Զգուշացեք, կեղծ լուր է: Ինչպե՞ս է ապատեղեկատվությունը մարդկանց կյանքեր խլում

05-12-2018
288 դիտում
Զգուշացեք, կեղծ լուր է: Ինչպե՞ս է ապատեղեկատվությունը մարդկանց կյանքեր խլում

«Կեղծ լուրեր» (անգլերեն` fake news) եզրույթը համաշխարհային տարածում ստացավ 2016թ․ ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ։ Ըստ կեղծ լուրերով զբաղվող կանադացի լրագրող Քրեյգ Սիլվերմանի (Craig Silverman) վերլուծության, այդ ընտրությունների ժամանակ 19 խոշոր լրատվամիջոցների ամենաընթերցված 20 նյութերը Ֆեյսբուքում ավելի քիչ օգտատերերի են ներգրավել (engage), քան 20 ամենատարածում գտած կեղծ նյութերը։ Այդ ժամանակ կեղծ լուրեր տարածում էին բոլոր կողմերը, սակայն անհամեմատելի ավելի շատ էին խիստ աջակողմյան (պահպանողական) կողմնորոշում ունեցողները, որենք աջակցում էին թեկնածու Դոնալդ Թրամփին կամ վարկաբեկում նրա մրցակից Հիարի Քլինթոնին։

Թե ինչքանո՞վ էին կեղծ նյութերն ազդել ընտրողների որոշման վրա՝ պարզ չէ։ Ըստ Օհայո նահանգի պետական համալսարանի կողմից անցկացված ուսումնասիրության, 2012 թվականի նախագահական ընտրություններում դեմոկրատ Բարաք Օբամայի օգտին քվեարկած ընտրողները, որոնք 2016 թվականին երես էին թեքել դեմոկրատներից (ընտրելով Թրամփին կամ մեկ այլ թեկնածուի, կամ ընդհանրապես չմասնակցելով ընտրություններին), ավելի շատ էին հակված կեղծ լուրերի հավատալուն, քան մնացած մարդիկ։ Այլ փորձագետներ, սակայն, քննադատել են այս ուսումնասիրությունը թերի լինելու համար։ Հեղինակներն իրենք էլ խոստովանում են, որ ուսումնասիրությունը չի ապացուցում, որ հենց կեղծ լուրերն են փոխել «ճամբարափոխների» կարծիքը, այլ միայն ցույց է տալիս, որ վերջիններս հակում ունեն հավատալու կեղծ լուրերի։ Ամերիկացի հոգեբան Դեյվիդ Ռենդի (David Rand) կարծիքով էլ, կեղծ լուրերի հավատալու հակում ունեն հատկապես տարեց և պակաս կրթություն ունեցող ընտրողները։

Սովորաբար, ընտրություննրի ընթացքում, ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Հայաստանում, գործածվում են բազմաթիվ «կեղտոտ» գործիքներ, որոնք հիմնականում «անմեղ» են լինում` քլիքաբեր (clickbait)։ Սակայն, ցավոք, միշտ չէ, որ կեղծ լուրերը անվնաս են լինում` բառի հենց ֆիզիկական իմաստով։ Կան միջազգային մի շարք օրինակներ, երբ կեղծ լուրերը վիրտուալ հարթակից տեղափոխվել են իրականություն և լուրջ հետևանքներ ունեցել։ Այդպիսի օրինակներից է, մասնավորապես, օգոստոսին Մեքսիկայում երկու տղամարդու դաժան սպանությունը։ Ինչպես գրում էր միջազգային մամուլը, կատաղած ամբոխը դաժան ծեծի էր ենթարկել 21-ամյա երիտասարդի և նրա 56-ամյա հորեղբորը, որից հետո նրանց ողջակիզել էին քաղաքի ոստիկանության բաժանմունքի դիմաց։ Պատճառը WhatsApp-ով շրջանառված կեղծ լուրերն էին, թե իբր 2 տղամարդ երեխաներ են առևանգում և նրանց մարմնի օրգանների վաճառքով զբաղվում։

2014թ․ մայիսին Բրազիլիայում համազգային շոկ էր, երբ 33-ամյա մի կին կախաղան էր հանվել ամբոխի կողմից իբր թե առևանգված երեխաների վրա մոգական ծիսակատարություններ անելու պատճառով։ Երկու երեխաների մայր հանդիսացող կնոջ միակ մեղքը եղել էր երեխաների առևանգման մեջ մեղադրվող մեկ այլ կնոջ հետ արտաքին նմանությունը։ Իսկ Հնդկաստանի հարավում միայն այս տարվա մայիսին առնվազն հինգ մարդիկ են սպանվել WhatsApp-ով շրջանառված շշուկների պատճառով։ Նույն Հնդկաստանում անցած տարվա մայիսին յոթ անմեղ տղամարդիկ էին սպանվել՝ մարդկանց առևանգման մեջ կասկածվելու պատճառով։ Նման շշուկներն այնքան վտանգավոր են դարձել Հնդկաստանում, որ տեղի ոստիկանությունն իր աշխատակիցներին ուղարկում է գյուղից գյուղ՝ մարդկանց անհիմն հաղորդակցությունների մասին զգուշացնելու նպատակով։

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում 2016թ․ դեկտեմբերին մի 28-ամյա տղամարդ ինքնաձիգով կրակոցներ արձակեց Comet ռեստորանի ուղությամբ։ Այդ արարքին նրան դրդել էր դավադրության մի տեսություն, ըստ որի, Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի  ղեկավար Ջոն Պոդեստայի նամակներն իբր ապացուցում էին նրա կապը անչափահասների սեռական շահագործմամբ զբաղվող շրջանակի հետ։ Այդ շրջանակի հետ էր կապվում նաև ռեստորանը, իսկ տղամարդը՝ իր պատկերացմամբ, ցանկանում էր փրկել շահագործվող երեխաներին։ Դավադրության տեսությունը ծագել և տարածվել էր համացանցում։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այստեղ ևս կեղծ լուրերը լայնորեն տարածվում են սոցիալական ցանցերում։ Դրանցից որոշները իրենց մեջ կրում են վտանգավոր կամ վնասարար տարրեր։ Թերևս, արժե հիշատակել ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը, որը պարբերաբար հանդես է գալիս սադրանք պարունակող հրապարակումներով:

Էջը ներկայանում է Նիկոլ Փաշինյանի նկարով և օգտագործում թավշյա հեղափոխության ժամանակ կարգախոս դարձած «դուխով» բառը՝ մարդկանց մոտ շփոտություն ստեղծելով։ Ստորև ներկայացնում ենք էջի մի քանի հրապարակումներ, որոնք ակնհայտ սադրանքներ են պարունակում և դրդում մարդկանք բռնության:

Հրապարակման հասցեն՝ https://www.facebook.com/DuxArmenia/posts/667789340263467
Հրապարակումների հասցեները՝ https://www.facebook.com/DuxArmenia/posts/696061270769607, https://www.facebook.com/DuxArmenia/photos/a.668815683494166/695166994192368/

Բարեբախտաբար, նման դեպքերում Հայաստանում հաջողվել է խուսափել ողբերգությունից, սակայն միայն փաստը, որ նման հրապարակումները կարող են ակտիվ տարածվել և ոմանց համար արժանահավատ թվալ, ահազանգում է, որ հասարակության շրջանում մեդիագրագիտության մակարդակի բարձրացման լուրջ մարտահրավեր կա:

Հովհաննես Նազարեթյան

Աղբյուրը` fip.am