Նախընտրական սեր մանկատանը

05-12-2018
1076 դիտում
Նախընտրական սեր մանկատանը

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու մի երիտասարդ «նախընտրական պայքարից դուրս» այցելել է Գավառի մանկատուն։ Եվ այդ մասին պատվիրել ռեպորտաժ։ Հեռուստատեքստում կա այսպիսի նախադասության՝ «Պատգամավորության թեկնածու Հայկ Սարգսյանի այցը մանկատուն բնավ էլ նախընտրական հանդիպումների շարքից չէր»։

Մենք էլ հավատացինք։ Այսինքն՝ ի՞նչ է հեղափոխությունը՝ մեզ հիմարի տեղ դնելու հրավառությո՞ւն։

Այս տղան, ինչպես հասկացա, Գավառի մանկատուն երբեմն այցելում է։ Երեխաներն ասում են, որ սպասված հյուր է։ Ոչ մի խնդիր։ Բայց ինչո՞ւ ես այդ ամենը տեսախցիկների առաջ անում, երիտասա՛րդ։ Եվ ինչո՞ւ այդ մանկատուն քո ամառային այցելության մասին ոչինչ չգիտենք, իսկ հիմա իմանում ենք։

Շատ տգեղ բան ես արել, երիտասա՛րդ։ Շատ տգեղ։ Եվ եթե դու դա արել ես, ուրեմն իմաստ չունի քեզ ասելու, որ նման բան մի՛ արա։ Այսինքն՝ այցելիր, գիշերիր, եղիր եղբայր այդ ծնողազուրկ տղաներին ու աղջիկներին, բայց՝ տեսախցիկներից հեռու։ Իսկ դու ուզում ես հերոսանալ, դու ուզում ես դառնալ հեղափոխության զավակը, որը որբ չէ, նրա հայրը Նիկոլն է։ Եվ դու ուզում ես Նիկոլի հաշվին լինել եղբայր։ Դու Նիկոլի անունից ես անում այս տգեղ արարքը։

Ի՞նչ է նշանակում «պատգամավորության թեկնածու Հայկ Սարգսյանի այցը մանկատուն բնավ էլ նախընտրական հանդիպումների շարքից չէր»։ Դու ո՞ւմ ես ծաղրում և ինչո՞ւ չես պարզաբանել, թե ինչո՛ւ նախընտրական հանդիպումների շարքից չէր։ Բա ինչո՞ւ ես պատգամավորի թեկնածու։ Ինչո՞ւ ես շեշտում, որ նախընտրական հանդիպումների շարքից չէր։

Դուք կարո՞ղ է հոգու խորքում հանրապետական եք, ուղղակի Նիկոլի թևի տակ։ Ո՞ւմ եք հիմարացնում։ Մանկատան տասնյակ շրջանավարտներ իրենց գլխին ծածկ չունեն, գնա նրանցով զբաղվիր, երիտասա՛րդ, Գավառի մանկատան երեխաները խնդիր չունեն։ Գուցե հավելյալ ջերմությունն ավելորդ չէ, համաձայն եմ, բայց ինչո՞ւ ես քո «սերը» թմբկահարում։ Ինչո՞ւ ես սարքում ռեպորտաժ։ Գուցե քո հանդեպ հրապարակային համակրանք խոստովանող ծնողազուրկ աղջիկը վաղը վատ է զգում իր արարքի համար։

Նախընտրական հանդիպումը միշտ խնդրին ծանոթանալ է ենթադրում։ Դու խնդրի հետևից չէիր գնացել, գնացել էիր հավաստելու քո սերը այդ երեխաների հանդեպ։ Մի՛ արեք նման բաներ։

Ես տեսա այդ երեխաների համակրանքը, տեսա, որ այդ երեխաները թեկնածուին լավ գիտեն։ Լրագրողն ասում է, որ Հայկ Սարգսյանն ամառն էլ է այցելել մանկատուն Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի կարգավիճակով։

«Մանկատան կյանքերի հետ տժժում ենք», -օգոստոսին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Հայկը համապատասխան տեսանյութով։ Լավ էր անում։ Այն ժամանակ այդ «սերը» թեմա չէր։ Հիմա թեմա է։ Որովհետև եկել ես երեխաներից ամռանը «տժժալու» պարտքն ուզելու։ Ու եկել ես դա անելու հրապարակային։ Բոլորը չգիտեն, որ «տժժացել» ես։ Ու հենց դա է սարսափելին, որ պարտքն ուզելդ ավելի հրապարակային է։ Դուք մա՞րդ եք, թե՞ տոկոս։

Դուք ի՞նչ եք ուզում ասել հիմա, որ հեղափոխությանը մասնակից լինելը ձեզ ամեն ինչ թո՞ւյլ է տալիս։ Իսկ հանրապետականներին ինչո՞ւ հեռացրեց ժողովուրդը։ Որովհետև մանկատան երեխան նրանց համար «սիրո» դրոշ էր։ Եվ այս ամենը, հասկանո՞ւմ եք, անում եք Նիկոլի անունից։ Տգեղ էր, մի խոսքով։ Այդ երեխաներն իրենք էլ կարիք ունեն սիրելու մարդուն։ Եվ Աստված ոչ անի, եթե մի օր հասկացան, որ իրենց սերը նախընտրական է։ Կամ ինչ-որ մեկն այդ սերը դարձրել է նախընտրական։

Մհեր Արշակյան

MediaLab.am