Բացառվել է թռչնի գրիպը առկայությունը. Վայրի թռչունների անկման պատճառը մեխանիկական վնասվածքներն են

20-12-2018
280 դիտում
Բացառվել է թռչնի գրիպը առկայությունը. Վայրի թռչունների անկման պատճառը մեխանիկական վնասվածքներն են

Վայրի թռչունների անկման պատճառը մեխանիկական վնասվածքներն են։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի պետական ծառայության հաղորդագրությունը, որը ներկայասցնում ենք ստորեւ։ 

«Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վայրի թռչունների՝ առավելապես ագռավների, անկման դեպքերի վերաբերյալ քաղաքացիների անհանգստությանն արձագանքելով՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ձեռնարկել էր դրանցից մի քանիսին գտնելու և փորձաքննության հանձնելու գործողություններ:

Պատասխանատու քաղաքացիների ահազանգերի, ուղղորդումների և աջակցության շնորհիվ հայտնաբերվել ու փորձաքննության են տարվել անկած թռչունների մի քանի նմուշներ:

Դրանք ենթարկվել են ախտաբանաանատոմիական փորձաքննության (դիահերձում), ինչի արդյունքում ներկայացված բոլոր նմուշներում արձանագրվել են խորը, թափանցող մեխանիկական վնասվածքներ, որոշների մոտ գանգի և պարանոցի ողերի կոտրվածքներ, կտուցից արյունահոսություն:

Քանի որ այդ վնասվածքները կարող էին առաջանալ նաև անկումների պատճառով, թռչնագրիպի առկայությունը բացառելու նպատակով՝ կատարվել է նաև թռչնագրիպի նկատմամբ ՊՇՌ մեթոդով հետազոտություն: Ստացված բացասական արդյունքներով բացառվել է թռչնի գրիպը առկայությունը: Հետազոտական աշխատանքները շարունակվում են:

Հատկապես սոցիալական ցանցերում խտացված խուճապային տրամադրություններն անհիմն են, անհանգստության որևէ առիթ չկա»: