«Կնոջը ծեծելով սպանել են Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության ներքո, և սպանելուց հետո այդ անտարբերությունը շարունակվում է մինչև այս պահը». Իրավապաշտպան

18-12-2018
890 դիտում
«Կնոջը ծեծելով սպանել են Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության ներքո, և սպանելուց հետո այդ անտարբերությունը շարունակվում է մինչև այս պահը». Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

- Տիկի՛ն Ալեքսանյան, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր անդրադարձել է ռուսական 102-րդ բազայի զինծառայողներից մեկի կողմից Գյումրիում 57-ամյա կնոջ սպանությանը։ Նա հայտարարել է, որ չի կարելի քաղաքականացնել այդ հարցը: Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

- Շատ վատ եմ գնահատում ոչ միայն ռուսական կողմի վերաբերմունքը, այլև մեր իշխանությունների վերաբերմունքը, որ որևէ մեկը չի այցելել, չի տեղեկացել, հանրությանը չի տեղեկացրել պաշտոնապես քրեական գործի ընթացքի և առհասարակ դեպքի մասին: Իսկ դեսպանի հայտարարությունները մեզ չեն մխիթարում:

Փաստորեն ավանդույթ է դառնում Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինվորների կողմից կա՛մ օդում կրակելը, կա՛մ մարդաշատ վայրում կրակելը, կա՛մ բնակավայրում, էլ չենք ասում Ավետիսյանների ընտանիքի մասին: Ոչ մի տարբերություն չկա իշխանությունների մոտեցումներում Ավետիսյանների ընտանիքի և այս դեպքի միջև, երկու դեպքում էլ քար լռություն են պահպանում։ Լավ է, որ գոնե փաստաբաններ ներգրավեցին:

Եվ, վերջապես, գոյություն ունի սոցապ նախարարություն, որ գնա այդ ընտանիքին այցելի, տեղեկանա՝ ի՛նչ է կատարվում և տեղեկացնի հանրությանը: Այս ծայրահեղ աղքատ ընտանիքում վիշտ է մտել: Եվ ինձ համար բացարձակապես անհասկանալի է ստեղծված իրավիճակը: Եվ հիմա ասելով չքաղաքականացնել՝ նրանք փորձում են պաշտպանվել, երբ իրականություն է, որ ծեծելով սպանել են կնոջը: Իսկ ո՞վ է քաղաքականացնում: Քաղաքականացնում է ռուսական կողմը, որը չի հանձնում զինվորին Հայաստանի իրավապահ մարմիններին և պարբերաբար այսպիսի անառողջ հայտարարություններ է անում: Եվ ոչ ոք չի պատրաստվում նստել և լսել ռուսական կողմին։ Ինչպես արդեն Ավետիսյանների դեպքում գործը փակեցին հայաստանյան իրավապահների աջակցությամբ: Եվ ցանկալի չէ, որ հիմա նույնը կրկնվի:

- Ըստ Ձեզ՝ իշխանության լռությունը ինչո՞վ էր պայմանավորված:

- Ես չգիտեմ՝ ինչո՛վ է պայմանավորված, դա թող բացատրի վարչապետը, որը պարտավոր էր բացատրություն տալ հանրությանը դեպքի վերաբերյալ: Նա տարբեր առիթներով տարբեր տեղերում է լինում, չէ՞ր կարող այցելել Գյումրի: Չէր այցելել, թող ինչ-որ մեկին հանձնարարեր այցելել և բացատրել հանրությանը:

Սա աղմկահարույց դեպք է, ինչո՞ւ եք իզուր տեղը քաղաքականացնում դեպքը, երբ կարելի էր իրավական դաշտում գտնել լուծումներ, ընթացք տալ և օրենքի տառին համապատասխան։ Եվ որևէ մեկը չի պատրաստվում նստել, լսել, թե Ռուսաստանի ղեկավարները ինչ են թելադրում Հայաստանին։ Ամոթ է, սա մահվան դեպք է մի կնոջ, որը թոշակի տարիքի իր հավաքարարությամբ ընտանիք էր պահում։

Թող հայտարարեն՝ ի՛նչ դրդապատճառով է նա գնացել, ծեծել և սպանել։ Այո՛, քաղաքականացնում են մեր իշխանությունները Ռուսաստանի իշխանությունների հետ միասին։

Ընտրությունների օրը մարդու մահը թաքցրին, փակեցին, հերքեցին և ընտրություններից հետո նորից վերակենդանացրին թեման։ Իսկ «քաղաքականացնել» բառով թող մեզ չվախեցնի պարոն դեսպանը։ Հետաքրքիր է, եթե Ռուսաստանում հայ զինվորը գնար ՌԴ քաղաքացու փողոցում առանց պատճառի ծեծելով սպաներ, տեսնեինք ի՛նչ էր անելու Ռուսաստանը, երևի կքշեին ամբողջ հայությանը Ռուսաստանից։

- Մեղադրյալը շարունակում է բազայի տարածքում մնալ։ Կկրկնվի՞ նույնը, ինչ Պերմյակովի դեպքում։

- Գլխավոր դատախազը պարտավոր էր հանրությանը բացատրել, թե ինչո՛ւ է նա գտնվում ռուսական զինվորականների հսկողության ներքո և ոչ թե հայաստանյան իրավապահների։ Գլխավոր դատախազությունը պարտավոր է քրեական գործերի նկատմամբ վերահսկողություն իրականացնել։

Օրերս լսեցի Վանեցյանին, նա էլ բավականին անտարբերությամբ հայտարարեց, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, բայց նորից չքաղաքականացնելու քարոզ արեց։ Դեռ թող ձեր մտերիմների շրջանակում լիներ, սա ի՛նչ անտարբերություն է մարդու նկատմամբ։

Կնոջը ծեծելով սպանել են Հայաստանի իշխանությունների բացարձակ անտարբերության ներքո, և սպանելուց հետո այդ անտարբերությունը շարունակվում է մինչև այս պահը։

- Այսինքն՝ այս վիճակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չկա քաղաքական կամք գնահատականներ հնչեցնելու։

- Այդ հարցի պատասխանը լավ կլիներ Նիկոլ Փաշինյանը տար, թե ի՛նչ խնդիր ունի ինքը Ռուսաստանի իշխանությունների հետ, կամ արդյո՞ք մարդու կյանքի իրավունքը կապված է Ռուսաստանի իշխանությունների քաղաքականության հետ, ինչը մենք տեսանք Ավետիսյանների դեպքում նախորդ իշխանությունների ժամանակ և փաստորեն տեսնում ենք նաև այս իշխանությունների ժամանակ։

Թող այդ գաղտնիքը բացահայտեն՝ իմանանք։ Քրեական գործի հարուցումը և այս ընթացքը ոչինչ չեն նշանակում, եթե նրանք շարունակելու են պահել իրենց հսկողության ներքո։

- Հիմա Գյումրիի 102-րդ ռազմաբազան մեզ որքանո՞վ է օգուտ և որքանո՞վ է վնաս պատճառում։

- Ռուսական կողմն ապացուցել է, որ հակացուցված է Հայաստանում ռազմաբազան, որ անընդհատ մահվան ելքով դեպքերի է հանգեցնում նրանց պահվածքը։

Մանե Հարությունյան

MediaLab.am