«Պետք չէ ինձ խղճալ միայն նրա համար, որ ես ՄԻԱՎ ունեմ». Արմեն Աղաջանով, մարդ, ով համարձակվում է խոսել իր կարգավիճակի մասին

01-12-2018
3217 դիտում
«Պետք չէ ինձ խղճալ միայն նրա համար, որ ես ՄԻԱՎ ունեմ». Արմեն Աղաջանով, մարդ, ով համարձակվում է խոսել իր կարգավիճակի մասին

«Ես չեմ կարող փոխել իմ ՄԻԱՎ-ի կարգավիճակը, բայց դու կարող ես փոխել քո վերաբերմունքը». 27-ամյա Արմեն Աղաջանովի գրառումն է, որը նա արել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դեռևս մեկ տարի առաջ՝ բացելով իր կարգավիճակը հանրության առաջ։

«Մարդկանց վերաբերմունքը ինձ խտրականացնում է, ինձ և ինձ նման մարդկանց ճնշում։ Ցավոք, ես չեմ կարող փոխել իմ ՄԻԱՎ-ի կարգավիճակը և դրականից դառնալ բացասական, բայց դու կարող ես փոխել քո վերաբերմունքը իմ կարգավիճակի նկատմամբ։ Կարող ես ինձ չմերժել, չճնշել և ինձնից չվախենալ»,- բացատրում է իր գրառման իմաստը Աղաջանովը, ով արդեն չորս տարի է՝ ՄԻԱՎ ունի։

Անկեղծանալով՝ ասում է, որ հիվանդության սկզբնական շրջանում իրեն պաշարում է ունայնության ու դատարկության զգացումը։

«Ներքին զգացողություն կար, որ դա ինձ հետ չէր կարող պատահել, քանի որ ես բարի էի, լավն էի։ Անհնար էր, որ այդ հիվանդությունը կարող է այդքան մոտ լինել ինձ։ Երևի հենց այդ պատճառով ունեցա մենակության այդ սառը զգացողությունը։ Իհարկե ներքուստ հասկանում էի, որ դա խնդիր չէ ինձ համար, եթե որոշ գործառույթներ իրականացվեն և ինձ օգնեն՝ կսկսեմ բուժումը»,- հիշում է Արմենը։

Մինչև վիրուսի ձեռք բերումը Արմենն աշխատել է «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և մարդու իրավունքներ» կազմակերպությունում՝ որպես կամավոր և բավականին տեղեկացված էր հիվանդությունից։

«Դժվար էր, բայց համեմատաբար բավականին արագ ու թեթև անցկացրեցի ընդունման փուլերը, քան ուրիշ մարդիկ, ովքեր նույն ճանապարհն էին անցնում։ Օգնեցին ինձ աջակցող ընկերներս և իհարկե այն գիտելիքները, որ ես արդեն ունեի ՄԻԱՎ-ի մասին աշխատանքի արդյունքում։ Այդ ընթացքում ընկերներիս վերաբերմունքը որևէ կերպ չփոխվեց իմ նկատմամբ, այն դեպքում, երբ ինքս ինձ էի վատ վերաբերվում`զզվանքով ու հեգնանքով։ Նրանց հիմնական մեսիջն էր ինձ ուղղված. հա, ի՞նչ անենք»,- պատմում է Արմեն Աղաջանովը։

Ծնողներին ինքն է պատմել իր կարգավիճակի մասին։ Ասում է, որ նրանց կողմից խարանի չի ենթարկվել, ինչն ամենակարևորն էր իր համար։

Այսօր Արմենն աշխատում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ՄԻԱՎ-ով ապրող անձնանց միությունում որպես ծրագրերի համակարգող։

Հիվանդության մասին իմանալուց երկու տարի անց` 2016 թվականին, նա կիսով չափ բացում է իր կարգավիճակը, իսկ արդեն 2017-ին՝ ամբողջովին՝ ձեռնոց նետելով հասարակությանը։

«Նախ՝ ես չունեմ ամաչելու ու վախենալու բան միայն նրան համար, որ ՄԻԱՎ դրական եմ։ Երկրորդ՝ ես սա արել եմ հասարակության և ՄԻԱՎ-ով ապրող անձանց համար, որպեսզի հասկանան, որ մենակ չեն, և դրա մեջ ամոթալի բան չկա։ Իհարկե, հաշվի առնելով հայկական իրականությունը՝ կոչ չեմ անում մարդկանց բացել իրենց կարգավիճակը, միևնույն ժամանակ ինձ համար սա փոփոխության հասնելու տարբերակներից մեկն է, որ մարդիկ տեսնեն»,- ասում է նա։

Արմենը նշում է, որ երբ խոսում են ՄԻԱՎ-ի կամ դրանով ապրող մարդկանց մասին, դեմք չեն տեսնում, խոսում են վերացական մարդկանց մասին, ովքեր ապրում են այլ երկրներում։

