Փնտրվում է ընդդիմություն. յո՞ երթաս

17-12-2018
956 դիտում
Փնտրվում է ընդդիմություն. յո՞ երթաս

7-րդ գումարման խորհրդարանը դեռ չի սկսել իր աշխատանքները, բայց կրքերն արդեն թեժացել են: Դրանք սովորական կրքեր չեն, հարգելի՛ հայրենակիցներ: Սովորաբար մենք տեսնում ենք թեժ բախումներ, որոնք ունեն երկու կողմ՝ ընդդիմություն և իշխանություն: Սակայն այս բախումները բացառիկ են ոչ միայն հայկական, այլ նաև համաշխարհային պառլամենտարիզմի պատմության մեջ: Ընդդիմությունը կռվում է ընդդիմության հետ՝ ընդդիմության մանդատի համար: Հասկացա՞ք: Ես էլ առանձնապես բան չհասկացա իմ գրածից: Բայց մի բան ակնհայտ է: Թե՛ ԲՀԿ-ն և թե՛ ԼՀԿ-ն իրավացի են: Մի հարցում նրանց հետ համաձայնել չենք կարող: Նրանցից ի՞նչ ընդդիմություն:

Ծառուկյան-Մարուքյան կոնֆլիկտն ապահովում է մեր քաղաքական դաշտի շոուն, մինչ կգա իրական ծիծաղելու ժամանակը: Իսկ իրականում ծիծաղելու ժամանակ մենք դեռ կունենանք:

Ավելի շուտ՝ արդեն ունենք: Իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, թե իրական ընդդիմությունը լինելու է հենց իշխանության ներսից: Թե ասա՝ այս անհարմար պահին ինչո՛ւ խոսեցիր, բարեկա՛մս: Համբերեիր, դեռ նման անհաջող մտքեր հայտնելու ժամանակ ու առիթներ շատ կունենաս:

Կենսաբանությունից մեզ սովորեցնում էին, որ կան միաբջիջ կենդանիներ: Եվ կան կենդանիներ, որոնք, կարծեմ, կարողանում են ինքնուրույն սերունդ շարունակել, առանց երևութական արուի և էգի մասնակցության: Բայց դրանք բնության մեջ այդքան էլ շատ չեն: Հիմա սա ի՞նչ էր: Ինչ-որ առասպելական հիբրիդի մասին ինքնախոստովանությո՞ւն:

Մի՞թե այսքան շուտ իրականացան մեր կանխատեսումներն առ այն, որ ունենալու ենք ամենաանհետաքրքիր ու բովանդակազուրկ խորհրդարանը: Մի՞թե քաղաքական դաշտն այսքան շուտ կրկին ամուլ դարձավ ու մի մոնոպոլիային փոխարինելու եկավ մյուս մոնոպոլիան:

Սարգսյանն այս հարցում գոնե մի քիչ ստեղծական էր: Ստեղծում էր գրպանային ընդդիմություններ, որոնք հարմար պահի, մտահոգ դեմքով, հանուն Հայաստանի Հանրապետության դաշնակցում էին նրա հետ: Նոր իշխանությունը որոշել է ձևականությունների հետևից չընկնել: Հայտարարում են, որ իրենք թե՛ ընդդիմություն են, թե՛ իշխանություն: Նման բան անգամ ընկեր Ստալինի մտքով չէր անցնի: Չէ՞ որ նա Տրոցկուն հայտարարել էր ընդդիմություն: Իսկ հետո, երբ արդեն չկային տրոցկիստներ, կային բազմաթիվ դավադիր ուժեր, որոնք զբաղեցնում էին ընդդիմության աթոռը:

Հարկ չկա երկար բացատրելու, թե ինչո՛ւ ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն լինել: Առավել ևս, կարիք չկա հանգամանալից բացատրելու, թե ինչո՛ւ ԼՀԿ-ն՝ ի դեմս Էդմոն Մարուքյանի, նույնպես չի կարող ընդդիմություն լինել: Մարդը մի պահի սխալ հաշվարկ է արել:

Ինչպես շատերը, նա նույնպես չի հավատացել Փաշինյանի նախաձեռնած գործընթացի հաջողությանը: Ասել կուզի՝ դրվագում ճիշտ չի կողմնորոշվել: Օրինակ՝ նրա թիմից եղան մարդիկ, ովքեր կողմնորոշվեցին:

Ինչևէ: Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ընդդիմություն չի ունենա: Ինչպես այլ ուժերից, այնպես էլ՝ սեփական: Սա հստակ է: Նիկոլ Փաշինյանի իրական ընդդիմությունը դեռ չի ձևավորվել: Այն կձևավորվի, բայց խորհրդարանական ուժերից դուրս:

Այլապես ստիպված կլինենք կրկնել Սենկևիչի կողմից նոր դրսևորում ստացած հավերժական հարցը՝ յո՞ երթաս:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am