«Ի՞նչ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսքը, այլ խնդիր է, որ 10 տարիների ընթացքում Քոչարյանի արարքներին չէր տրվել իրավական գնահատական»․ փաստաբան

07-12-2018
770 դիտում
«Ի՞նչ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսքը, այլ խնդիր է, որ 10 տարիների ընթացքում Քոչարյանի արարքներին չէր տրվել իրավական գնահատական»․ փաստաբան

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղդրանքի հիմքում բացակայում են քաղաքական բաղադրիչները, նրա կալանքի այսօրվա որոշումը չի կարող քաղաքական ենթատեքստ ունենալ: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում փաստաբան Նորայր Նորիկյանը:

Ըստ նրա՝ բացառվում է, որ Մարտի 1-ի գործի շրջանակներում Քոչարյանի նկատմամբ քաղաքական որևէ հետապնդում իրականացվի:

«Այլ խնդիր է, որ, այո, Ռոբերտ Քոչարյանը, նրա պաշտպանական թիմն ու աջակիցները փորձելու են այս խնդիրը տեղափոխել բացառապես քաղաքական հարթություն և քաղաքական դաշտ տեղափոխելու ճանապարհով փորձելու են դիվիդենտներ ակնկալել և հասարակության ուշադրությունը շեղել գործի էությունից: Իսկ գործի էությանը շատ պարզ է ՝2008 թվականի մարտ ամսին՝ նախագահական ընտրություններից հետո, հազարավոր քաղաքացիներ ուղղակի ենթարկվել են հետապնդումների, հալածանքների, զորք է կիրառվել ժողովրդի դեմ, 10 սպանված ունենք, զինված ուժերը ներքաշվել են քաղաքական գործընթացների մեջ»,- «Մեդիալաբի» ասում է Նորիկյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր որոշեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառել խափանման միջոց կալանավորումը:  Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Առաջին ատյանի դատարանը Քոչարյանին կալանավորելու որոշում էր կայացրել, բայց օգոստոսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը վերացրել էր կալանավորելու որոշումը՝ հաշվի առնելով այն, որ  Քոչարյանն անձեռնմխելի է:

Մեղադրող կողմը դիմել էր Վճռաբեկ դատարան, նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը բեկանել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Եվ ահա դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանը կալանքի մասին որոշում կայացրեց:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները սա քաղաքական հետապնդում են որակում:

Փաստաբան Ռուբեն Սահակյանի խոսքով՝ ներքաղաքական թոհուբոհ է, ընտրություններին ընդառաջ դատարանը նման որոշում է կայացնում, որպեսզի մարդկանց ասեն՝ «Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ին»:

Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ևս հայտարարեց, որ սա դատարանի վրա կիրառված ճնշումների ներքո կայացրած որոշում է:

Փաստաբան Նորայր Նորիկյանն ասում է, որ ակնհայտ է՝ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի մարտին, գերազանցելով իր սահմանադրական լիազորությունները, իրականացրել է իր գործառույթներից ակնհայտորեն չբխող գործառույթներ:

«Ի՞նչ քաղաքական հաշվեհարդարի մասին է խոսքը, այլ խնդիր է, որ նախորդ 10 տարիների ընթացքում նրա արարքներին չէր տրվել իրավական գնահատական: Հիմա իշխանություն է փոխվել, նոր իշխանությունները որդեգրել են մի կուրս, որ նախկինում հանցագործություն կատարած անձինք՝ անկախ իրենց զբաղեցրած դիրքերից, պաշտոններից, ունեցած կարողություններից, պետք է պատասխան տան օրենքի առաջ»,- ասում է Նորիկյանը:

Հետևաբար, ըստ նրա, Քոչարյանի ու նրա փաստաբանների հայտարարությունները մերկապարանոց են: Ըստ Նորիկյանի՝ որևէ մեկը չի կորցրել իր հիշողությունը, պետք է թարմացնել մարդկանց հիշողությունը, այդ թվում՝ Քոչարյանի: Քաղաքական հետապնդումներն ու հաշվեհարդարները հենց այդ ժամանակահատվածում էին իրականացվում Հայաստանում:

Այն, որ խորհրդարանական ընտրություններից երկու օր առաջ է Քոչարյանին կալանավորելու որոշում կայացվում, Նորիկյանի խոսքով, կարող է շահարկումների առիթ լինել:

«Ես առաջին մտահոգվողներից մեկն եմ եղել, որ դեկտեմբերի 9-ի խորհրդարանական ընտրություններցի մեկ օր առաջ նման որոշում կայացնելու պայմաններում չի բացառվում, որ Քոչարյանի թիմն ու նրա աջակիցները այդպիսի ուղերձներ մղեն միջազգային հանրությանը, որ՝ տեսեք, արտահերթ խորհրդարանական ընտրություններից մեկ օր առաջ ՀՀ իշխանությունները բանտ են ուղարկում երկրի երկրորդ նախագահին: Կասեն, որ սա քաղաքական պատվեր է, Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգն է»,- ասում է Նորիկյանը:

Ըստ նրա՝ այս գործի քննության ամբողջ ընթացքում քաղաքական շահարկում լինելու է, որովհետև գործ ունենք իր բնույթով մեծ հնչեղություն ունեցող գործի հետ:

«Ուղղակի ես այս ամենի մեջ մի բան կարձանագրեմ՝ ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են մնալ իրենց բարձրության վրա, իրականացնել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ ու օրենսդրությամբ իրենց ամրագրված լիազորությունները, դուրս չգալ դրանց շրջանակներից, ապահովել բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննություն՝ գործով միայն ու միայն օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու համար: Սա է այս իշխանություների և իրավապահ համակարգի թիվ մեկ առաքելությունը, սա այն գործը չէ, որտեղ պետք է վրիպուներ թույլ տալ»,- ասում է Նորայր Նորիկյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am