«Ծանր սոցիալական վիճակը, տնակային դժվարին պայմանները երաշխիք են, որ ապագայում շատերը կարող են Սպիտակում հաշմանդամություն ձեռք բերել». Մարինե Ասատրյան

11-12-2018
698 դիտում
«Ծանր սոցիալական վիճակը, տնակային դժվարին պայմանները երաշխիք են, որ ապագայում շատերը կարող են Սպիտակում հաշմանդամություն ձեռք բերել». Մարինե Ասատրյան

«Սպիտակի երկրաշարժից 30 տարի անց էլ Սպիտակում գրեթե ոչինչ չի փոխվել հաշմանդամություն ունեցող այն մարդկանց համար, ովքեր ունեն հենաշարժական խնդիրներ։ Հանրային տարածքները շարունակում են անհասանելի մնալ, մարդիկ ստիպված պետք է շարժվեն ուղեկցողի օգնությամբ»,- ասում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և շահերի պաշտպանությամբ զբաղվող «Սպիտակ բազե» ՀԿ-ի ղեկավար Մարինե Ասատրյանը։

46-ամյա Մարինեն ապրում է Սպիտակում, տեղաշարժվում է սայլակով: Երկրաշարժի ժամանակ դպրոցում մնում է փլատակների տակ։ Ասում է, որ 18 հոգանոց դասարանից 5-ը մահացան, շատերը ստացան մարմնական տարբեր վնասվածքներ, երկուսը հայտնվեցին հաշմանդամի սայլակին, որից մեկն էլ ինքն է։

«Ճակատագրական օր էր, չէի ուզում դպրոց գնալ, ուզում էի շուտ դուրս գալ, բայց գնացի, մնացի։ Երկրաշարժից հետո Երևանում վիրահատեցին ողնաշարս, հաջորդ երեք ծանր վիրահատություններն արդեն Նյու Յորքում արեցին։ Կրծքավանդակիցս մինչև նստելատեղիս կենտրոնը երկաթե ամրակներ են դրված, մի կողմի կողոսկրերիս երկու մատները չկան, ինձ երկաթից մարդ սարքեցին: Մտածում էի՝ չեմ նստի, բայց ինքս ինձ վրա աշխատելով նստեցի, ասում էին՝ չես կանգնի, բայց կանգնեցի ու քայլեցի այդ ամենով հանդերձ»,- պատմում է Մարինեն։

Երկրաշարժից հետո Սպիտակում 750 մարդ ձեռք է բերում հաշմանդամություն, ինչը ենթադրում էր, որ ժամանակի ընթացքում նոր կառուցվող քաղաքը հարմարեցվելու էր հատուկ կարիքներ ունեցող մարդկանց: Սակայն այսօր էլ քաղաքի շենք-շինությունները, հանրային տարածքները շարունակում են անմատչելի մնալ այս անձանց համար։

«Հատուկ հարմարեցված որևէ տրանսպորտ չկա, եթե պետք է տեղ գնամ, ուրեմն տաքսի եմ կանչում, վարորդին խնդրում օգնել։ Սայլակս ծալում են, դնում բեռնախցիկում, այսօր արդեն էդ էլ է խնդիր, քանի որ բոլորի բեռնախցիկներում գազի բալոններ են, ու սայլակը մի կերպ տեղավորում են մեքենայի հետևի սալոնում։ Տեղ ենք հասնում, նորից իջնում է, սայլակը բացում, օգնում, որ նստեմ ու տեղաշարժվեմ, բայց եթե տվյալ շինությունը անմատչելի եղավ, ապա նորից վարորդն է օգնում, այսինքն՝ մեր հույսը վարորդների մարդկային մոտեցումն է»,- բացատրում է Մարինեն։

Եթե գնում է բարեկամի, հարազատի տուն, ապա միայն ընտանիքի անդամի ուղեկցությամբ, ով հստակ գիտի՝ ինչպես օգնել սայլակով տեղաշարժվող անձին, որ չվնասի ո՛չ տվյալ մարդուն, ո՛չ էլ սայլակը։

«Առանց օգնության անհնար է, մարդն ընկնում է կախվածության մեջ։ Ուզում ես մտնել փոստ, մուծումներ անել, ուզում ես գնալ բանկ, դեղատուն, առաջին անհրաժեշտության վայրերն եմ ընդամենը դեռ թվարկում, անհնար է։ Ինքս անկախ մարդ եմ, ինձ համար գերագույն խնդիր է առանց որևէ մեկի օգնության տեղաշարժվելը, բայց պայմանները շարունակում են անմատչելի մնալ»,- ասում է Մարինեն։

Նա նշում է, որ 2006-ին Ազգային ժողովն ընդունեց օրենք, որով պարտադիր էր դառնում, որ բոլոր նորակառույց շենք-շինությունները պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն Սպիտակում դրանք իսպառ բացակայում են։

«Չկա նաև այս ամենի նկատմամբ վերահսկողություն։ Պետությունը պարտադիր պետք է վերահսկի, այնպիսի մեխանիզմ մշակի, եթե չի կառուցել այդ թեքահարթակը, ապա հարյուրապատիկ տուգանի, որ նա մտածի՝ ավելի լավ էր կառուցած լիներ։ Բազմիցս դիմել եմ Սպիտակի քաղաքապետին, որ այս հարցին լուծում տան, դիմել եմ Սպիտակի բժշկական կենտրոնի ղեկավարին, որ պոլիկլինիկայի դիմաց թեքահարթակ կառուցեն, մարդիկ չգիտեն՝ ինչպե՛ս մուտք գործել պոլիկլինիկա»,- ներկայացնում է Մարինեն։

Պատմում է, որ վերջերս, երբ այցելել է պոլիկլինիկա, մեծ պրոբլեմի առաջ է կանգնել։

«Գնալուց ծանոթ տաքսիստը օգնեց, տեղ հասա, ներս մտա շենք, ի դեպ, պոլիկլինիկայի ներսը հարմարեցված է սայլակով տեղաշարժվողի համար, բայց դրսի մուտքը խիստ անմատչելի է։ Հիմա պետք է տուն գնամ, նորից տաքսի եմ կանչել, անծանոթ տաքսիստ էր, եկել էր ու մուտքից ահագին հեռու կանգնել։ Մուտքի դիմաց մի մեծ բորդյուր կա, որի վրայով սայլակով չեմ կարող մենակ անցնել։ Էդ օրն այնքան նյարդայնացա, մի տեսակ անօգնական լինելու զգացումը…»,- ասում է Մարինեն։

Նա նշում է, որ հենաշարժական խնդիրներ ունեցողների թիվը միայն Սպիտակում հասնում է 30-ի, ովքեր չեն կարողանում տեղաշարժվել քաղաքում անհարմար ճանապարհների, մայթերի պատճառով։

«Մայթեզրերին չկան համապատասխան թեքահարթակներ։ Սուպերմարկետների մոտ կան, բայց դրանք կառուցել են իրենց սայլակների համար և ոչ թե նախատեսված են մեզ համար։ Քաղաքում հարմարեցված են միայն առաջին հիվանդանոցը, պոլիկլինիկայի ներսը, «Դանիելյան» սուպերմարկետի մուտքը և մեկ դեղատուն»,- «Մեդիալաբին» պատմում է Մարինեն։

2013-ին «Հույսի կամուրջ» և «Սկարպ» կազմակերպությունների կողմից իրականացվող «Լսելի դարձնել հաշմանդամության ձայնը» ծրագրի շրջանակում նա հիմնադրում է «Սպիտակ բազե» հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ, հասարակությանը նրանց ինտեգրմամբ։

«Մեր նպատակն է տեր կանգնել մեր իրավունքներին, պաշտպանել մեր շահերը։ Նախ իրազեկվածության ուղղությամբ ենք աշխատում, աշխատում ենք հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների հետ, ցուցաբերում ենք սոցիալ-հոգեբանական աջակցություն, մարդիկ դիմում են մեզ, եթե խախտվում են իրենց իրավունքները, փորձում ենք ուղղորդել կամ, ծայրահեղ դեպքում, անմիջապես միջամտել»,- ասում է կազմակերպության հիմնադիրը։

Մեկ տարի է՝ ինչ Մարինեն աշխատում է Սպիտակի ԱԻՆ-ի մասնաճյուղում։ Ասում է, որ անընդհատ դիմում էր, քանի որ ուզում էր աշխատել։

«Հասարակական դաշտում աշխատում ես հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Այս նոր աշխատանքումս չկա խտրականություն, ու կա այն գիտակցությունը, որ դու անհրաժեշտ ես, պետք ես մարդկանց։ Ստանում ենք դժբախտ պատահարների ահազանգեր` հրդեհի, ավտովթարի… ճիշտ ու ժամանակին արձագանքն օգնում է նվազագույնի հասցնել տեղի ունեցող վնասները։ Ինձ համար խիստ կարևոր է այս աշխատանքը։ Գալիս եմ առավոտյան 9-ին, ավարտում երեկոյան վեցին, ինչպես բոլորը։ Շաբաթ-կիրակին էլ ինձ համար շատ է, մեկ օրը հերիք է, որ վերականգնվեմ»,- ասում է Մարինեն։

Անդրադառնալով Սպիտակում դեռևս գոյություն ունեցող տնակային թաղամասերին, որտեղ կյանքի համար ոչ բարենպաստ պայմաններում ապրում են բազմաթիվ մարդիկ, նշում է, որ ապագայում այդ մարդիկ կարող են պոտենցիալ հաշմանդամ դառնալ։

«Սպիտակը, որ նախկինում խոշոր արդյունաբերական քաղաք էր 11 գործարաններով և ուներ հսկայական աշխատուժ, այդ ամենը կորցրեց։ Բնականաբար, սոցիալական ծանր վիճակ է տիրում։ Հասարակության մի մասի ծանր սոցիալական վիճակը, ինչպես նաև տնակային դժվարին պայմանները երաշխիք են, որ ապագայում շատերը կարող են Սպիտակում հաշմանդամություն ձեռք բերել»,- ասում է Մարինե Ասատրյանը

Գայանե Մկրտչյան

MediaLab.am