«Մտնում եմ տնօրենի մոտ, իսկ նա ինձ ասում է. «Գիտես, չէ՞, որ դու վտանգավոր հիվանդ ես». ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ՝ խտրականության զոհեր

01-12-2018
957 դիտում
«Մտնում եմ տնօրենի մոտ, իսկ նա ինձ ասում է. «Գիտես, չէ՞, որ դու վտանգավոր հիվանդ ես». ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ՝ խտրականության զոհեր

Երեք երեխաների մայր Աիդա Ղարիբյանը իր կարգավիճակը փակ է պահում հասարակությունից, որպեսզի ավելորդ անգամ խարանի ու խղճահարության չենթարկվի։ Սակայն բուժհաստատություններում կարգավիճակը պարտադրված բացելուց հետո ենթարկվել է խտրականության։

«Բուժհաստատություններում չկա էդ մակարդակը, որ գաղտնիությունդ ապահովեն, պատմում են իրենց հարազատներին, ծանոթներին, ինչը եղավ և մեր դեպքում։ Տղաս գյուղի քոլեջն էր հաճախում։ Մի օր ինձ զանգում է տնօրենը և ասում. «Էկեք ձեր տղային տարեք, թե չէ ծնողները սպառնում են իրենց երեխաներին հանել քոլեջից։ Չեն ուզում, որ շփվի ձեր տղայի հետ»,-պատմում է 40-ամյա Աիդան, ով ՄԻԱՎ ունի։

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշվում է, որ բուժաշխատողները պարտավոր են պահպանել իրենց հիվանդների անձեռնմխելիության և գաղտնիության ապահովման իրավունքները, ինչը հաճախ խախտվում է նույն այդ բուժաշխատողների կողմից: 

Աիդան հիվանդության մասին իմանում է վարակը ձեռք բերելուց չորս տարի անց միայն։

«Մի քանի տարի ապրել եմ վիրուսով։ Չեմ իմացել ո՛չ հղիության ընթացքում, ո՛չ էլ ծննդաբերելիս։ Տղաս երեք տարեկան էր, երբ իմացանք։ Անընդհատ հիվանդանում էր, դիմադրողականություն չուներ։ Տարանք բժշկի, հետազոտությունները ցույց տվեցին, որ երեխան ՄԻԱՎ ունի, նրան անցել էր ինձնից, ինձ՝ ամուսնուցս, ով ժամանակին մեկնել էր Ռուսաստան արտագնա աշխատանքի էր ու հենց էնտեղ էլ վարակվել»,- պատմում է Աիդան։

Ասում է, որ ավելի շատ ոչ թե իր, այլ տղայի մասին է մտածում, ով վաղը-մյուս օրը մեծանալու է, ընտանիք է կազմելու։ «Դեռ չգիտի, բայց շուտով չափահաս կդառնա, ու պիտի ասեմ։ Ծանր եմ տանում։ Արդեն իսկ հարցնում է, թե ինչո՞ւ է ամեն օր դեղեր խմում։ Ասում եմ, որ վիտամիններ են»,- նշում է Աիդան։

Ամուսնու մահից հետո Աիդան փոխում է բնակության վայրը, տեղափոխվում ուրիշ քաղաք, որպեսզի մարդիկ մոռանան իր ընտանիքի պատմությունը։ Ասում է՝ փակ է պահում իր կարգավիճակը, որովհետև չի վստահում շրջապատին։

«Հաճախ հարևաններիս կամ ընկերներիս հետ հեռուստացույցով ինչ-որ բան ենք նայում, օրինակ՝ ՄԻԱՎ-ի մասին, միայն իրենց վիճակը տեսնենք էդ պահին, թե ի՜նչ պանիկայի մեջ են ընկնում։ Ես դրանից շատ վատ եմ զգում։ Միայն լսում են ու էդքան ծանր են տանում, բա որ իմանան, պատկերացնո՞ւմ եք՝ ի՛նչ կլինի։ Ու մտածում եմ՝ ավելի լավ է չիմանան»,- անկեղծանում է Աիդան։

