«Խիյարի մինուսն ու պլյուսը պիտի ճիշտ միացնես». Վահրամ Սահակյանը` բեղավոր կանանց, Шариков-ամուսինների, արտագաղթի եւ երկրի վիճակի մասին

17-02-2013
2933 դիտում
 «Խիյարի մինուսն ու պլյուսը պիտի ճիշտ միացնես». Վահրամ Սահակյանը` բեղավոր կանանց, Шариков-ամուսինների, արտագաղթի եւ երկրի վիճակի մասին

«Մեդիալաբի» զրուցակիցն է արձակագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը

- Պարո´ն Սահակյան, այսօր եթերը լի է անորակ սերիալներով, երաժշտական տարբեր անճաշակ մրցույթներով: Ինչո՞ւ է այս իրավիճակը ստեղծվել, հասարակության մոտ նման պահանջա՞րկ է ձևավորված, թե՞ այլ խնդիր կա:

- Չի կարող լինել նման աղբի համընդհանուր պահանջարկ։ Բայց էսպիսի մի խոսք կա՝ ինչ որ հաղորդես, այն էլ կլսեն։ Իսկ հեռուստատեսությունների բնածին անկշտությամբ օժտված ղեկավարներն առաջնորդվում են հասարակության ամենացածր, ամենաստորին, ամենաանմակարդակ խավին հաճոյանալու, նրանց միջոցով էժանագին «ռեյտինգ» կորզելու հանցավոր եղանակով։ Հիշում եմ` 80-ականներին դժվարությամբ ձայնապնակներ էինք ճարում, տանում էինք ռադիո, արտագրում էինք, փոխանակում, ու ռադիոյով բարձրորակ երաժշտություն էին հաղորդում։ Մեծամասնությունը հաճույքով ջազ, ջազ-ռոք էր լսում։ Իսկ հիմա փորձեք հետ-առաջ տանել FM-ները՝ չկա, հեռուստատեսություն և ռադիո արդեն գոյություն չունի, մեռել է… Երբ ասում են. «Ինչպե՞ս կարելի է եթերը մաքրել», ես պատասխանում եմ. «Մահացածին վերակենդանացնել չի լինի»։

Մեկ-մեկ ինձ հարցնում են. «Ինչո՞ւ ելույթ չեք ունենում հեռուստատեսությամբ»… Ես ասել եմ ու էլի կասեմ. «Հայկական ցանկացած հեռուստատեսություն մտնելը նույնն է, որ ինքնակամ մտնես կոյուղի»: Խոսքը կանալիզացիայի մասին է։ Իրենք արդեն չեն կանչում ստորախավերին, որովհետև վաղուց արդեն իրենք են էնտեղ նստած։ Ու փող են աշխատում՝ ցուցադրելով ատամները թափած, բեղավոր կանանց, նրանց Шариков-ամուսիններին ու նրանց անճոռնի լակոտներին։ Ոչ մի նորմալ ծնող հաճույք չի ստանա, երբ իր լակոտը ծամածռվելով ոռնա եթերով մեկ։ Դրանից միայն «կայֆ է ստանում»… ի՞նչ ասեմ դրանց… պրոլետարիատ էլ չասեմ… խոզի ինստիկտներով ապրող Быдло-ն, էլի… Быдло, որին վաղուց արդեն Նուբարաշենի աղբանոցում թավալ տալը չի «դզում», իրենք պետք է հաղորդումներում երգեն, պարեն, սերիալներում զռռան, զկռտան, քիթ քաշեն:

Խորհրդային տարիներին կային խմբակներ, մեկը գնում է թատերական, մյուսը երաժշտական, մյուսը գրական խմբակ, որովհետև իրենք գիտեին, որ սիրողը լավ բան է, բայց իրանց մեջ կա նաև շատ վատ բան, դա վտանգավոր է, սիրողները պիտի մի բանով զբաղվեն, հանգստանան: Էդ սիրողներին ոչ ոք եթեր չէր տալիս, էն ժամանակ թատերական ինստիտուտի ուսանողն իրավունք չուներ ֆիլմում խաղալու, մինչև փորձ ձեռք չբերեր: Իսկ հիմա էդ ամբողջ սիրողականությունը լցվել է եթեր: Ես զարմանում եմ. նայում ես` երիտասարդ աղջիկ է, ճիշտ ա, ես իրեն փողոցում տեսնեի, վրան չէի նայի, ու ինքն ասում է՝ ես սիրում եմ թատրոն: Հա, սիրում ես, բայց դու էնքան անկիրթ ես, էնքան ցածրախավ ու էնքան կեղտոտ արյուն ես, որ բոլորի վրա թքելով կարող ես ելնել եթեր, էնտեղից լացել, ոռնալ, զկռտալ, մի խոսքով՝ այլանդակվել։ Քեզ չե՞ն սովորեցրել, որ զկռտալը ուրիշների ախորժակն է փչացնում:

Ոնց որ Բուլգակովի «Собачье сердце»-ում, էդ նույն Шариков-ներ են նստած բոլոր տեղերում՝ ընդդիմության մեջ, կառավարությունում, իշխանությունում, հեռուստատեսությունում: Միշտ ասում են՝ հայերը ստեղծագործ ազգ են: Ոչ մի ստեղծագործ բան գոյություն չունի: Մեկը մի բան անում ա, մյուսը գողանում ա: Ինձ կանչել են, ասել են՝ մի հատ էս «Բրիգադայի» հայկական ձևը, մի հատ էսինչ բանի հայկական ձևը: Չեն կարողանում անել, իրանք ցածր մարդիկ են: Իրանք ավելի ցածր մարդիկ են հիմա, քան քաղաքական գործիչը, չնայած Հայաստանում չկա քաղաքական գործիչ: Ինձ ասեցին, որ մարդիկ ուրախանում են, ծիծաղում են, որ էս մեկը պպզացույց արեց, էն մեկը կենակցադուլ ա արել, չի կենակցում ոչ մեկի հետ, մյուսը փրփրադուլ ա արել՝ կապուչինոյի վրայի փրփուրը չի խմում: Բայց որտե՞ղ են նստում իրանք՝ նախագահի նստավայրում: Նախագահի նստավայրը նրա համար չի, որ նախագահը նստի, իրանք են գնում, ընտեղ նստում: Ի՞նչ հացադուլ, բացատրեք։ Ես անձամբ տարվա մեջ երկու անգամ 15-25 օրով հաց չեմ ուտում, մենակ ջուր եմ խմում, էն էլ քիչ: Ասեմ, թող մարդիկ իմանան, էլի, մանավանդ էս տարիքում մի քիչ կազմվածքի մասին պիտի մտածեն։ Դերասան են, փորները քցում են մեյդան՝ 100 մետր, հասնում ա Ցխինվալի փորը: Ասեմ, որ շատ առողջարար ա, առաջին հերթին որ հաց չեք ուտում, մեռնում են հիվանդ բջիջները, իսկ դա մարդուն առողջացնում ու երիտասարդացնում է:

- Երևի էդ խորհուրդն առաջին հերթին մեր պաշտոնյաներին պետք է տանք, հա՞:

- Ես չգիտեմ, թե ով ինչ ա սեղանի շուրջն ուտում, բայց որ հայերն ուտել չգիտեն, փաստ է: Եթե մի ազգի ազգային ուտեստներից մեկը բոզբաշն ա, էլ ի՞նչ սպասես իրանցից: Բայց կարելի էր բոզբաշն էլ կիրթ ասել՝ մարմնավաճառբաշ կամ անբարոյականկինբաշ: Ամենաահավոր բանը էն չի, որ երկրում հեռուստատեսություն չկա: Հեռուստատեսության միջոցով իրանք սպանեցին ճաշակը: Ես էս վերջերս գնացի Mea Culpa նայելու, արդեն դահլիճում մարդիկ նստած են տնավարի, կոֆե խմելու դիրքով, ոնց որ պուլտով են նայում էդ ներկայացումը: Ծիծաղում են էնքան երկար, որ դերասանն արդեն չգիտի` շարունակի՞, դո՞ւրս գա, թե՞ ինչ անի: Կանայք նստում են` մի տեսակ ոտը ոտին գցած, վրաներից գալիս ա «запах женщины 5», էդ նոր ֆիլմ ա հայերի մասին: Ու էդ կանայք խնդում են, կչկչում, հա´-հա´, հի´-հի´: Հետո` մի ահավոր բան էլ կա, որ նկատեցի: Վերջում, որ հարգում ես դերասանին, ծաղիկ ես բերել, մոտեցիր ու ներքևից նվիրիր: Չէ, իրանք չեն ամաչում, քշում են բեմ՝ իրանց հաստ ու ծուռ հետույքներով: Չէ՞ որ Шариков-ները վերացրեցին բեմ-դահլիճ, եթեր-փողոց հասկացությունները:

- Լավ, ի՞նչ ելք եք առաջարկում ստեղծված իրավիճակում:

- Ես արդեն ոչինչ չեմ կարող առաջարկել։ Եթե կա երիտասարդության մի զանգված, որն իրոք չի կարողանում հարմարվել այս գաղջ մթնորորտին, խորհուրդ եմ տալիս, հնարավորության դեպքում՝ հեռանալ, արտերկրում ապրել: Ուրիշ բան չունեմ ասելու: Ինձ այսօր հասցրել են նրան, որ եթե պատահաբար ընկնում եմ որևէ հայկական ալիքի վրա ու հայերեն ձայն եմ լսում, իրոք գարշում եմ։ Նույն հաջողությամբ շուտով մարդիկ կսկսեն հայ գրականությունից էլ զզվել: Եթե մեկը կոպիտ խոսքերով հայհոյում է Նժդեհի մասին ֆիլմը (ընդ որում՝ առանց դիտելու), նա Մեծ Նժդեհի անունն էլ է հայհոյում, հայրենիքն էլ։ Որովհետև հայրենասիրությունը դարձել է մասնագիտություն, եռագույն դրոշը՝ անձեռոցիկ: Ա´յ, որ մարդիկ մի քանի ամսով, չգիտեմ` ինչ հրաշք կատարվի, որ մոռանան, որ հայ են (ամենակարևորը՝ չխոսեն այդ մասին), բավականին կբացվեն, իրանց համար արժեքներ կստեղծվեն: Ահավոր է, եթե մարդ իր երիտասարդությունն անցկացնի այս քաղաքական տխմար եռուզեռի մեջ, ինքնամեկուսացված վիճակում, տեղի-անտեղի «Հայ եմ ես» գոռգռռալով: Այդպես մարդը չարանում է, դառնում է շովինիստ, տգետ ու ռաբիս, հետընթաց է ապրում։ Բա ինչի՞ց է, որ երբ ասում են՝ եվրոպական արժեք՝ շատ ու շատ բանդեռլոգներ ասում են՝ «Էդ ո՞րն ա, հոմոսեքսուալի՞զմը»: Դե, երևի ձգտում կա, էլի, որ էդ են ասում:

- Դուք երիտասարդներին խորհուրդ եք տալիս գնալ, բայց առանց այն էլ արտագաղթի ծավալները աճել են, ի՞նչ ապագա կարող է ունենալ մեր երկիրը:

- Ես նկատի չունեմ, որ մարդը գնա էն պատճառով, որ այնտեղ լավ սպագետի ու լավ կոֆե են «ՏԱԼԻՍ»: Ես խորհուրդ եմ տալիս գնալ, որ նախ` կտրվեն էս ամեն ինչից, մարդկանց հետ շփվեն, տեսնեն, սովորեն, ընտանիք կազմեն, թարմանան։ Երիտասարդը սովորում է, ավարտում ու մնում անգործ կամ դառնում չարչի։ Հետո ամուսնանում են, չեն կարողանում լիարժեք ապրել, բաժանվում են: Դրանք վատ բաներ չե՞ն, մարդիկ կռվում են, դատարաններ, խոսակցություններ: Համարյա ամեն օր փող հավաքողները դռան զանգն են տալիս: Բոլոր երկրներում փող հավաքողներ կան, բայց չեն գալիս, դռան զանգը տալիս, էլի: Թող գնան, աշխարհ տեսնեն, կտրվեն էս ամեն ինչից, թող վերադառնան, եթե չեն ուզում մնան: Ես ասում եմ, որ ոչինչ փրկել չի լինի: Ես ինքս գտնվում եմ գործազուրկ վիճակում, որովհետև այսօր նստած սցենար են գրում նրանք, ովքեր պետք ա աղբ հավաքեին: Դրա համար կան միայն կեղտոտ սերիալներ ու աղբ։ Ստորները, որոնք կարող են նայվել միայն աղբանոցում, հիմա գտնվում են եթերում ու քաղաքական դաշտում: Սխալ են սարքած էդ մարդիկ, չասեք՝ նացիստական բաներ եմ ասում: Եթե մարդիկ չեն տեսել Ռոնալդ Ռեյգանի, Մարգարետ Թետչերի նման գործիչներ, իրանց համար էն էպոսագետն էլ ա գործիչ: Բայց էդ գործիչներն էլ են պետք, որ մարդ, ոնց որ ասում են, կայֆեր բռնի վրաները:

- Նախընտրական շրջանում հասարակության այս անտարբերությունն ինչո՞վ եք բացատրում: Մի՞թե Ձեր թվարկած պատճառներն արդեն մարդուն անտարբեր են դարձրել:

- Ինձ թվում է` անտարբերությունն ավելի լավ է, քան փողոց դուրս գալը: Դուրս գան` ի՞նչ անեն, ոմանք առաջնորդ ունեին՝ Լևոնը: Մարդկանց հանել էր փողոցները, մի քանի ամիս միայն գոռում-գոչյուններ էին լսվում՝ «Հիմա՜աա՜ա», ««Հաղթելուու՜ու ենք»: Բա մեղք չէի՞ն էդ մարդիկ: Հիմա էլի՞ են ուզում, խնդրեմ, ասենք, Րաֆի Հովհաննիսյանը (Րաֆին գրեք մի «ֆ»-ով, իրեն չի հասնում երկու «ֆ») ընտրություններից հետո մի քանի օր միտինգ կանի, գնացեք, մասնակցեք: Ես անձամբ պատուհանից նայող եմ: Պատերազմ լինի, կգնամ, կկռվեմ, հողը կպաշտպանեմ:

Ուրիշ բանի ես չեմ հավատում, ի՞նչ ուժերի հավատամ, ինչի՞ հավատամ:

- Այսինքն՝ նորմալ առաջնորդ չունե՞նք:

- Պետք էլ չի, որ մենք առաջնորդ ունենանք: Մարդը պիտի հասկանա, որ քաղաքական գործչից ու չինովնիկից չի կախված իր լավ ու վատ լինելը: Չինովնիկը երկրորդական կարգի մարդ է։ Ես համոզված եմ մի բան, որ եթե մեկը գնա ինչ-որ մեկին ընտրի, նա էլ անցնի, մեկ ա, ինքը վերջում պիտի ասի. «Ընտրությունները կեղծված էին, ախպե´ր»: Հետո մի երկու ամիս հետո ինքը որպես պարտաճանաչ քաղաքացի անպայման պիտի ոռնա՝ հեռացի´ր: Բա էդ կարուսելի մեջ էլ ի՞նչ հասարակական կյանք: Հասարակական կյանքը նրա մեջ կլիներ, որ եթե հեռուստացույց միացնեիր, դիտեիր լավ ֆիլմեր, կիրթ հաղորդումներ, լսեիր Շոստակովիչ, Ավետ Տերտերյան, լավ ջազ, ինչի՞ չէ՝ լավ ռեպ: Ամիսը մի անգամ թող լիներ սիրողական երգի փառատոն, որ գյուղերից մարդիկ գային, ուրախանային, բայց անպայման փոքր շրջանակով էկրանի վրա գրվեր՝ «Սիրողական տեսագրություն», որ մարդկանց գլուխը մտնի, դա սիրողական ա, դա լուրջ չի:

- Պարո´ն Սահակյան, այս քարոզարշավի ընթացքում Սերժ Սարգսյանի հնչեցրած որոշ մտքեր հասարակության շրջանում բուռն քննարկման թեմա են դարձել: Դուք ի՞նչ կասեք:

