«Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես, բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես». Լալա Մնացականյան

04-12-2018
3529 դիտում
«Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես, բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես». Լալա Մնացականյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասանուհի Լալա Մնացականյանը:

- Տիկի՛ն Մնացականյան, նախընտրական շրջան է Հայաստանում, հասարակությունը կողմնորոշվա՞ծ է, թե ի՛նչ ընտրություն է անելու՝ հաշվի առնելով այն, որ մեծ թվով ուժեր են մասնակցում ընտրություններին:

- Շատ ուժեր են մասնակցում ընտրություններին՝ որպես ո՞ւժ, թե՞ որպես գլխաքանակ: Այստեղ կողմնորոշվելու հարց չկա, ես չեմ կարծում, որ կգտնվեն մարդիկ, որ կընտրեն այն ռեժիմը, որը մերժել ենք: Ընտրել Հանրապետականին՝ նշանակում է էլի ընտրել Սերժին: Դրա մեջ ի՞նչ կա կողմնորոշվելու: Ամեն դեպքում ես չեմ հանդիպել մի մարդու, որը սթափ ուղեղ ունենա և որոշի հետ դառնալ ու կեղեքողներին, 20 տարի մեր կյանքից խլած մարդկանց ձայն տա:

- ՀՀԿ-ն ասում է՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին:

- Այսինքն՝ դա ի՞նչ լոզունգ է: Իմիջիայլոց, դա բավական անգրագետ լոզունգ է: Այդպիսի արտահայտություն չկա՝ եթե մտահոգ ես, ընտրի՛ր ինձ: Այնտեղ հայերեն իմացությամբ գրագետ մարդ չկա՞ր: Ամեն դեպքում, ես մտածում եմ՝ կգտնվի՞ այդ աստիճանի անինքնասեր մարդ, որ նրանց ընտրի: Այդ ինչքան հոգով ստրուկ պետք է լինես, որ անգամ մտածես դրա մասին:

- Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն իր ղեկավարած ուժով շարունակում է առաջին տեղում լինել այս նախընտրական փուլում: Կան դժգոհություններ, որ նա նախորդ վեց-յոթ ամիսներին չկարողացավ մարդկանց համար շոշափելի զարգացում ապահովել երկրում: Դա կարո՞ղ է ազդել ընտրությունների արդյունքի վրա, մարդկանց ոգևորությունը նո՞ւյնն է, թե՞ նվազել է:

- Գիտեք՝ ոգևորությունը չի կարող միշտ լինել, չես կարող միշտ սիրահարված լինել, գալիս է սիրո էտապը: Դու չես կարող անընդհատ ոգևորված լինել, գալիս է արժևորման փուլը: Ոչ ոք չի հիասթափվել, որովհետև այս ամիսների ընթացքում, կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արել մի քայլ, որ կշռադատված և մտածված չլինի և հակասի ինքն իրեն: Ինձ միշտ ասում են. «Բա չե՞ս վախենում, որ հետո վատ կլինի»: Ես ի՞նչ գործ ունեմ «հետո»-ի հետ, ես հիմա եմ ապրում: «Հիմա»-ն թողած՝ «հետո»-ի մասի՞ն մտածեմ: Հիմա նա ինձ վրա թողնում է ազնիվ, ազգը սիրող, կարգին մարդու տպավորություն: Եվ ես չեմ կարծում, որ սխալվելու եմ:

- Իսկ հետո ի՞նչ փուլ պետք է լինի: Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, որ երկրորդ փուլում պետք է զարգացում ապահովել երկրում:

- Եթե իշխանության են գալիս մարդիկ, որոնք կաշառք չեն վերցնելու, չեն թալանելու, չեն գռփելու, մարդիկ, որոնց առաջ չես նվաստանալու, ստորադասվելու, արժանապատիվ ապրելու ես, էլ մեզ ի՞նչ է մնում՝ արարել, ստեղծել, առաջընթաց ապրել: Պրծանք այդ վիշապից, բայց հիմա էլ նրանից ժառանգություն մնացած մի քանի վիշապիկներ այսպիսի միտք են անընդհատ առաջ քաշում. «Ա՛յ կտեսնեք, ավելի վատ է լինելու, դուք դեռ էդ հին ռեժիմին երանի եք տալու»:

Այնքան հետաքրքիր հոգաբանություն կա, մեկը մի միտք է մեջտեղ բերում, այդ միտքը սկսում է թևածել, շատերը սկսում են կառչել դրանից, և այնքան են ասում, որ կամաց-կամաց կյանք է ստանում: Դրանց վրա ինստիտուտներ են աշխատում: Բավական է, որ այդ միտքը մեջտեղ գցես, մի քիչ ծամծմես և դա որպես իրականություն ներկայացնես: Մենք այդ բոլոր փուլերն անցել ենք, մեզ պետք չէ այլևս խաբել: Որ չեն ասում՝ բա այս վեց ամսվա ընթացքում ի՞նչ արեց: Ի՞նչ չի արել, օր կա՞, որ այդ մարդը չաշխատի: Այդ մարդն աշխատում է մեզ համար, իսկապես աշխատում է:

- Նա մենա՞կ է աշխատում, որովհետև շատ է քննադատվում նրա կադրային քաղաքականությունը:

- Ո՛չ, այդպես չի կարող լինել: Նա միայնակ որ աշխատեր, չէր դիմանա: Նա լավ թիմ էլ ունի, ուրիշ բան, այո՛, կան մարդիկ, որոնց ես էլ չեմ հավանում: Բայց դա չի նշանակում, որ իր թիմը վատն է: Ամենազավեշտալին, որը ես աբսուրդ եմ համարում, հետևյալն է՝ մենք ահավոր կեղտի մեջ էինք թաղված, արդեն կոկորդներիս էր հասել ցեխը, հիմա դուրս ենք գալիս դրանից, դեռ բողոքում էլ ենք:

- Միգուցե մարդիկ կտրուկ փոփոխությո՞ւն էին ակնկալում:

- Կտրուկ քայլերն իրենց հետ բերում են կտրուկ վտանգավոր շրջադարձեր: Հիմա կտրուկ ոչինչ չպետք է անել, պետք է խելացի, կշռադատված քայլեր անել: Եվ ես կարծում եմ՝ Փաշինյանն այդպես կանի: Եթե մարդն ազնիվ նկրտումներ ունի, նա երկրի համար ճակատագրական սխալներ չի անի: Իսկ ինքն իսկապես սիրում է իր հայրենիքը: Ինձ դուր է գալիս, թե ինչպես է աշխատում Երևանի քաղաքապետը: Ես գիտեի, որ Հայկը լավ կաշխատի,և, բնականաբար, չի հանդուրժի իր կողքին մարդկանց, ովքեր դեռ հին հովերով տարված մտածում են, որ պաշտոնը նրա համար է, որ թալանեն, գռփեն, իրենց դիրքն օգտագործելով մարդկանց կախման և վախի մեջ պահեն: Ախր, գողության տեղ չի մնացել, թալանի տեղ չի մնացել, էլ իրենց ոչ ոք բանի տեղ չի դնում, չի վախենում, բա պե՞տք է ոռնոցները գցեն: Հիմա դուք որևէ պաշտոնյայից վախենո՞ւմ եք: Բայց Սովետի ժամանակներից սկսած վախենում էինք: Ասում էին՝ նշանակեն սրան, որ ինձ համար լավ լինի: Ա՛յ մարդ, նշանակում են, որ աշխատի, ոչ թե լափի, դեռ մեզ էլ «լավ աչքով» նայի:

- Նիկոլ Փաշինյանն էլ է շեշտում, որ վախ չպետք է լինի: Այս ընտրություններում, ձեր կարծիքով, վախը որևէ դեր չի՞ կարող ունենալ:

