Քաղաքական մանիպուլյացիա `ՀՀԿ-ն կենդանի պահելու համար, ինչն իր վրա է վերցրել Դավիթ Շահնազարյանը. իրավապաշտպան

05-12-2018
930 դիտում
Քաղաքական մանիպուլյացիա `ՀՀԿ-ն կենդանի պահելու համար, ինչն իր վրա է վերցրել Դավիթ Շահնազարյանը. իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 3-րդ համար, ԱԱԾ նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի շուրջ ստեղծված աղմուկը ընդամենը մեկ նպատակ ունի`վերակենդանացնել Հանրապետական կուսակցությունը։

«ՀՀԿ ցուցակում երրորդ տեղը գրաված անձը եկել է գովազդելու ՀՀԿ-ն, և դա նրան հաջողվում է։ Նրա քայլերը, հայտարարություններն ուղղված են ՀՀԿ-ին մեռած տեղից կենդանի պահելու համար։ Հայտարարությունները, բնականաբար, պետք է այնքան սուր լինեն, չնայած ես հետևել եմ նրա խոսքին ու չեմ տեսնում այնտեղ սուր բան, չնայած ԱԱԾ-ն էլ չի հստակեցնում ՝ կոնկրետ դրանք ա՞յն հայտարարություններն են, որոնցով կարող են քրեական գործ հարուցել։ Այսինքն՝ պետական դավաճանություն և այլն, ես դրանք համարում եմ դատարկ խոսքեր, որովհետև այդտեղ հիմքեր ոնց որ թե չեն երևում»,- «Մեդիալաբին» ասում է Ալեքսանյանը։

Իրավապաշտպանը տեղի ունեցող իրադարձությունները որակում է որպես քաղաքական մանիպուլյացիա`ՀՀԿ-ն կենդանի պահելու համար, ինչի գործառույթն էլ իր վրա է վերցրել Դավիթ Շահնազարյանը։

Այսօր ավելի վաղ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով այն փաստին, որ իրեն հրավիրել են ԱԱԾ, սակայն ինքը չի գնացել, Դավիթ Շահնազարյանն ասել է, որ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, որի հրամանը տվել է արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Փաստաթղթում գրված է, որ նոյեմբերի 27-ի մամլո ասուլիսին ես հայտարարություններ եմ արել, որ ներկայիս կառավարությունը իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրականացնում է դավադրություն Արցախի դիմաց։ Հիմա էլ մեկ անգամ ևս հայտարարում եմ, որ ներկայումս նույն քաղաքականությունն է իրականացնում, ես իրավական գնահատական առայժմ չեմ տալիս, ես քաղաքական գնահատական եմ տալիս։ Ես ղեկավարել եմ այդ կառույցը և 23 տարվա ընթացքում այդ կառույցի վերաբերյալ որևէ բան չեմ ասել, այսօր այդ կառույցը պետության հետ կապ չունի և միայն ու միայն Փաշինյանի ասածներն են կատարում։ Այն, ինչ իրենք պատրաստվում են իրականացնել Արցախի հարցում, մենք թույլ չենք տալու»,- այսօր ասուլիսում հայտարարել է Դավիթ Շահնազարյանը՝ կոչ անելով բացառապես քվեարկել ՀՀԿ-ի օգտին, հակառակ դեպքում իշխող ուժի օգտին գնացող ամեն մի ձայն մի կրակոց է Արցախի վրա։

Իր հերթին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Շահնազարյանի հայտարարություններին, ասել է.

«Սա պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է»։

Փաշինյանը նշել է, որ Շահնազարյանը իրենց մեղադրել է ինչ-ինչ ուժերի հետ միասին ընդդեմ Արցախի և ընդդեմ Հայաստանի ու հայ ժողովրդի դավադրություն կազմակերպելու մեջ, ինչը նշանակում է, որ նման հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն:

«Ասուլիսներ հրավիրելու ժամանակ թող մարդիկ փաստեր ներկայացնեն՝ ի՛նչ դավադրություն է: Մարդիկ պետք է հստակ իմանան՝ եթե կա քաղաքական դավադրություն կամ կա ստախոսություն»,- ասել է Փաշինյանը։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ կարծում է՝ «Իմ քայլը» դաշինքը, բանավեճի մեջ մտնելով Հանրապետականի հետ, ընդամենը բարելավում է ՀՀԿ-ի դիրքերը, դարձնելով դրանք ավելի շահեկան: «Եվ այս ամենը առայժմ այս պահի դրությամբ գնահատում եմ որպես քաղաքական հնարք ու քաղաքական խաղ»,- ասում է նա։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am