«Ջուլիետայի սպանությունը կնասպանություն է, որը տեղի է ունեցել հանրային տարածքում, նա անապահով խավից էր, ինչը նրան առավել խոցելի էր դարձնում». հայտարարություն

06-12-2018
526 դիտում
«Ջուլիետայի սպանությունը կնասպանություն է, որը տեղի է ունեցել հանրային տարածքում, նա անապահով խավից էր, ինչը նրան առավել խոցելի էր դարձնում». հայտարարություն

Հայտարարություն կնասպանության դեպքի վերաբերյալ 

2018 թվականի դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը: Անհայտ անձը վաղ առավոտյան հարձակվել է Գյումրու Սլաբոդկա թաղամասում բնակվող, 1961 թվականին ծնված կնոջ վրա, որն այդ պահին դուրս է եկել աշխատանքի՝ փողոցը մաքրելու։ Կինը հիվանդանոց տեղափոխվելով այդպես էլ ուշքի չի եկել և մահացել է հասցված` կյանքի համար անհամատեղելի վնասվածքներից։

Նրա մոտ ախտորոշվել է «պոլիտրավմա, գանգուղեղային փակ վնասվածք, կրծքավանդակի փակ վնասվածք, տրավմատիկ շոկ, կոմա»: Ըստ պաշտոնական տեղեկատվության` դեռևս չկա անձ, որը կասկածվում է տվյալ հանցագործությունը կատարելու մեջ։ Հայտնի է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով։

Ջուլիետայի սպանությունը կնասպանություն է, որը տեղի է ունեցել հանրային տարածքում։ Կինը նաև անապահով խավի ներկայացուցիչ էր, ինչը նրան առավել խոցելի էր դարձնում։ Կատարված սպանությունը կնասպանության ակնառու դեպք է, քանի որ առկա է կապ հանցագործության և կնոջ գենդերային ինքնության միջև: Կնասպանությունն այն հանցագործությունն է, որը հայրիշխանական համակարգի կողմից ապաքաղաքականացվում է և մեկնաբանվում որպես «խենթ անձանց կողմից» իրականացվող հանցագործություն, ինչի հետևանքով էլ շատ հանցագործներ չեն ստանում այդ հանցանքի դիմաց համաչափ պատիժ:

  • «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան, գիտակցելով բոլոր ռիսկերն ու համակարգային ոչ զգայուն մոտեցումները, կոչ է անում իրավապահ համակարգին իրականացնել բազմակողմանի և մանրամասն քննություն, բացահայտել հանցագործին և պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ։
  • «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հետևելու է կնասպանության այս դեպքին վերաբերող բոլոր զարգացումներին, շարունակելու է հավաքագրել տեղեկատվություն և հետամուտ է լինելու արդար և բազմակողմանի քննության անցկացմանը։    Coalition to Stop Violence against Women