Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը՝ «անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»

12-12-2018
708 դիտում
Վաչագան Ղազարյանը պատրաստ է 6 միլիոն դոլար փոխանցել պետությանը՝ «անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»

Պետական պահպանության ծառայության պետի նախկին տեղակալ, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել եմ իմ և իմ կնոջ բանկային հաշիվներին շուրջ տասը տարի առկա, ինչպես նաև մեր բնակարանում խուզարկության ժամանակ առգրավված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրները: Մասնավորապես, հայտնել եմ , որ դրանց զգալի մասը պատկանում է ՀՀ-ից դուրս բնակվող հայտնի գործարար և բարերար իմ մտերիմ ընկերոջը, որի տվյալները նպատակահարմար չեմ համարում այս պահին հրապարակել:

Այդ գումարների ծագման աղբյուրները օրինական են, որի վերաբերյալ ապացույցներ ներկայացվել են  վարույթն իրականացնող մարմնին: Այդ գումարները ստացվել են մինչև ապօրինի հարստացման քրեականացումը, այսինքն մինչև  2017 թվականի հուլիս 01-ը:

Նշված գումարները հօգուտ պետության բռնագրավվելու նպատակով քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությամբ տարբեր պետական մարմինների կողմից փորձ է արվում տարբեր եղանակներով իմ և իմ ընտանիքի անդամների հետ կապել մի շարք ընկերություններ, բիզնեսներ, ապօրինի կալանքի տակ են գտնվում ինձ հետ ազգակցական և խնամիական կապի մեջ գտնվող անձանց պատկանող գույքերը և դրամական միջոցները։ Ինձ հետ կապ չունեցող ընկերություններում իրականացվում են հարկային ստուգումներ, որոնց արդյունքները փորձ է արվում կապել իմ անվան կամ վերը նշված դրամական միջոցների հետ։

Կարծում եմ, որ այս հանգամանքներով է պայմանավորված նաև դատական մարմինների սուբյեկտիվ դիրքորոշումը,  որոնք շարունակում են մերժել գրավի դիմաց ինձ ազատ արձակելու մեր բոլոր հիմնավորված միջնորդությունները և հիմք են ընդունում վարույթն իրականացնող մարմնի ոչնչով չպատճառաբանված փաստարկները։ Նման պայմաններում ունեմ մտավախություն, որ առանց բավարար հիմքերի դատարանի կողմից կերկարաձգվի նաև կալանքի տակ ինձ պահելու ժամկետները։ Անկախ այս ամենից ես և ընկերս քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնության դեպքում պատրաստակամ ենք վերը նշված ամբողջ դրամական միջոցները, մոտ 6 /վեց/ միլիոն դոլարի չափով փոխանցել պետությանը՝ ՀՀ և ԱՀ անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացման կամ պետական այլ կարիքների համար»: