«Ռազմաբազայի այլանդականոցը ակնհայտորեն փորձանք է դարձել գյումրեցիների եւ մյուսների գլխին». Լեւոն Բարսեղյան

11-12-2018
1435 դիտում
«Ռազմաբազայի այլանդականոցը ակնհայտորեն փորձանք է դարձել գյումրեցիների եւ մյուսների գլխին». Լեւոն Բարսեղյան

 Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի հիմնադիր և ղեկավար Լեւոն Բարսեղյանի գրառումը ներկայացնում ենք ստորեւ։ 

«Գյումրիում օրեր առաջ սպանված կնոջ գործով կասկածյալ կա՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայող է: Կա անմեղության կանխավարկած, բայց համբերութունս չի հերիքում:

Ավետիսյանների սպանությունից հետո 200 անգամ ասացի եւ շատերն ասացին, որ բազայի զորամասերը, քանի դրանք այստեղ են, հարկավոր է կոշտ հսկողության տակ առնել, մասնավորաբար. արտաքին փշալարերով փակել, տեսախցիկներ տեղադրել, լուսարձակներ, ուղիղ հսկման կենտրոն ստեղծել, որպեսզի փախուստները կամ չարտոնված ելքերը արագ արձանագրվեն, զինվորականների բոլոր ելքերը պիտի նախապես իրազեկվեն ՀՀ իշխանություններին, զինվորականների եւ մեքենաների տեղաշարժերը զորամասից այլ զորամաս կամ այլ վայրեր, պիտի ուղեկցվեն ՀՀ իշխանությունների կողմից (ռազմ. ոստիկանություն, ՃՈ կամ այլ մարմիններ):

Այդ եւ ավելի կատարելագործված համակարգի ներդրման դեպքում, որեւէ չարտոնված տեղաշարժ արագ արձագանքի եւ տագնապ հայտարարելու հիմք էր տալու եւ կանխարգելելու էր հնարավոր հանցագործությունները: Չարվեց իհարկե, մեկը չեղավ՝ զանգեր հարցներ՝ ինչ անենք, որ գյումրեցիք պաշտպանված լինեն: Մի քանի սպայի հետ քաղաքային եւ պետական իշխանությունները նստեցին գյալաջի արեցին, ասին՝ սաղ լավ է ու պրծ:

Ռազմաբազայի այլանդականոցը ակնհայտորեն փորձանք է դարձել գյումրեցիների եւ մյուսների գլխին: 1998, շուկայում ավտոմատների կրակոցներից սպանվեցին երկու հոգի, 14 հոգի ծանր վիրավորվեցին, երկու հոգի դատվեցին Հայաստանի դատարանում եւ տեղափոխվեցին Ռուսաստան, 2013 թ. երկու երեխա Կամխուտ հրաձգարանում այդ զորքի թողած եւ չմարած զինամթերքի պայթյունից մահացան, ոչ մեկին մեղադրանք չներկայացվեց, ու ոչ ոք չդատվեց, այդ հրաձգարանը մինչեւ հիմա պայթած ու չպայթած զինամթերթի թափոնների վայր է առանց պարսպի կամ արգելապատնեշի, 2015 թ. Ավետիսյաների չբացահայտված սպանություն, առանց մոտիվի բացահայտման գործը սարքեցին մի զինվորի վրա, դատեցին բազայի տարածքում, տարան Ռուսաստան, հիմա էլ էս պատմությունը, որը, ճշմարիտ է, չի բացահայտված, բայց կարծում եմ կբացահայտվի, մեղավորին երեւի էլի կդատեն, կտանեն Ռուսաստան: Անցած տարիներին բազայի զինծառայողների մասնակցությամբ բազմաթիվ այլ հանցագործություններ էլ են եղել, հարբածների կռվի, վթարներ, ՀՀ քաղաքացիներին պատճառված գույքային վնաս եւ այլն, Ավետիսյանների սպանությունից հետո բազայի մի զինծառայողի գտան սպանված եւ այլն:

Հիմա հապաղել չի կարելի: Հայաստանը նոր իշխանություն ունի, որը ժողովրդական է, ժողովրդից ընտրված: Նման հանցագործությունների կանխարգելման համալիր ծրագիր պիտի գործարկվի, հարկավոր է ռուսական կողմին կարգի հրավիրել, վերոհիշյալ կամ այլ միջոցառումներ եւ գործղություներ պիտի ձեռնարկել, որպեսզի իրենց զորամասերից քթները հանելիս, հաստատ իմանան, որ հազար աչքով եւ զենքով հսկում են իրենց:

Ժողովրդին զենք կրելու հնար պիտի ստեղծել, օրենքով իրավուք է տալ, սարսափելի բան չի լինի, բոլորը կիմանան, որ բոլոր զենք ունենալու իրավունքն ունեն, հատկապես կարեւոր է, որ բազայի զինծառայողները իմանան: Կամ բոլորը, ով փող ու հնար ունի, պիտի գնա՝ զոռով տեղ դառնա որսորդական միության ձեւական անդամ, ոստիկանությանն թույլտվությամբ զենք զինամթերք առնի, զինված լինի գոնե տանը: Որսորդականը թեթեւ զենք չէ, առնել դուրս գալ չի լինի ամեն առավոտ-գիշեր: Գազաբալոն, եւ այլ հատուկ միջոցներ բոլորը չէ, որ կարող են իրենց թույլ տալ առնել: Բա մյուսներն ի՞նչ անեն, տնից դուր չգա՞ն ...

Սա հին եւ չմոռացվող մարտահրավեր է իշխանություններին եւ մեզ բոլորիս: Սա կուլ տալ չի կարելի: Ու եթե հաստատվի, որ մեղավորը բազայի զինծառայող է, անկախ այն հանգամանքից՝ կդատեն թե չեն դատի կամ դատելով կփախցնեն այստեղից, ոչ ոք վրեժի չի կարողանալու երաշխավորել: Ատելությունը քանի գնալու, խորանալու է, կլինեն մարդիկ, որ առիթ բաց չեն թողնելու վանելու զինծառայողներին մեր միջավայրից եւ սպասարկման օբյեկտներից»: