Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը չի կարող զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը

13-12-2018
668 դիտում
Ինչո՞ւ Ֆելիքս Ցոլակյանը չի կարող զբաղեցնել ԱԱԾ պետի պաշտոնը

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո մամուլում բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, թե ով կլինի գործադիրում, ով` օրենսդիրում։ Շատ է խոսվում նաև այն մասին, թե որ պաշտոնյան ում կփոխարինի։

Վերջերս նման հրապարակումներից մեկն Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի պաշտոնափոխության մասին էր։ Ըստ այս հրապարակման, Ֆելիքս Ցոլակյանը զբաղեցնելու է Վանեցյանի պաշտոնը, իսկ ԱԱԾ ներկայիս տնօրենը դառնալու է առաջին փոխվարչապետ։

Թեև հրապարակումից հետո երկու կողմն էլ հերքեցին տարածված տեղեկությունը, մենք, այնուամենայնիվ, որոշեցինք անդրադառնալ այս ամենի իրավական կողմին։

Ըստ այդմ,  Ֆելիքս Ցոլակյանը դե յուրե չի կարող զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։ Պատճառն այն է, որ Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքով հստակ սահմանվում է այն տարիքային շեմը, որն անցնելուց հետո չի կարելի պաշտոն զբաղեցնել ԱԱԾ-ում:

Այսպես, Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բարձրագույն սպայական կազմի համար տարիքային սահմանափակումը 65 տարին է։

Արթուր Վանեցյանը կոչումով գնդապետ է, իսկ Ֆելիքս Ցոլակյանը՝ գեներալ-լեյտենանտ։ Գնդապետների համար սահմանային տարիքը 55-ն է, իսկ գեներալ-լեյտենանտների համար՝ 65-ը։ Ֆելիքս Ցոլակյանն անցել է գեներալ-լեյտենանտների համար սահմանվող տարիքային շեմը․ նա 66 տարեկան է (1952թ․), հետևաբար՝ չի կարող զբաղեցնել ԱԱԾ տնօրենի պաշտոնը։

Այստեղ հարկ է նշել, որ ըստ նույն օրենքի, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողների սահմանային տարիքի հասած ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել՝ մինչև 10 տարի ժամկետով։ Սա, սակայն, վերաբերում է միայն արդեն ծառայություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներին, ուստի ևս չի կարող վերաբերել Ֆելիքս Ցոլակյանին:

Կարինե Կիրակոսյան

www.Fip.am