- Ոչ մի դեպքում: Ամեն դեպքում հիմա վախ չկա, քծնանք չկա, դու չես սպասում, որ ինչ-որ հաստավիզ կգա և քո փոխարեն որոշումներ կկայացնի: Մեր ժողովուրդն ապրել է վախի մեջ, ստորաքարշ, մենք արժանապատվություն չունեինք մեր երկրում, երկրից դուրս, ինչպե՞ս էին մեզ հետ վարվում Ռուսաստանում, Մոսկվայի օդանավակայանում ամենավերջին բոմժի հետ ավելի լավ էին վարվում, քան հայերի հետ: Այս ամենից ի վերջո գլուխներս բարձրացրինք: Այդ ի՜նչ օրն էին մեզ գցել, իրենք լինելով ուղնուուծը փչացած մարդիկ՝ փչացրեցին հասարակությանը:

- Հիմա նրանք արժանի՞ են, որ նրանց փռում են ասֆալտին: Հավանաբար գիտեք, որ օլիգարխներին, նրանց շրջապատին, օրենք խախտելու դեպքում, ոստիկանությունն ասֆալտին է փռում:

- Հա՛, թող փռվեն, ի՞նչ է եղել: Մի քիչ էլ թող իրենք փռվեն ասֆալտին, 20 տարի շարունակ մի ամբողջ ժողովուրդ են փռել ասֆալտին: Իրենք ամբողջ մի ժողովուրդ ղուրբան արեցին իրենց փողի, ստամոքսի համար: Մի ամբողջ ժողովուրդ 20 տարի մատաղ արեցիր, որ դու լափես: Բա դու դրա պատասխանը չե՞ս տալու, տալո՛ւ ես:

- Օլիգարխներն արդեն սկսել են ունեցվածքը վերադարձնելու գործընթաց: Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ շատերն ինքնակամ դիմում են, առաջարկում ունեցվածքի մի մասը նվիրել պետությանը՝ դրանով ակնկալելով ազատվել պատժից: Փաշինյանը հայտարարեց, որ եթե ունեցվածքի 98 տոկոսն առնվազն վերադարձնեն, կմտածեն նրանց ներելու մասին: Պե՞տք է ներել:

- Եթե նրանք իրենց գողացածի 98 տոկոսը տան, դա նշանակում է ամեն ինչը տալու են: Այդ դեպքում նրանք կհայտնվեն այն կարգավիճակում, ինչ կարգավիճակում ժողովուրդն էր 20 տարի ապրում՝ աղքատության մեջ:

Ավելի լա՞վ չէ «խեղճերը» բանտում հայտնվեն, քան այնպես ապրեն, ինչպես ժողովուրդն էր ապրում չնչին աշխատավարձով իրենց օրոք: Նրանք բանտից վատ կյանք են ունենալու, եթե սոված-ծարավ ապրեն, մտածեն, թե լույսը ոնց են վառելու, ոնց են գազի փող տալու, այսինքն՝ ապրեն այնպես, ինչպես ապրում էր Հայաստանի ժողովրդի մեծ մասը: Որ չէին ասում՝ մեզ մոտ աղքատությունը 20 տոկոս է: Մեզ մոտ 70 տոկոսի էր հասել աղքատությունը: Երկրում միջին խավը, որն աշխատում էր, արդեն նրանք էլ էին աղքատ:

Ես չեմ հասկանում՝ մի ժողովուրդ, որը պրծել է վիշապից, ո՞նց կարող է ուզենա այդ վիշապին վերադարձնել: Այս ժողովուրդն իր տեսակով բավական առաքինի ժողովուրդ է, արժանապատվություն ունեցող է, կարող էին մեր մեջքը կորացնել, բայց դժվար է այս ժողովրդին ծնկի բերել: Ես անձամբ իմ շրջապատում մարդիկ գիտեմ, որ ոչ միայն գալիս են Հայաստան, այլև ընտանիքներով վերադառնում են, տնավորվում են: Սա նշանակում է, որ շատ մեծ բան արեց Նիկոլը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am