Նարեկ Սարգսյան․ Ֆրանկլին Գոնսալեսը

07-12-2018
2572 դիտում
Նարեկ Սարգսյան․ Ֆրանկլին Գոնսալեսը

Պրահայի ոստիկանությունը հայտնաբերել եւ կալանավորել է Ֆրանկլին Գոնսալեսին։ Հայտնաբերվողը համեստ եւ առանց հավակնությունների մի տղա է․ նա մարդ է, որը հրաժարվել է իր անուն ազգանունից, եւ իր համար գրեթե կեղծանուն է մտածել։

Մարդիկ փորձում են իրենց անուն ազգանունով հռչակվել, այս երիտասարդը հրաժարվել է իրենից ու վերցրել գվատեմալական ինքնություն։ Իսկ երբ իր հայրը ձիու վրա էր, նրանց տանը վերելակի ոսկեզոծ դռան վրա դաջված էր մի մսոտ անուն՝ Նարեկ։ Բայց երիտասարդը մի խնդիր է ունեցել՝ նա հետախուզման մեջ էր, այսինքն, թաքնվում էր իրավապահներից։ «Ֆրանկլինի» լուսանկարից հասկանում ես՝ նա նույնիսկ իր կեղծ անուն ազգանունը չէ, նա ոչ մեկն է։ Մարդ, որն իրենով ապականել էր Հայաստանը, հիմա էլ Գվատեմալայի անունից գնացել էր ապականելու Չեխիան։

Անունն էր ափսոս, մեկ էլ՝ Չեխիան։

Խոսքը, եթե շատ չերկարացնենք, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Նարեկի մասին է։

Նա հետախուզվում էր հուլիսի 4-ից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու եւ այլ օրենքով հետապնդելի արարքների համար։ Հասկանու՞մ եք, Նարեկը պարզապես կատարել է քրեական հետապնդման ենթակա արարքներ, ինչպես Սադդամ Հուսեյնի կամ Մուամմար Քադաֆիի որդիները։ Մարդն իրեն անպատիժ է զգացել։ Ծովը ծնկներից էր։ Մարդն իրեն նեղություն չի տվել մտածելու, որ Հայաստանը փոքր պետություն է ցանկացած հանցանքի համար, որ ամեն էդպիսի հանցանք Հայաստանը դարձնում է խեղճ, զրկում է դիմադրողականությունից։ Հայաստանը երկար տարիներ ապրում էր առանց գլուխը բարձրացնելու, որովհետեւ, դիցուք, այս տղան վիշապի նման նստած էր Հայաստանի գլխին։ Իսկ հիմա էդ վիշապին պատկերացրեք ճողոպրելիս։

Երբ նայում ես նրան վերագրվող մեղադրանքին, հասկանում ես, թե ում է «բարուրել» Հայաստանը, զենքն այս երիտասարդի ինչի՞ն է պետք։ Կամ ռազմամթերքը։ Այս երիտասարդը իր Հայրենիքն իբրեւ պալիգոն է ընկալել, որտեղ ամեն շարժվող կամ անշարժ բան թիրախ է։ Պալիգոնում արժեքներ չկան։

Ապագա «Ֆրանկլինի» համար կյանքն այստեղ այնքան քիչ բան էր առաջարկում իրեն, որ այդ քիչը կարելի էր լրացնել թմրանյութով, որի ապօրինի շրջանառության կամ իրացնելու մեջ նույնպես մեղադրվում է։

Հորն անձամբ եմ տեսել Երեւանի հյուրանոցներից մեկի ռեստորանում անջատված, նրա հետեւից ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր եկել։ Այսինքն (եւ մենք այստեղ պետք է անցնենք մեր «Ֆրանկլինի» պաշտպանությանը) մեր հերոսն այլ բան չի տեսել իր տանը, հայրը փողոց էր դուրս գալիս մի վիճակով, որում կարելի էր կարդալ՝ թքած ունեմ սաղիդ վրա:

«Ֆրանկլինը» զոհ է։ «Ֆրանկլին» անպատժելիությունը հովանավորել է «պետությունը», որովհետեւ «պետությունն» այլ բան չէր կարող առաջարկել երկիրը հոր ու հորեղբոր քավորությամբ պալիգոն ընկալողին։

Իր սերը, իր համակրանքներն այս երիտասարդը իրացրել է այդ անպատժելիության միջով, այսինքն, առանց իրեն հաշիվ տալու, որ ինչ-որ բանի հասնելու համար կարելի է նաեւ քրտնել։ Նրան քրտնել ոչ ոք թույլ չի տվել, ես նույնիսկ կարծում եմ, որ նա անընդհատ ուրիշ զգացողություններ է փնտրել իր տանը, Հայաստանում եւ ողջ աշխարհում, եւ տան վերելակին մսոտ ոսկով փորագրված «Նարեկ» անունը հենց այդ զգացողությունների շարքից է։

Այդ զգացողությունները նրանից կարող էին պահանջել ինչ-որ մեկի մահը, ինչ-որ մեկի հանդեպ բռնությունը, անընդհատ անկողին, անընդհատ թմրամիջոց։ Այս երիտասարդն ամեն օր կերակրվել է այդ զգացողություններով։

Նարեկը հայտնաբերվել եւ կալանավորվել է։ Դա կլինի նրա մասնակցությունը հոր կրթությանը։ Որովհետեւ երբեք ուշ չէ։

Մհեր Արշակյան

MediaLab.am