«Խիստ վտանգավոր է, եթե վարչապետն ունենա 80 և ավելի տոկոս ձայն, այդ դեպքում մենք կունենանք վերակրկնության վտանգ ՀՀԿ-ի տեսքով»

05-12-2018
677 դիտում
«Խիստ վտանգավոր է, եթե վարչապետն ունենա 80 և ավելի տոկոս ձայն, այդ դեպքում մենք կունենանք վերակրկնության վտանգ ՀՀԿ-ի տեսքով»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավորի թեկնածու Լևոն Շիրինյանը:

- Պարո՛ն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզչությունը: Քաղաքական ուժերին հաջողվո՞ւմ է գաղափարական ու ծրագրային քարոզչություն իրականացնել:

- Կարող ենք բավարար անվանել: Քարոզարշավն արդեն որոշ առումով քաղաքականացվել է, և գաղափարական հենքը թույլ նշմարվում է, ինչպես ես ենթադրում էի: Բայց այս ոլորտում առանձնապես հստակեցում չկա, դա թույլ չի տալիս քաղաքացուն կուսակցությունների և դրանց ներկայացուցիչների դիրքորոշումը գնահատել:

Դա շատ վատ է: Ես խոստացել էի դա անել, և Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության կողմից դա հստակ արվում է: Ես երեկ և այսօր հայտարարեցի, որ քաղաքական գործընթացի մեջ լրջագույն տեղաշարժ կա, և պայքարն ըստ էության Հանրապետականի և «Իմ քայլը» դաշինքի միջև չէ, որին գումարվում է նաև «Լուսավոր Հայաստանը», քանի որ այս երկուսը միասին են:

Այս ամբողջ պայքարը լիբերալիզմի և չափավոր լիբերալիզմի միջև է, վերջինը տվյալ պարագայում մենք ենք ներկայացնում: Այս ամբողջն ազատականության շրջագծի մեջ է, մի պարագայում, ինչպես դա անվանում է իշխող կուսակցությունը և նրա զինակից «Լուսավոր Հայաստանը»՝ ազատական հայեցակարգի մեջ է, իսկ մեր կողմից՝ չափավոր կամ կարգուկանոնի ազատականության մեջ է: Մեր պարագայում խնդիրն ազատական դոկտրինը իրավական պետության մեխանիզմներով օժտելու մեջ է, ինչը մեր պետության ապագան է:

Այստեղ է հիմնական պայքարը: Մի բան պետք է գիտակցել, որ բացարձականացված ազատականությունը երկիրը բերել ու հանգեցրել է ճգնաժամի, ինչի հետևանքով նաև հեղափոխություն է եղել: Եվ ուրեմն հստակ է մեր դիրքորոշումը:

Շատ կուզեի, որ գործնական խոսակցությունները բխեին տեսականից, բայց, դե, մեր հանրությանը 30 տարի սովորեցրել են իբրև թե լինել պրագմատիկ, իսկ պրագմատիզմը ձեր աչքի առաջ վերածվել է գողության ու թալանի:

- Մարդկանց հետ շփումներում ի՞նչ եք նկատում՝ որքանո՞վ են հետաքրքրված ընտրական գործընթացներով: Մասնակցության բավարար քանակ կարձանագրվի՞:

- Օր օրի վիճակը ցրվում է, և կարծում եմ՝ կուլմինացիային պետք է հասնել: Այսօրվանից ես բեկում եմ նկատում: Ակնհայտ է, որ օր օրի ցրվելու է իրավիճակը լավ առումով, նախկին միտումները չեն նկատվում: Ես տեսնում եմ, թե ինչ դինամիկ աճ ունի երիտասարդ կուսակցությունը, որը տվյալ պարագայում մենք ենք: Մարդիկ նոր Հայաստանում ուզում են նոր կուսակցություններ տեսնել: Եվ մենք ջանք չենք խնայելու, որպեսզի նոր Հայաստանը տեսնի նոր կուսակցություն՝ նոր դեմքերով ու առաջարկներով:

Եթե նկատում եք, ես բոլոր տեղերում մատնանշում եմ, որ թոշակի էական բարձրացում, սոցիալական հարցերի էական լուծում հնարավոր չէ, դա բլեֆ է, եթե երկրի զարգացումը ռազմավարության առումով չի փոխվում դեպի արդյունաբերություն, գիտություն: Դուք տեսնում եք, որ անընդհատ թոշակների կամ նպաստների բարձրացումը խժռվում է գների բարձրացումով:

Այսինքն՝ իմ տեսական հաշվարկները ճիշտ են դուրս գալիս, եթե երկրի զարգացման ընթացքի մեջ արմատական տեղաշարժ ՝դեպի ներքին արտադրություն, պետության արդիականացում, սեփական հումքի վրա արտադրության կազմակերպում, չի լինելու, այդ հարցերը բլեֆ են: Դրա համար ես հույս ունեմ, որ այս օրերին մենք հասարակությանը կկարողանանք ավելի ու ավելի շատ զգուշացնել անկառավարելի ազատականությունից: Ժողովրդի մեջ աստիճանաբար հետաքրքրությունը մեծանում է, արդեն առաջին սիմպտոմներն ակնհայտ են՝ որոշակի հիասթափություն:

