Եկեք թաղենք ՀՀԿ-ն

28-11-2018
2288 դիտում
Եկեք թաղենք ՀՀԿ-ն

ՀՀԿ-ն քըխ է, իսկ մենք՝ պուպուշ: ՀՀԿ-ն կաշառակեր է ու կոռումպացված, իսկ մենք կոռումպացված չենք: ՀՀԿ-ն թալանել է, իսկ մենք վերադարձնում ենք:

Այո՛, հարգելի՛ ընթերցող, այս երեք նախադասության մեջ ամփոփված է ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ողջ գաղափարաբանությունը: Ավելի շուտ՝ վերջինի բացակայությունը: Ինչպես և զգուշացնում էինք՝ ՀՀԿ-ն, առաջադրվելով, լավություն արեց իշխող ուժին:

Ժողովրդական առածն ասում է՝ եզն ընկել է, դանակավորները շատացել են: Եթե ինչ-որ առումով հասկանալի է ՀՀԿ-«Իմ քայլը» հակադրությունը, ապա հասկանալի չէ մնացածի՝ 9-ի դիրքորոշումը (որոշ բացառություններ կան): Հայհոյենք ու խփենք: Հայհոյե՛ք ու խփե՛ք: Թամաշա բռնեք ու տրնգի պարեք: Իսկ դեկտեմբերի 10-ից ի՞նչ եք անելու:

Թվում է, թե հայ հասարակությունը կարոտ չէ քաղաքական մտքի:

Անշուշտ:

Զանգվածներին ավելի հաճո են հայհոյանքն ու ծաղրը: Գոտկատեղից ներքև հարվածները:

Հանդիսականներն արյուն են տենչում: Այս դեպքում արյուն ասվածը՝ խոսքի միջոց է:

Սակայն քաղաքական ուժի հմայքը և բանականությունը արյունից կամ աղոթքից, քֆուրից ու բամբասանքից առնվազն մեկ աստիճան վեր կանգնելու մեջ է:

Միտք, գաղափար, ինտելեկտ, ծրագիր: Գիտե՞ք, սրանք սոսկ բառեր չեն: Սրանք երևույթներ են, որոնք ընկած են պետականության և պետության կառավարման հիմքում:

Գիտե՞ք, ՀՀԿ-ն կամ «Իմ քայլը» սևացնելով կամ հայհոյելով թոշակ չի բարձրանում, կենսական խնդիրներ չեն լուծվում, հարևանների հետ սահմաններ չեն բացվում, տնտեսություն չի զարգանում:

Եկեք թաղենք ՀՀԿ-ն: Թաղեցինք: Պսակ դրեցինք: Յուրաքանչյուրը թող մոտենա հանգուցյալի շիրիմին: Մոտեցեք: Բաժակ վերցրեք: Լրիվ չխմեք: Կես կում կանեք, որ մնացածը հանձնեք թարմ հողին: Բաժակները չխփեք: Հիմա ասեք վերջին դամբանականը: Մաղձը պրծա՞վ:

Դեկտեմբերի 10: Թող առաջ գա յուրաքանչյուր կուսակցության և դաշինքի գերազանցիկը: Դե հիմա ասացե՛ք՝ ինչպե՛ս եք լուծելու Ղարաբաղի հարցը: Մի՛ կմկմացեք, հարցի՛ն պատասխանեք: Չգիտե՞ք: Լավ:

Հաջորդը մոտենա: Ներկայացրե՛ք այս բարդ տարածաշրջանում Հայաստանի զարգացման հեռանկարը: Չգիտե՞ք: Հը՛մ: Մյուսը. ի՞նչ լուծումներ կառաջարկեք կրթական խնդիրներին:

Հունվարի 6: Վերջին բաստուրմայով ձվածեղ արեցին ու վերջացավ: Ձմեռն իրենն է թելադրում: Առաջացե՛ք, պարոնա՛յք, առաջացե՛ք ու պատասխա՛ն տվեք 70 տոկոս աղքատության ճիրաններում գտնվողներին: Լուծումնե՛ր բերեք: Պարզ ու մարդկային լուծումներ: Թունելի վերջում լույս է երևում: Բայց հասկանալի չէ, թե այդ լույսն ո՛ւր է տանում: Անդու՞նդ, թե՞ հարթ ասֆալտին:

Հ. Գ. Ցուկենբերգը թերևս սիրում է Հին Հռոմի պատմությունը: Սիրում է, որ գլադիատորական կռվի կյանքի նշանը լայք է դարձրել մեզ համար: Իսկ ձմեռվա Ամանորի համար Սիմեոն Երևանցին է մեղավոր:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am