ՌԴ դեսպանատունը փորձել է «կոծկել» Գյումրու դաժան սպանությունը

12-12-2018
943 դիտում
ՌԴ դեսպանատունը փորձել է «կոծկել» Գյումրու դաժան սպանությունը

Դեկտեմբերի 3-ին տեղեկություն տարածվեց, որ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ կինը վաղ լուսաբացին գնացել է աշխատանքի, նրան ինչ-որ մեկը հետապնդել է ու դաժանաբար ծեծել։ Տուժած կինը, ով 57 տարեկան է, տեղափոխվել է բժշկական կենտրոն՝ «գանգուղեղային փակ վնասվածք հարցականով» ախտորոշմամբ, սակայն կյանքը փրկել չի հաջողվել և ժամը ժ.11.30-ի սահմաններում հիվանդանոցում գրանցվել է նրա կենսաբանական մահը։ Նույն օրը հայտնի դարձավ, որ սպանություն կատարած զինծառայողը պայմանագրային է, և ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Գյումրու տարածքային աշխատակիցների կողմից:

Կարճ ժամանակ անց Հայաստանում ՌԴ դեսպանատունը հաղորդագրություն տարածեց, որում հերքեց ամբողջ կատարվածը։ Դեսպանատան տվյալներով՝ դեկտեմբերի 3-ին տվյալ պայմանագրային զինծառայողը ծառայության չի եղել:

Արձագանքը բավականին կոշտ էր։ Վերջինս կշտամբեց տեղական լրատվամիջոցներին անպատասխանատու վարքագծի համար, «ճչացող» վերնագրերի և չստուգված, չհաստատված տվյալներ հրապարակելու մեջ։

«Նման անպատասխանատու վարքագիծը, հատկապես ընտրությունների այս ոչ դյուրին շրջանում, ձեռնտու է այն ուժերին, որոնք  ցանկանում են սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում», — ասված է ռուսական հայտարարության մեջ։

Արդեն նախօրեին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը, լրատվամիջոցների հարցին ի պատասխան հայտնեց, որ սպանության գործով ձերբակալվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդված 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը։

Փաստորեն ՌԴ դեսպանատունը, արագ արձագանքելով և հերքելով կատարվածը, ոչ միայն վիրավորել է տեղական մի շարք լրատվամիջոցների` ակնարկելով, որ իրենց հետևում կանգնած են ինչ-որ ուժեր, որոնք  ցանկանում են «սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմավարական և ավանդական բարեկամական հարաբերություններում», այլև պարզապես փորձել է կեղծել եղելությունը։

Աղբյուրը՝ www.Fip.am