«Արցախի իշխանությունները ակտիվորեն ներգրավված են Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի նոր կառավարության դեմ հակաքարոզչության մեջ». Տիգրան Գրիգորյան

29-11-2018
1125 դիտում
«Արցախի իշխանությունները ակտիվորեն ներգրավված են Նիկոլ Փաշինյանի ու Հայաստանի նոր կառավարության դեմ հակաքարոզչության մեջ». Տիգրան Գրիգորյան

Վերջին օրերին Արցախում ակտիվացել են Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ու իր ղեկավարած ուժի դեմ հակաքարոզչությունը, և դա ուղղորդվում է Երևանից: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը:

«Շատ հնարավոր է, որ այդ հակաքարոզչությունն ուղղորդվում է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից, որովհետև տեսնում ենք, որ դրանք պատահական հայտարարություններ չեն, արդեն խմբերով են հայտարարություններով հանդես գալիս Սասուն Միքայելյանի հայտնի հայտարարության կապակցությամբ: Վստահ եմ, որ այս ամենը համակարգված է և նպատակ ունի խանգարելու Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին»,- «Մեդիալաբին» ասում է Տիգրան Գրիգորյանը:

Նշենք, որ նոյեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզում նախընտրական հանդիպումների ժամանակ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ ու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կոշտ պատասխան էր տվել Արցախից հնչող մեկնաբանություններին:

«Ես չհասկացա Արցախի իշխանությունների արձագանքը: Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը, այդ ինչո՞ւ են ակտիվացել, ինչո՞ւ են փորձում խառնվել և իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակն օրումեջ իմ ասածների վերաբերյալ մեկնաբանություններ է տալիս, ա՛յ քեզ բան»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել էր, որ այդ հարցերն անպայման կքննարկի Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: «Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկել իրենց աշխատանքով զբաղվելու»,- հայտարարել էր Փաշինյանը:

Դրան նախորդել էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը Հայաստանի միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է բանակում: Ըստ նրա՝ նույնիսկ Արցախի ղեկավարների որդիները չեն ծառայել բանակում: Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն արձագանքել էր Փաշինյանի այդ հայտարարությանը՝ նշելով, որ Բակո Սահակյանի որդին ծառայել է բանակում, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի որդին՝ նույնպես: Ըստ Բաբայանի՝ բանակում ծառայել են նաև Արցախի ՊԲ հրամանատարի որդիները:

Տիգրան Գրիգորյանն ասում է, որ վերջին օրերին Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներ ֆիքսվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարության վրա, սակայն դրանք արհեստական մեկնաբանություններ են, քանի որ Արցախում կռվածները լավ գիտեն, թե ո՛վ է Սասուն Միքայելյանը: Հիշեցնենք, որ Միքայելյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ապրիլյան հեղափոխությունն ավելի կարևոր հաղթանակ էր, քան Արցախյան պատերազմում տարած հաղթանակը: Հետո նա և Նիկոլ Փաշինյանը պարզաբանել էին այս հայտարարությունը:

Տիգրան Գրիգորյանն ասում է, որ ընդհանրապես վեց ամիսների ընթացքում Արցախի իշխանությունները, հատկապես ուժային կառույցների ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են հակաքարոզչության մեջ՝ Նիկոլ Փաշինյանի հեղափոխության ու Հայաստանի նոր կառավարության դեմ:

«Հեղափոխության առաջին փուլում ոստիկանության տարբեր աշխատակիցներ համակարգված կերպով «Ֆեյսբուքում» հակաքարոզչությամբ ու սև փիարով էին զբաղվում, պաշտպանության բանակի մամուլի խոսնակն է արդեն որերորդ անգամ խառնվում Հայաստանի ներքաղաքական կյանքին, այսինքն՝ մեկնաբանում է այնպիսի բաներ, որոնք ի պաշտոնե իրավունք չունի մեկնաբանելու: ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն էր իր ֆեյսբուքյան էջում տարբեր պրովոկացիոն գրառումներ կատարում»,- ասաց նա:

Տիգրան Գրիգորյանը հիշեցնում է, որ երբ քաղաքական գործիչ Զոյա Թադևոսյանը Արցախի մասին հայտարարություն էր արել, թեպետ նա Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմից չէր, Արցախում դա կապում էին Փաշինյանի հետ:

«Արշավիր Ղարամյանը սպառնում էր, որ հանրահավաքներ կանի և այլն: Սակայն Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, երբ Սերժ Սարգսյանն էր անձամբ խոսում տարածք հանձնելու մասին, այս բոլոր մարդիկ սուսուփուս նստած էին»,- ասաց նա:

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ հակաքարոզչություն իրականացնողների թվում են իշխանության ներկայացուցիչները՝ իրենց ենթակա աշխատակիցներով ու ֆեյքերով: «Մենք դեռևս ամռանը նշել էինք այս իրավիճակի վտանգավոր լինելու մասին, երբ հեղափոխությունից անմիջապես հետո արդեն պարզ էր, որ Հայաստանի մի մասում հաստատվել է օրինական իշխանություն, իսկ մյուս մասում՝ Արցախում, իշխում են հին հանցախմբի ներկայացուցիչները: Դա վտանգավոր է, և պետք էր այս հարցը շատ արագ լուծել, որ չհասներ այս իրավիճակին»,- ասում է նա:

Գրիգորյանի խոսքով՝ հատկապես Արցախի իշխանության ուժային թևը փորձում է օգտագործել ամեն առիթ, որ հակաքարոզչություն իրականացնի Փաշինյանի կառավարության դեմ:

Նիկոլ Փաշինյանի կոշտ նախազգուշացումը, ըստ Տիգրան Գրիգորյանի, տեղին էր:

«Նա՝ որպես Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, պարզապես պարտավոր էր նման հայտարարություն անել: Եթե ես լինեի իր փոխարեն, անմիջապես աշխատանքից կազատեի պաշտպանության բանակի հրամանատարին, ով արդեն վեց ամիս է՝ ՀՀԿ-ականների ոչ պաշտոնական քարոզիչն է, նրա մամուլի խոսնակին: Ի՞նչ է նշանակում, որ պաշտպանության բանակի մամուլի խոսնակը ոչ կոռեկտ կերպով արձագանքում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը: Նիկոլ Փաշինյանը ճիշտ է անում, որ կոշտ է արձագանքում, պետք էր ավելի շուտ զբաղվել այդ հարցերով, որովհետև այս մարդիկ վաղուց արդեն զինվորականներ չեն, այլ Հանրապետականի քարոզիչներ են»,- ասաց նա:

Ըստ Տիգրան Գրիգորյանի՝ Նիկոլ Փաշինյանը ճիշտ կանի, որ Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո առնվազն ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարին և ուժային մյուս կառույցների ղեկավարներին ազատի պաշտոնից: «Պետք է նաև քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետագա պաշտոնավարման հարցը, որովհետև այդ մարդու նախագահությունն օրեցօր պատուհաս է դառնում երկրի համար»,- հավելեց նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am