ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ

19-12-2018
258 դիտում
ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Միլանում ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակի պատասխանը ներկայացնում ենք ստորեւ։

Հարց. Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, որ Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել: Ի՞նչ փոխըմբռնման մասին է խոսքը:

Պատասխան. Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից: Մասնավորապես, հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։

Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ:

ԵԱՀԿ նախարարների խորհրդում դեկտեմբերի 6-ի իր ելույթում, որը նույնպես հրապարակվել է ՀՀ ԱԳՆ կողմից, Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է այդ հայտարարությանը` ընդգծելով, որ անշուշտ ոգևորիչ է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ կայացած հանդիպումից հետո հաջողվեց համաձայնության գալ ընդհանուր տեքստի շուրջ և ընդունել հնգակողմ հայտարարություն: Նա հավելեց, որ այդ հայտարարությունը վերահաստատում է Դուշանբեում ձեռք բերված փոխըմբռնումը կյանքի կոչելու կարևորությունը՝ ինտենսիվորեն աշխատելու հակամարտության գոտում լարվածության հետագա թուլացման և ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ:

Նման բարդ հարցերի առնչությամբ հանրային հայտարարություններում ոչ կոնֆրոնտացիոն, ոչ թշնամական տոնայնության պահպանումն արդեն իսկ լավ է: