«Օր առաջ ոչ միայն փոփոխություն, այլև հեղափոխություն է պետք իրականացնել». Ժիրայր Սեֆիլյան

01-03-2013
255 դիտում
«Օր առաջ ոչ միայն փոփոխություն, այլև հեղափոխություն է պետք իրականացնել». Ժիրայր Սեֆիլյան

Ազատության հրապարակում այս օրերին անցկացվող հանրահավաքներին մասնակցում է նաև Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի և Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: «Մեդիալաբը» մի քանի հարց ուղղեց Ժիրայր Սեֆիլյանին:

- Պարո´ն Սեֆիլյան, Ձեր կարծիքով ի՞նչ հանգուցալուծում կունենա հետընտրական շրջանում ձևավորված շարժումը:

- Պիտի ամեն ինչ անենք, որ այս բարձրացած ալիքը պահպանենք և հնարավորինս կարճ ժամկետում հասնենք մեր գլխավոր նպատակին, այն է՝ օր առաջ մեր երկրում ձևավորել մեր ազգի իղձերին բավարարող համապատասխան կառավարման համակարգ: Որակապես նոր պետություն` սա´ է գլխավոր խնդիրը:

- Բայց իշխանությունները կարծես չեն զիջում, ի՞նչ է հնարավոր անել:

- Գիտեք ինչ, մենք ականատես եղել ենք, թե ինչպես են պատմության մեջ բազմաթիվ բռնատիրություններ տապալվում: Մենք ոչ հեռու ապագայում կտեսնենք նաև այս ռեժիմի տապալումը: Այս իմաստով ես մտահոգություն չունեմ: Մեր մտահոգությունն այն է, որ եթե փոփոխություն է լինելու, պիտի լինի միայն որակական, այլ ոչ թե կոսմետիկ: Մեր երկրին արմատական փոփոխություններ են պետք: Մենք փորձելու ենք այս ընթացքում հնարավորինս ազդել, որ այդ փոփոխությունը լինի:

- Րաֆֆի Հովհաննիսյանը «բարևարշավ» է սկսել, իսկ «բարևի» հեղափոխությունն իրատեսակա՞ն է մեր երկրի համար:

- Անշուշտ իրատեսական է, եթե ռազմավարությունը ճիշտ ընտրվի, և շատ սխալներով առաջ չգնանք:

- Սպասո՞ւմ էիք, որ ընտրություններից հետո ժողովուրդը դարձյալ դուրս կգա Ազատության հրապարակ:

- Ոչ պատկերացրեք: Այդ է պատաճառը, որ մենք այստեղ ենք և ժողովրդի այս պահանջն ընդունում ենք որպես հրահանգ: Եվ եթե մենք նախորդին մտածում էինք, որ ավելի երկար ժամկետներում պետք է անեինք այդ փոփոխությունը, այժմ հակված ենք այն խնդրին, որ ընդամենը ամիսների խնդիր է մնացել:

- Պարո´ն Սեֆիլյան, 88-ին նույն հրապարակում Արցախյան շարժումը ձևավորվեց: Անցած 25 տարիներին ո՞րն էր մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ կորուստը:

- Գլխավոր կորուստը արտագաղթն է, որը հյուծել է մեր հայրենիքը: Կարծում եմ՝ արտագաղթ ասելով ամեն ինչ ասեցի: Մեր ձեռքբերումն այս 25 տարիների ընթացքում Արցախն է, որը փաստացի միացրեցինք Հայաստանին: Իսկ մնացած հարցերում դոփում ենք և ոչ միայն դոփում ենք, այլև հետընթացի մեջ ենք: Այդ է պատճառը, որ օր առաջ ոչ միայն փոփոխություն, այլև հեղափոխություն է պետք իրականացնել:

Մարի Ներսեսյան

© Medialab.am