Վարչապետը դարձյալ որպես առաջնորդ վայելում է բարձր հեղինակություն, բայց նրա ոչ միայն կառավարության կազմի, այլև էկրանին երևացողների, հետևում կանգնողների վերաբերյալ դիտողություններն ակնհայտ են: Դա լա՞վ է, թե՞ վատ: Կարծում եմ՝ վատ չէ: Ինչո՞ւ. ես ենթադրում եմ, որ այս կամ այն կերպ վարչապետը՝ որպես հեղափոխության առաջնորդ, ոչ որպես վարչապետ, կունենա 60 տոկոս ձայն կամ դրան մոտ: Դա թույլ կտա ունենալ կայուն մեծամասնություն:

Բայց եթե բացառենք «Լուսավոր Հայաստանի» հաջողությունը, մենք կունենանք դասական իմաստով խորհրդարան, որի բանաձևը հետևյալն է քաղաքագիտության մեջ: Ակնհայտ է, որ խորհրդարանական հանրապետությունը պետք է ունենա պարտադիր բալանսավորված կամ հավասարակշռված խորհրդարանական կազմ՝ տարբեր բևեռներով կամ խմբերով, և այդ պարագայում պետությունը շահում է:

Բայց խիստ վտանգավոր է, եթե վարչապետն ունենա 80 և ավելի տոկոս ձայն: Այդ պարագայում կունենանք բացարձակ մեծամասնություն, մենք կունենանք վերակրկնության վտանգ ՀՀԿ-ի տեսքով, երբ նրանք անընդհատ իրենց և իրենց մանկլավիկների միջոցով թխում էին օրենքներ՝ հաշվի չառնելով ռեալ քննադատությունը: Դրա համար պետության հաջողությունը և պետության շահերից է բխում բալանսավորված խորհրդարանի գոյությունը, ինչը կարծում եմ՝ ստացվելու է:

- ՀՀԿ-ն շարունակում է ցույց տալ իր խորհրդարանական մեծամասնության ուժը, ՀՀԿ-ական պատգամավոր Արամ Հարությունյանին անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ նիստ չգումարվեց, քանի որ քվորում չկար: Այսինքն՝ ՀՀԿ-ն չգալով խորհրդարան՝ չուզե՞ց հանձնել իր կուսակցին, ով մեղադրվում է կաշառքի գործով:

- ՀՀԿ-ն երբեք արժանապատիվ կեցվածքով աչքի չի ընկել, բացի իր պոռոտախոսությունից՝ հայրենիք, պետություն, Նժդեհ: Նժդեհի անունը չեք լսում, չէ՞, այլևս, չկան նժդեհականները: Վերջին հաշվով իրավական և դատական համակարգերի լուծելիք հարցն է դա:

- Իսկ կոռուպցիոն նման դեպքերով հնարավո՞ր է բացահայտումներն ավելի վերև գնան: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ շղթան կարող է քանդվել:

- Եթե հիշում եք, ես երկու-երեք շաբաթ առաջ խոսեցի խորքային պետության գոյության մասին: Ես ասացի, որ առաջին ֆասադը մաքրված է, հիմա մի քիչ մարդկային դեմքով են, սափրված են, Մանվելն ու Շմայսը չկան, բայց այն բացահայտումները, որոնք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունն անում է, հանդիպել են խորքային պետության գրանիտե պատին: Դա շատ ավելի բարդ գործընթաց է, բայց քրեաօլիգարխիկ համակարգի ներքին շերտերն անպայման կբացահայտվեն:

Պետք է գնալ կազմաքանդման, այլապես մենք ժողովրդավարություն չենք ունենա: Բայց սրանք կատաղի դիմադրելու են, խորամանկելու են: Պարզ է, որ այդ միլիարդները հնարավոր չէր յուրացնել միայնակ ու գրպանել, դա բանդաներն էին անում:

Կբացահայտվի, կտեսնենք՝ այդ դղյակները որտեղի՞ց: Ես նրանց մի անգամ խորհուրդ էի տվել, ասել էի՝ դղյակների փոխարեն տանկեր գնեք: Եթե ինձ լսած լինեին, վաղուց տանկեր գնած կլինեին, այսօր էլ գիշերը հանգիստ կքնեին; Բայց դա Հայաստանի անցյալն է, ապագան ձեր աչքի առաջ է և ապագան պետք է կառուցվի երիտասարդ կուսակցությունների միջոցով: Նոր Հայաստանը չի կարող կառուցվել հին կուսակցություններով:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am