«Եթե այս Ազգային ժողովը Արամ Հարությունյանի հարցով նիստը տապալի, մյուս Ազգային ժողովն այդ հարցը կլուծի». Փաշինյանը հաստատել է, որ «կոմպրոմիս չի լինելու»

03-12-2018
522 դիտում
«Եթե այս Ազգային ժողովը Արամ Հարությունյանի հարցով նիստը տապալի, մյուս Ազգային ժողովն այդ հարցը կլուծի». Փաշինյանը հաստատել է, որ «կոմպրոմիս չի լինելու»

«Մտավախություն կա, որ ՀՀԿ-ակաները կբոյկոտեն Արամ Հարությունյանին կալանավորելու համար հրավիրվելիք Ազգային ժողովի նիստը, կամ քվորում չի լինի և եթե այս Ազգային ժողովը Արամ Հարությունյանի հարցով նիստը տապալի, մյուս Ազգային ժողովն այդ հարցը կլուծի»,- հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին Արարատում կայացած նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Փաշինյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ կոմպրոմիս չի լինելու։

«Ես ուզում եմ ձեր բոլորի աչքերի մեջ նայելով ուղիղ ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարում որևէ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու, բացառված է, որ ժողովրդի թիկունքում գործարքներ կկնքենք որևէ հարցի վերաբերյալ, առավել ևս այն հարցերի համար, որոնք պատճառ են եղել, որ ՀՀ-ում թավշյա հեղափոխություն իրականացվի»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազը ՀՀԿ պատգամավոր, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություն է ներկայացրել Ազգային ժողով։ Պաշտոնական հաղորդագրությունը ծանուցում է, որ Հարությունյանը 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք։

«2015 թ. սեպտեմբերի 11-ին պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությումբ հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանը 2008 թ. զբաղեցնելով ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը, միաժամանակ որպես «Ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներ» տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի մարզերի գունավոր մետաղների թվով 10 հանքերևակումների ուսումնասիրության և շահագործման հատուկ լիցենզիաներ տրամադրելու համար, Ս. Հ.-ից պահանջել և միջնորդավորված եղանակով ստացել է 14 մլն ԱՄՆ դոլար առանձնապես խոշոր չափերով կաշառք:

Ընդ որում, նշված գումարից 6 մլն դոլարը 2008թ. հունվար ամսից մինչև նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում Ս.Հ.-ն բանկից կանխիկացրել և միջնորդավորված եղանակով է փոխանցել, իսկ մնացած 8 մլն դոլար կաշառքը Հարությունյանին փոխանցել է բանկային փոխանցման միջոցով՝ դարձյալ միջնորդավորված եղանակով:

Այնուհետև Արամ Հարությունյանը, այլ երկրում այլ անձանց անուններով բացված բանկային հաշվիներով փոխանցումներ ապահովելու եղանակով, նպատակ ունենալով թաքցնել գումարի հանցավոր ծագումը, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույք (փողերի լվացում), այսինքն՝ առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործություններ»,- մասնավորապես նշված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Տեղեկացնենք, որ դեկտեմբերի 4-7-ը նախատեսված են Ազգային ժողովի հերթական նիստերը, որոնց օրակարգում լինելու է նաև Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Սակայն չի բացառվում, որ այս լիագումար նիստերը տեղի չունենան, և այդ աղմկոտ հարցն այդպես էլ չքննարկվի այս Ազգային ժողովի կողմից, քանի որ ԱԺ խմբակցությունները նախապես դիմել էին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանին, որպեսզի քարոզարշավով պայմանավորված՝ իրենց բացակայությունները հարգելի համարվեն:

«Պատգամավորների առաջարկը Բաբլոյանի կողմից բավարարվել է, և բացակայությունները հարգելի են համարվելու: Սա նշանակում է, որ պատգամավորները և հատկապես ՀՀԿ-ականները վաղը չեն ներկայանա նիստին»,-գրում է Factor.am-ը: