում էր «Սովմինի դաչայի համախտանիշ»։ Հետագա քսանամյակում էլ որևէ «դաչայի» մեջ արդեն կամավոր և գիտակցաբար չես ընդգրկվում, և համախտանիշը մի օր դառնում է նովել։

Եվ հիմա՝ ի՛նչն էր սա գրելու իմաստը՝ կիսահումորով ու կիսալուրջ։ Մի քանի օր առաջ քաղաքում հարգանք ու մասնագիտական իրավամբ լավ համարում ունեցող ու կայացած ընկերներիցս մեկը գրել էր շատ անսպասելի իրատեսական միտք։ Գրածը շատ տպավորվեց , որովհետև գրողն իրոք կայացած, ճանաչված, խելացի, ուժեղ, շատ հարգված մեկն էր ու հասարակության մոնոտոն նվվացող մասնիկ չէր, ու ինքը բոլորովին չի մտնում «աբիժնիկ» ամենափրկիչ հակադարձման տակ։ Գրել էր՝ «մենք էդպես էլ էլի դուրս մնացինք ամեն ինչից»։ Նա նոր իշխանության մեջ պաշտոն նկատի չուներ, բնավ, որովհետև դրա կարիքը չունի։

Նա նկատի ուներ, որ որոշիչ ու ազդեցիկ մնում է փողը՝ միշտ. «Սովմինի դաչայի համախտանիշը» երկու ծայրահեղ հակառակ դրսևորում է ունենում հետագա կյանքում. կա՛մ դաժանորեն լրացնում ես բացը՝ամեն ինչ մոռացած, կա՛մ կյանքին մատների արանքով նայելով գրում ես «Սովմինի դաչայի համախտանիշի» մասին պատմություն։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am