«Վարչապետն արձանագրեց, որ կա հանրային պահանջ՝ ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն իրականացնելու ». իրավապաշտպան

20-12-2018
1161 դիտում
«Վարչապետն արձանագրեց, որ կա հանրային պահանջ՝ ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն իրականացնելու ». իրավապաշտպան

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլյան պատերազմի վերաբերյալ մեկնաբանություններին: Փաշինյանն ասել է, որ հանրության մոտ շատ հարցեր կան այս դեպքով, և պետք է իրականացվի քննություն՝ հարցերի պատասխաններն ստանալու համար: Նա նաև ասել է, որ կառավարության բոլոր գործողություններն ուղղված են լինելու հանրության համար կարևոր ճշմարտությունները բացահայտելուն:

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձել է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին իր խորհրդական նշանակելու հարցին: Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանը զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետն էր, պաշտոնից հեռացվել էր ապրիլյան պատերազմից հետո, քանի որ, ըստ տեղեկությունների, ձախողել էր հետախուզությունը: Նրա նշանակումը Նիկոլ Փաշինյանի խորհրդականի պաշտոնում վերջին երկու օրերին բուռն քննադատության առիթ է:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ եթե որևէ մեկի մասին բանավոր հայտարարություն է հնչում, դա չի նշանակում, որ այդ մարդու նկատմամբ կայացվել է դատավճիռ:

«Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր, և այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության մասին»,- հավելել էր նա:

Արթուր Սաքունցն ասում է, որ երկու շատ կարևոր հանգամանք է արձանագրում վարչապետի պաշտոնակատարի մեկնաբանության մեջ:

«Առաջինը՝ որ իր արված հայտարարությունները դատավճիռ չեն: Դա շատ կարևոր հանգամանք է, որովհետև շատերը փորձում են շահարկել, որ եթե վարչապետն ինչ-որ հայտարարություն է անում, ապա դա վերջնական վճիռ է կամ դատավաճիռ, կամ պետք է ընդունվի ի գիտություն՝ կատարման համար: Երկրորդ՝ այնուամենայնիվ մենք տեսնում ենք, որ ապրիլյան պատերազմի հետ կապված քննություն իրականացնելու անհրաժեշտություն կա: Դա ինքն ընդունեց, արձանագրեց, որ կա հանրային պահանջ՝ ապրիլյան պատերազմական գործողությունների հետ կապված հարցերի ուղղությամբ քննություն իրականացնելու, պարզելու և հանրությանը ներկայացնելու»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Սաքունցը:

Նա հիշեցնում է, որ իր ղեկավարած կառույցն ապրիլյան պատերազմի հետ կապված երկու զեկույց էր հրապարակել ժամանակին, որոնք նախորդ իշխանությունների կողմից այդպես էլ չընդունվեցին:

Սաքունցի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի արձանագրած մյուս կարևոր փաստն այն է, որ 2016-ի ապրիլին պատերազմական գործողություններն սկսվելուց առնվազն մեկ ամիս առաջ բոլորն են իմացել շփման գծում տեղաշարժի մասին:

«Ես չգիտեի այդ մասին: Մեկ ամիս առաջ ադրբեջանական զորքերի տեղաշարժի և հնարավոր լարվածության վերաբերյալ տեղեկությունն ուղղակի հղում է նյութերին ծանոթ անձի կողմից: Սա առավել քան հիմնավորում է իմ նշած քննություն իրականացնելու անհրաժեշտության մասին»,- ասում է նա:

Եվ ելնելով Նիկոլ Փաշինյանի առաջին պնդումից, որ իր հայտարարությունը կամ գնահատականը դատավճիռ չէ, իրավապաշտպանի խոսքով, եզրակացնում ենք, որ Կարապետյանին վարչապետի խորհրդական նշանակելը նույնպես դատավճիռ չենք կարող համարել: Այսինքն՝ այնուամենայնիվ քննություն պետք է իրականացվի: Հաշվի առնելով խնդրի նշանակությունը պաշտպանության և ազգային անվտանգության տեսանկյունից՝ պարզ է, որ այդ քննությունը պետք է կատարվի գաղտնիության բոլոր չափանիշները պահպանելով: Բայց ուսումնասիրության արդյունքներով եզրակացությունները պետք է հանրությանը մատչելի լինեն, թե ով կոնկրետ ինչում է թերացել: Պետք է պարզել՝ ինչի՛ հետևանքով է բանակի մատակարարումների՝ թե՛ վառելիքի, թե՛ սննդի, թե՛ բուժսպասարկման ապահովման և այլ հարցերում թերացում կամ գիտակցաբար անգործություն եղել, այս ամենը պետք է հանրությանը ներկայացվի:

Արթուր Սաքունցի խոսքով՝ կադրային նշանակումների համար պատասխանատվությունը կրում է հենց նշանակողը, բայց այստեղ շատ կարևոր է, թե ի՛նչ պետք է անել:

«Վարչապետի պաշտոնակատարն ընդունում է, որ հասարակության մոտ հարցեր կան ապրիլյան պարերազմի հետ կապված: Սա նշանակում է, որ պետք է նաև քննություն իրականացվի՝ այդ հարցերի պատասխաններն ստանալու համար: Սա է ավելի կարևոր, և այդ պարագայում արդեն թե՛ նշանակողի, թե՛ հանրության համար շատ ավելի հասկանալի կլինի, թե ինչքանով են այդ նշանակումները հիմնավոր»,- ասում է նա:

Իրավապաշտպանի խոսքով՝ սա այն հիմնական հարցն է, ինչի մասին ապրիլյան պատերազմից հետո իրենք անընդհատ բարձրաձայնել են: Եվ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որ վարչապետի պաշտոնակատարն ընդունում է դա:

«Այսինքն՝ այս նշանակման հետ կապված արձագանքը պետք է ոչ միայն սահմանափակվի միայն նշանակման փաստով, այլ շատ ավելի հիմնարար խնդրի լուծման պահանջով, ինչպիսին հենց ապրիլյան պատերազմական գործողությունների հետ կապված իմ նշած բոլոր խնդիրներով քննություն տանելն է»,- նշեց Արթուր Սաքունցը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am