«Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ». ՌԴ դեսպանատունը շարունակում է ուղղություն ցույց տալ

14-12-2018
«Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ». ՌԴ դեսպանատունը շարունակում է ուղղություն ցույց տալ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը անդրադարձել է օրեր շարունակ մեծ քննադատությունների առիթ հանդիսացած Գյումրու ողբերգությանը։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմական կայանի զինծառայողը դաժան ծեծի է ենթարկել Գյումրու Սլաբոտկա կոչվող թաղամասում քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի բանվոր կանանցից մեկին, որի հետեւանքով  57-ամյա Ջուլիետա Ղազարյանը մահացել է:

Տեղեկացնեքն, սակայն, որ ռուսաստանյան զինծառայողը չի ձերբակալվել հայաստանյան իրավապահների կողմից, այլ պահվում է 102-րդ ռազմակայանի տարածքում, ինչը հակասում է մի շարք հայ-ռուսական պայմանագրերի:

ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ կապված մեկնաբանություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. 

«Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքանացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»: