«Ուրախ եմ, որ մարդիկ տոմս են փնտրում, տոմս չկա»․ Գյումրու դրամատիկական թատրոնում իրավիճակ է փոխվել

19-01-2019
1484 դիտում
«Ուրախ եմ, որ մարդիկ տոմս են փնտրում, տոմս չկա»․ Գյումրու դրամատիկական թատրոնում իրավիճակ է փոխվել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լյուդվիգ Հարությունյանը:

- Պարո՛ն Հարությունյան, Գյումրու թատրոնը վերջին շրջանում մեծ համբավ է վայելում, ասում են՝ տոմսերի համար հերթեր են գոյանում: Ի՞նչ փոփոխությունների արդյունք է սա:

- Նախ՝ թատրոնը մոտ 3-4 տարի է՝ իր աշխատաոճում փոփոխություն է կատարել: Մեր թատրոնն առաջիններից մեկն էր, որտեղ շատ կարևորվեց մենեջմենթական ուղղությունը, այսինքն՝ պրոդյուսեր հասկացությունը: Մի մեծ խումբ սկսեց աշխատել նաև ներկայացման գովազդով:

Սա շատ կարևոր համակարգ է, որ պետք է լինի թատրոնում: Թատրոնը մոտ 3-4 տարի է՝ որդեգրել է մի շատ կարևոր սկզբունք, որ պետք է պատադիր հրավիրի նաև ռեժիսորներ տարբեր տեղերից: Որպես այդպիսին՝ Հայաստանում միակ թատրոնն ենք, որ հաստիքով ռեժիսոր չունենք, այլ ռեժիսորները պարբերաբար դրսից են հրավիրվում: Թատրոնում չպետք է բեմադրություն անի միայն թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Այս սկզբունքն առաջնային է ինձ՝ որպես թատրոնի գեղարվեստական ղեկավարի համար: Ինձ համար շատ կարևոր է փորձի փոխանակումը, կայացած ռեժիսորների ներկայությունը թատրոնում: Նոր միտք պետք է լինի, նոր որակ ու մոտեցում պետք է լինի, որը, իհարկե, պետք է համապատասխանի այս թատրոնի գեղագիտական ճաշակին:

Եվ, ինչպես գիտեք, ունեցանք Արթուր Սահակյանի «Լիր արքա» ներկայացումը, հաջորդեց Հրաչ Քեշիշյանի աշխատանքը, հետաքրքիր մոտեցում եղավ՝ կինոյի և թատրոնի համադրություն, և ունեցանք «Ոչինչ չի մնա» թատերական ներկայացումը: Եվ այս գործընթացը պետք է շարունակվի, թատրոն շատ հաճախ են ռեժիսորներ հրավիրվում, որոնք ներկայացումներ են անում և՛ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում, և՛ մեծ բեմում: Ներկա պահին բեմադրություն է անում երիտասարդ ռեժիսոր Գևորգ Գրիգորյանը, նրանից առաջ՝ Արտուշ Միքայելյանի «Անասնաֆերման» ներկայացվեց և այլն:

Ի՞նչ է կատարվում, մթնոլորտն առողջ է պահվում, երբ նոր մոտեցումներ են կիրառվում: Այսինքն՝ և՛ դերասանների, և՛ թատրոնի աշխատակազմի համար շատ կարևոր է, որ անընդհատ նոր միտք լինի թատրոնում: Ես վերջին չորս տարիներին ընդամենը մեկ ներկայացում եմ պատրաստել՝ «Հարսանիք թիկունքում»: Մենք համատեղ ջանքերով մի նոր ներկայացում ստեղծեցինք՝ նվիրված քառօրյա պատերազմին: Այս ներկայացումը բավական հաջողություն ունեցավ, մենք 12 անգամ այն մայրաքաղաքում ենք ներկայացրել՝ Սունդուկյանի, Ստանիսլավսկու, Պարոնյանի անվան թատրոններում՝ լեփ-լեցուն դահլիճներով: Ներկայացմամբ հանդես ենք եկել նաև Արցախում, Լիբանանում:

- Արտերկրում ինչպե՞ս են ընդունում ձեր ներկայացումները:

- Շատ լավ, լեցուն դահլիճներով: Եթե խոսենք «Հարսանիք թիկունքում» ներկայացման մասին, մեզ շատ են հարց տալիս, թե ո՛րն է այդ ներկայացման հաջողության գրավականը: Յուրահատկությունն այն է, որ ներկայացումը մարտի դաշտ չի պատկերում, ներկայացնում է թիկունքի պատմություն: Իսկ արտերկրում առավել ևս հետաքրքրությամբ են դիտում, որովհետև ներկայացումը թիկունքի մասին է, իսկ այն հայը, ով ապրում է դրսում, մեր թիկունքն է:

Այսինքն՝ սփյուռքահայ հանդիսատեսը շատ լավ հասկանում է, որ սա իր մասին է: Ներկայացման գաղափարն այն է, որ ամուր ճակատ ու հզոր թիկունք ունենալու պարագայում է, որ ոչ մի թշնամի մեզ հաղթել չի կարող: Ներկայացման շրջանակներում այն պատմությունները, որոնք մարդիկ տեսնում են, յուրաքանչյուր հանդիսատես ապրել է այդ օրերը՝ լինի կին թե տղամարդ: Մենք ներկայացնում ենք, որ ոչ պակաս հերոս է այդ հերոսին բանակ ճանապարհող մայրը, նրան սպասող կինը, քույրն ու եղբայրը: Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պատերազմի օրերին թիկունքում են, նրանք հզոր ուժ են: Ի՞նչ ասել այն մոր մասին, ով պատերազմում որդի է կորցրել, դրանից հետո նորից որդի է ունեցել և իր երկրորդ որդուն է ճանապարհում բանակ: Սա հերոսություն չէ՞:

- Յուրօրինակ մոտեցում էր նաև ձեր գովազդը, երբ Մհեր Մկրտչյանի մեծադիր դիմանկարով վահանակը քաղաք մտնողներին հորդորում է. «Պարտադիր թատրոն կերթաք»: Այս գովազդը որքանո՞վ է օգնում աշխատանքին:

- Իհարկե օգնում է, բայց գովազդին զուգահեռ պետք է ունենալ նաև լավ ներկայացում: Գուցե լավ գովազդով մեկ-երկու անգամ գան նայեն, հետո չեն գա, եթե գովազդով խաբես: Բայց մեր դեպքում, կարծում եմ, դրանք համատեղ են իրականացվում, կա և՛ ճիշտ աշխատանք գովազդի առումով, և՛ ստեղծագործական աշխատանք ու մթնոլորտ: Մեր թատրոնում 120 մարդ է աշխատում, և բոլորը գիտեն, թե ի՛նչ են ուզում ու ինչի՛ համար: Կարծում եմ՝ մեր վերջին ամիսների հաջողությունը պայմանավորված է հենց նրանով, որ թատրոնն ունի միտք, առողջ մթնոլորտ: Եվ հաջողության գրավականներից մեկը նաև փորձի փոխանակումն է:

- Աշխատանքային հաջողությունները որքանո՞վ են ազդում դերասանների աշխատավարձի վրա: Մենք գիտենք, որ դերասանների աշխատավարձը ցածր է, ո՞րն է խթանը, որ մարդ լավ աշխատի:

- Ինձ հաճախ հարցնում են՝ դերասանը գումարի համա՞ր է աշխատում: Մենք շատ լավ գիտենք, թե ինչ երկրում ենք ապրում, և այսօր դերասանն այնքան չի վարձատրվում, որ այդ աշխատավարձը բավարարի նրան: Այստեղ առաջին պլան է մղված նվիրումը: Բայց բնական է, եթե դու շատ ներկայացում ես խաղում, դերասանին պետք է կարողանաս պարգևատրումներ տալ: Սա նաև ազդում է նրա աշխատանքի վրա: Ասեմ, որ մեր թատրոնը Հայաստանում այն թատրոններից մեկն է, որը յուրաքանչյուր ամիս յուրաքանչյուր դերասանի, բացի իր աշխատավարձից, նաև պարգևատրում է տալիս: Ես չեմ կարող ասել, որ ամեն ինչ շատ լավ է, բայց վստահ կարող եմ ասել, որ Հայաստանի բոլոր թատրոնների դերասաններն էլ աշխատավարձի համար չէ, որ աշխատում են թատրոնում: Նրանք մեծ նվիրյալներ են:

- Դժվա՞ր է այսօր հանդիսատեսին բերել թատրոն: Ի՞նչ պետք է փոխվի, որ մարդը ինքնակամ հետաքրքրվի թատրոնով:

- Ես չեմ ուզում, որ մենք հանդիսատեսին բերենք թատրոն: Մոտ 3-4 տարի առաջ այսպիսի խնդիր դրեցինք, որ երբեք մենք չենք ստիպում հանդիսատեսին գալ թատրոն: Երբ դու նրան տոմսը վաճառում ես խնդրելով կամ ստիպում ես, այստեղ շատ կարևոր մի բան կորչում է: Նա ինքը չի եկել, նրան բերել են: Եվ այդ դեպքում նրա՝ ներկայացում դիտելուց արդեն ինչ-որ բան փոխվում է: Մենք այնպես ենք աշխատում, որ հանդիսատեսն ինքը պետք է գա թատրոն:

Ստեղծի՛ր այնպիսի բան, որ մարդն ուզենա գալ թատրոն, ոչ թե ստիպի՛ր:

Եթե թվերով խոսենք, մենք այս տարվա կեսին արդեն կրկնակի գերազանցել ենք տարվա համար հանդիսատեսի թվի պլանը: Դա այն աշխատանքի արդյունքն է, որն իրականացրել ենք: Մենք նախկինում ունեցել ենք նման երջանիկ իրավիճակ, երբ մարդիկ թատրոնի տոմսը փնտրել-գտել ու եկել են թատրոն: Ես հիմա էլ ուրախ եմ, որ մեզ մոտ այդ իրավիճակն է, մարդիկ տոմս են փնտրում, տոմս չկա: Երևանում էլ է մեր ներկայացման դեպքում իրավիճակ եղել, որ մարդիկ փնտրել են տոմս: Դրան հասնելու համար ի՞նչ է պետք՝ լավ աշխատանք:

- Հեղափոխությունից ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել և՛ դերասանների, և՛ հանդիսատեսի մոտ:

- Թատրոնի դերասաններն այսպես թե այնպես աշխատում էին նաև հեղափոխությունից առաջ: Բնական է, որ եթե կա հեղափոխություն ու հույս, որ վաղն ավելի լավ է լինելու, այդ լավատեսությունն անդրադառնում է նաև ստեղծագործողների ու արտիստների վրա: Ստեղծագործողը պետք է միշտ լինի հեղափոխական, ինքն իր ամբողջ կյանքում պետք է հեղափոխության մեջ լինի իր աշխատանքով: Իսկ հանդիսատեսի առումով նկատվում է, որ մարդկանց հավատն ավելի է շատացել վաղվա օրվա հանդեպ: Մարդիկ հավատում են, որ վաղն ավելի լավ պետք է լինի: Մնում է, որ քաղենք այդ հեղափոխության պտուղները:

Լուսանկարը՝ «Հարսանիք թիկունքում» ներկայացումից։ Լուսանկարի աղբյուրը

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am