Ամուսնու մահից մի քանի տարի անց Աիդան նորից է ամուսնանում։ Երկրորդ ամուսինը նույնպես ՄԻԱՎ ունի, սական դա չի խանգարել, որ նրանք առողջ աղջիկներ ունենան։

«ՄԻԱՎ-ը չի խանգարում երջանիկ լինելուն, ես անգամ չեմ հիշում, որ մենք նման խնդիր ունենք։ Միակ խնդիրը բժիշկների հետ շփվելն է, երբ չգիտես՝ ասե՞ս, թե՞ չասես, որ խնդիր չունենաս»,- ասում է նա։

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ղեկավար Ժենյա Մայիլյանը, անդրադառնալով ՄԻԱՎ ունեցող մարդկանց նկատմամբ առողջապահական հիմնարկներում տիրող խտրականությանը, ասում է. թվում է, թե խտրականություն չկա, բայց հերիք է մարդը գնա առանց զգուշացման, առանց սոցաշխատողի ու ասի, որ ՄԻԱՎ ունի, նրան 80-90 տոկոս դեպքում մերժում են։

«Հայաստանի օրենսդրությամբ՝ ՄԻԱՎ ունեցող մարդը պետք է անպայման ասի իր կարգավիճակի մասին, բայց մարդիկ սովորաբար վախենում են ասել, քանի որ գիտեն՝ եթե ասացին, արժանանալու են խտրական վերաբերմունքի, կամ ընդհանրապես ծառայություն չեն տրամադրելու։ Վերջերս մի դեպք ունեցանք, երբ տղամարդուն պետք էր անոթների վիրահատություն։ Մարդը չորս առողջապահական հիմնարկ էր գնացել, ասել իր կարգավիճակի մասին, չորս տեղից էլ նրան պարզապես «ցրել» էին»,- ասում է Ժենյա Մայիլյանը։

Կազմակերպության ղեկավարը նշում է, որ նման իրավիճակներից խուսափելու համար հաճախ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից բժիշկը զանգահարում է անհրաժեշտ բուժկենտրոնի բժշկին, բացատրում հիվանդի վիճակը, որ մարդը չունի վիրուսային ծանրաբեռնվածություն, որից հետո միայն հիվանդին ընդունում են՝ սոցիալական աշխատողի հետ միասին։

2018-ի մայիս-օգոստոս ամիսներին ՄԻԱՎ-ի հակազդման ազգային կոնսորցիումի նախաձեռնությամբ իրականացրած հետազոտության համաձայն՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց մոտ ֆիզիկական առողջության հատկանիշով խտրական վերաբերմունքը դրսևորվել է 57,6% դեպքերում։

Աիդա Ղարիբյանը պատմում է, որ վերջին հղիության ընթացքում հանրապետական հիվանդանոցում նորից խտրականության է ենթարկվել։

«Հղիության ընթացքում խնդիրներ ունեի ու պիտի մի քանի օր հիվանդանոցում բուժումներ ստանայի։ Մտնում եմ տնօրենի մոտ, իսկ նա ինձ ասում է. «Գիտես, չէ՞, որ դու վտանգավոր հիվանդ ես ու պիտի առանձին պալատում պառկես, որի մեկ օրն արժի 5 հազար դրամ»։ Այն դեպքում, երբ գնացել եմ պետպատվերի շրջանակում, ուղեգրով։ Նշված է, որ անապահով եմ, հաշմանդամության կարգ ունեմ, նպաստառու եմ, բայց իրենց համար դա նշանակություն չունի»,- պատմում է Աիդան։

Միայն սոցաշխատողների հետ այցելությունից հետո է հարցը դրական լուծում ստանում։

«Երեք օրվանը չվճարեցի, մնացած չորս օրը գնացել-եկել եմ։ Ու գիտեք ո՞նց էի կաթիլայինը ընդունում՝ նստած վիճակում, երբ պալատներն ազատ էին։ Չէին պառկացնում, նրանց այդպես էին հրահանգավորել, էն դեպքում, երբ հղի ես, դրանից հետո կարող ես վատ զգալ, հազար ու մի բան կա»,- ասում է նա։