«Հայաստանում փակում ենք դեմքը, փոխում ենք ձայնը, մինչդեռ մարդիկ պետք է տեսնեն ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ովքեր այս հասարակության մասն են կազմում, և դու կարող ես նրանց ամեն օր հանդիպել, ովքեր իրականում քեզնից ոչնչով չեն տարբերվում արտաքնապես։ Ես հիմա ինչ-որ բանով տարբերվո՞ւմ եմ ինչ-որ մեկից, ո՛չ, միակ տարբերությունն այն է, որ ամեն օր դեղ եմ խմում և վերջ։ Բայց ես միակը չեմ։ Բազմաթիվ հիվանդություններ կան, որի համար մարդիկ դեղ են խմում, բայց նրանց մասին այդքան չեն խոսում և այդ հիվանդությունների մասին չեն խոսում այդքան տաբուացված ու այդքան չեն վախենում»,- ասում է Արմեն Աղաջանովը։

Այդուհանդերձ, նա նշում է, որ Հայաստանում իսկապես խնդիր է բաց կարգավիճակով ապրելը։

«Պատկերացնենք ՄԻԱՎ-ով կին, ով ունի երեխաներ, ամուսին։ Բացում է իր կարգավիճակը. հարևանների կողմից կենթարկվի հալածանքի, ծիծաղի, վախի, ամուսնու ու երեխաների նկատմամբ ծաղրանք, կխուսափեն շփվել հետները։ Մեր իրականությունում վերաբերմունքը ՄԻԱՎ-ի նկատմամբ վատ է, մենք վախենում ենք ու խուսափում այդ հիվանդությունից, բայց միայն նրա համար, որ մենք խուսափում ենք այդ հիվանդությունից, այն չի դադարում գոյություն ունենալ։ Հակառակը՝ մինչ մենք խուսափում ենք, խտրականացնում ենք, ճնշում ենք հիվանդությունը, այդ մարդկանց գոյությունը, վիրուսի տարածվությունը մեր երկրում աճում է»,- ասում է նա։

Իր կարգավիճակը բացելուց հետո Արմենից հեռանում է մանկության ամենամոտ ընկերը, քրոջ ամուսինը արգելում է կնոջը և երեխաներին շփվել Արմենի հետ։

«Սա ցույց է տալիս, թե ինչ է կատարվում հասարակությունում։ Հետաքրքիր էին ինձ գրած նամակները, քոմենթները։ Գրել էին, որ ես մեղք եմ։ Ես մեղք չեմ, որ ՄԻԱՎ ունեմ, ու երբ այդպես են ասում, ես դա նույնպես համարում եմ իմ նկատմամբ խտրականություն։ Պետք չէ ինձ խղճալ միայն նրա համար, որ ես ՄԻԱՎ ունեմ, մեկ ուրիշն էլ շաքարային դիաբետ ունի, էն մեկն էլ գրիպ է… «Ֆեյսբուքով» ինձ գրում են անծանոթ մարդիկ, շնորհակալություն հայտնում, որ կարգավիճակս բացել եմ, որ իրենք երբեք չէին համարձակվի դա անել։ Բացում են իրենց կարգավիճակը ինձ հետ շփվելուց հետո»,- պատմում է նա։

Ասում է՝ ժամանակի ընթացքում սովորել է բացասական վերաբերմունքին ուշադրություն չդարձնել՝ կենտրոնանալով դրական «ֆիդբաքի» վրա։

«Ես բացել եմ, բայց դա չի նշանակում, որ բոլորին կոչ եմ անում բացել, դա խիստ անհատական է։ Ամենակարևորը՝ մարդն ինքն ընդունի իր կարգավիճակը, պատրաստ լինի ինքն իրեն ասելու, որ ՄԻԱՎ-ը դրական է, ու ընդունի դեղերը։ Նաև իմանանք, որ այսօր արդեն ՄԻԱՎ-ը մահացու հիվանդություն չէ։ Ընդունում ես քո դեղերը ու շարունակում ապրել,- ասում է նա։-Ես չեմ կարող փոխել իմ ՄԻԱՎ-ի կարգավիճակը, բայց մարդիկ կարող ես փոխել իրենց խտրական, բացասական վերաբերմունքը»։

ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների ժամանակ, ինչը նշանակում է, որ առանց ավելորդ վախի կարելի է սեղմել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը, գրկախառնվել նրա հետ, չի փոխանցվում նաև հազի, փռշտոցի, մոծակի խայթոցի միջոցով:

ՄԻԱՎ-ը փոխանցվում է արյան, սերմնահեղուկի, հեշտոցային արտազատուկների, մայրական կաթի միջոցով։ Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, արյան փոխներարկման հետևանքով, ներարկային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործելիս: Վարակված կանայք կարող են վիրուսը փոխանցել իրենց երեխաներին` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս: Չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելը, մարմնի տարբեր մասերի դակումը, ուրիշի անձնական հիգիենայի պարագաների (ածելի, ատամի խոզանակ) օգտագործումը ևս ՄԻԱՎ-ով վարակվելու որոշակի վտանգ են պարունակում։

Հակառետրովիրուսային թերապիան ժամանակին սկսելը զգալիորեն վերականգնում է դիմադրողականությունը, դանդաղեցնում է ՄԻԱՎ վարակի զարգացումը, ինչն էլ երկարացնում է վարակակրի կյանքը և դարձնում այն ավելի լիարժեք:

Գայանե Մկրտչյան

MediaLab.am