- Էն, ինչ-որ շատերը սկսում են բուռն քննարկել, ուրեմն դա հաստատ քննարկելու բան չի։ Ես չեմ սիրում այն, ինչ անում է մեծամասնությունը։ Ես ոչ մեկին ո´չ պաշտպանում եմ, ո´չ քննադատում, իմ գործը երգիծանքն է։ Ու եթե Սերժ Սարգսյանը ինչ-որ բան է ասել խիյարի մասին, ես հո չե՞մ դնելու լուրջ-լուրջ քննարկեմ, բան ու գործ չունե՞մ, հետո ի՞նչ, որ գործազուրկ եմ: Ես գրել եմ, որ խիյարը դա վարունգը չի, խիյար նշանակում է՝ «Ինչո՞ւ, սեր իմ», այսինքն՝ «Խի՞, յար»: Ու նաև գիտեմ, որ խիյարի մինուսն ու պլյուսը պիտի ճիշտ միացնես, ոնց որ բարձրախոսի մինուսն ու պլյուսը, որովհետև թարս կհնչի բասը: Քյասար՝ խիյարն էլ բաս չի տա: Մարդը սխալական է, ընդհանուր խոսքի մեջ ինչ ասես` կարա ասի: Դատապարտելու բան չեմ տեսնում, գովելու բան չեմ տեսնում, խոսելու թեմա չեմ տեսնում: Ի՞նչ էր ուզում էն կինը Եռաբլուրում: Գոռգռում էր բարակ-ղժղժան ձենով։ Ախր, դրանք էն պերսոնաժներից են, ինչով ողողված է եթերը, դրանք լավ մարդիկ չեն: Բեղերով, ատամները թափած կնանիք։ Ի՞նչ ասեմ, թող ինձ ներվի՝ բայց դա կնոջ տեսք չի: Հիմա հելել ա, ղժղժում ա տոնի ժամանակ, էն մարդն էլ ասել ա՝ եկել ես, որ ինչ անես տոնի ժամանակ: Արժի՞ դա դարձնել պատմություն:

- Մեր մայրաքաղաքն ունի բազմաթիվ խնդիրներ: Հենց, օրինակ, այն, որ բոլորի աչքի առաջ քաղաքի կենտրոնում աղավաղում են պատմամշակութային հուշարձան հանդիսացող Փակ շուկայի շենքը: Ի՞նչ խորհուրդներ կտաք քաղաքային իշխանություններին, երևանցիներին:

- Քաղաքի դեմքը կորում ա իմ հիշատակած մարդկանց ազատ պտույտներով: Քաղաքն առաջին հերթին մարդիկ են: Հիմա մեր քաղաքի ճարտարապետական տեսքն իրոք լավ չի, ու ամեն տեղից էշ շենքեր են բուսնում։ Բայց առավելապես անտաշ մարդիկ են աղավաղում են քաղաքը, թափթփուկ լակոտ-լուկուտները, որ բարձր ձենով խրխնջալով գնում են փողոցով: Դա ինչի՞ց է: Զզվելի եթերի, ցածրորակ մամուլի և անգրագիտության հետևանքն է: Մեր խանութները զզվելի են ամեն ինչով։ Գործունյաների 95 տոկոսը չարչի թուլեք են, որ, ասենք, ամբողջ աշխարհում 100 եվրոյանոց ապրանքը 190 հազար դրամով են վաճառում։ Նաև էդ պատճառով են մարդիկ հեռանում։ Երևի ես էլ գնամ Դանիա հունիս-հուլիսին, հաստատ չգիտեմ դեռ: Ով որտեղ կուզի՝ թող ապրի ու թող չմեղադրի ո´չ կառավարությանը, ո´չ ընդդիմությանը, ո´չ մեկին։ Էս ուղեղով չի կարելի ո´չ քաղաքական, ո´չ հասարակական, ո´չ մշակութային ոլորտի մասին խոսել, ինչ որ իրանք են անում: Էսօրվա օրով մի հատ հարցրեք` երիտասարդ աղջիկները Դեդ Հասանի անունը գիտե՞ն, գիտեն, էդ սաղ քաղաքական թափթփուկների անունը գիտե՞ն, գիտեն, բայց հարցրեք. «Աղջիկ ջան, որ էշ-էշ խոսում ես` Ազնավուրը հայ ա, տանը լսո՞ւմ ես Ազնավուր, ընդհանրապես դու գիտե՞ս` ձայնապնակն ինչ ա»: Ո՞րտեղից, իրենք MP3-ով գամ-գամ ստիլ են լսում ու ընդհանրապես MP3 են ՄՏԱԾՈՒՄ: Դրանց ուղեղը նայեք, դրանց լսած երաժշտությունը, դրանց լափառոշությունը, ազգությամբ հպարտանալը: Ո՞նց կարող է մարդ ազգությամբ հպարտանալ: Ազգությամբ ոչ կարելի ա հպարտանալ, ոչ կարելի ա ամաչել ազգությունից: Մարդը կարող է հպարտանալ իր գիտելիքներով և ամաչել իր արած վատ արարքների համար։

Մարի Ներսեսյան

© Medialab.am