Արդեն ծննդաբերության ժամանակ հանրապետական հիվանդանոցի տնօրենը Աիդայից պահանջում է 50 հազար դրամ վճարել վիրահատական պարագաների համար, երբ նորից է ասում, որ այդքան գումար չունի, 10 հազարով նվազեցնում է գինը։

«Ասում եմ՝ ես էդքան գումար չունեմ, ասում է՝ չունես, բա ո՞նց ես երեխա ունենում։ Ես ու ամուսինս ապշել էինք, ուզում էր էնպես անել, որ պալատի գումարը հաներ։ Քանի որ ես մարզից էի, բայց ծննդաբերելու էի Երևանում, պիտի 60 hազար դրամ պետական մուծում անեի, բայց ուղեգրով էի գնացել, չէի վճարելու։ Էս դեպքում փորձեցին վրաս վիրահատական պարագաները վաճառել»,- պատմում է Աիդան ու ավելացնում, որ պալատի համար նախօրոք 10 հազար դրամը վճարել էր, նախորդ ծննդաբերությունից արդեն փորձ ուներ ու գիտեր, որ պահանջելու են վճարել։

Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի՝ Հայաստանում 1988-ից գրանցվել է ՄԻԱՎ-ի վարակի 3269 դեպք, որոնցից 361-ը` 2018 թ. ընթացքում: ՄԻԱՎ-ի վարակի արձանագրված դեպքերի ընդհանուր կառուցվածքում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչները՝ 2266 մարդ (69%), իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 1003 դեպք (31%): ՄԻԱՎ-ի վարակի 57 դեպք (1,7%) է արձանագրվել երեխաների մոտ:

Ժենյա Մայիլյանը նշում է. վարակը հիմնականում պայմանավորված է միգրացիայով։ Արտագնա աշխատանքի մեկնողները այն իրենց հետ բերում են հիմնականում Ռուսաստանից, Ուկրաինայից, Ղազախստանից։ Մարզերի մեջ 100 մարդու հաշվարկով դոմինանտը Շիրակն է։ Հայաստանում կանանց 97%-ը վարակվում է հետերոսեքսուալ ճանապարհով` սեռական զուգընկերոջից և մեծ մասը՝ իրենց ամուսիններից։

«Կանայք այս առումով կրկնակի խոցելի են։ Նախ՝ մշակութային առանձնահատկություններից ելնելով երբեք չեն պահանջում ապագա ամուսնուց ցույց տալ հետազոտության արդյունքները, դա ամոթ են համարում։ Ամուսնանալուց հետո էլ մտածում են՝ դա չի կարող պատահել իրենց հետ, որ դա միայն հեռավոր Աֆրիկաներում է լինում։ Այսինքն՝ մենք հստակ սեռական առողջության դաստիարակության խնդիր ունենք։ Դպրոցում չեն խոսում, տանը չեն խոսում, խոսում են կիսատ-պռատ սոցիալական միջավայրում, Աստված գիտի՝ ի՛նչ ինֆորմացիա են տալիս»,- ներկայացնում է Մայիլյանը։

Որպես դրական միտում կազմակերպության ղեկավարը նշում է վերջին 10 տարիներին իրազեկվածության բարձրացումը։

«Նախկինում ամենահասարակ ակցիաների ժամանակ սեղանիկներին դժվարությամբ էին մոտենում և օգտվում կամ ավելի խոսափողական էին, հիմա բաց են, ավելի պատրաստակամ ինֆորմացիան լսելու, չեն խուսափում հարցեր տալուց։ Երբ սկսեցինք քաղաքում արագ թեստավորումներ անել, հինգ օրում հազիվ էինք 150 հոգու անում, երբ մոտենում էինք մարդկանց ու առաջարկում, ասում էին՝ մեզ ո՞ւմ տեղն եք դրել։ Հիմա գիտեմ, որ հինգ օրում առնվազն 1000 հոգու անում են։ Կան կարծրատիպեր, որ փոխվել են, ու փոխվել իրազեկվածության առումով»։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am