«Գործուղումների համար կարող է ծախսվել մի քանի միլիոն դրամ, բայց մենք երկիր կբերենք միլիոնավոր դոլարներ». Երևանի ավագանու անդամ

22-12-2018
1157 դիտում
«Գործուղումների համար կարող է ծախսվել մի քանի միլիոն դրամ, բայց մենք երկիր կբերենք միլիոնավոր դոլարներ». Երևանի ավագանու անդամ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգիչ Արթուր Իսպիրյանը:

- Պարո՛ն Իսպիրյան, նախկին պաշտոնյաներից ոմանք, պատասխանատվությունից խուսափելու համար, հայտարարում են, որ պատրաստ են իրենց ունեցվածքի մի մասը նվիրել պետությանը: Ընդհանրապես, ինչպես պետք է լինի այս խնդրի լուծումը՝ ընդունել նվիրատվությունը և ներե՞լ, թե՞ այլ մեխանիզմներ պետք է կիրառվեն:

- Կեսը շատ քիչ է: Այսինքն՝ նրանց ունեցվածքի գնահատողը ո՞վ է լինելու, և ո՞նց կարող են գնահատել, երբ նախկին միլիոնատեր պաշտոնյաները բավական մեծ թվով գույք ու գումար ունեն ուրիշների անունով: Դա ո՞նց է կարգավորվելու: Այստեղ մարդկային խղճի հարց է, կե՞սը կբերի, թե՞ 10 տոկոսը: Ինձ թվում է՝ նրանցից ոչ ոք ունեցվածքի 5 տոկոսից ավելին չի նվիրի պետությանը, մինչև ինչ-որ կառույցներ չմիջամտեն:

- Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասում է՝ ունեցվածքի 98 տոկոսը թող տան, կմտածենք՝ նրանց կներե՞նք, թե՞ ոչ: Կա՞ն մարդիկ, որոնց պետք է ներել, թե՞ պետք է դատական կարգով որոշումներ կայացվեն:

- Նայած ում, եթե այդ գումարները ստացել են Հայաստանի անմեղ քաղաքացու հաշվին, ինչ-որ կրիմինալ ձևերով, ինձ թվում է՝ նրանց ներել չի կարելի: Բայց շատ մարդիկ կան, ովքեր համակարգի զոհ են դարձել և, զոհ լինելով հանդերձ, գումար են վերցրել, և այդ գումարի որոշ մասն էլ հասել է վերևներ:

- Այսինքն՝ երկա՞ր ժամանակ է պետք այդ խնդիրների լուծման համար:

- Երկար ժամանակ է պետք, այդ նույն պաշտոնյաները, ովքեր շատ կարճ ժամանակահատվածում անհասկանալի ճանապարհով դարձել են միլիոնատեր, գումարներ են կուտակել, պետք է հասկանան, որ այսօր երկիր կառուցելու ժամանակն է: Եվ այդ գումարները շատ անհրաժեշտ են մեր երկրին: Այդ գումարները կարևոր ոլորտների պետք է ուղղվեն, ավելի կարևոր հարց կա՞, քան մեր երկրի անվտանգության ապահովումը, պաշտպանության ոլորտը:

Մենք ապրիլյան պատերազմում համոզվեցինք, որ շատ քիչ բան է արվել մեր բանակի համար: Շատ քիչ է գնացել բանակի կարիքների լուծմանը: Ե՛վ պաշտպանության, և՛ ժողովրդի բարեկեցության բարելավման ուղղությամբ պետք է ծախսել այդ գումարները: Այսօր ինձ համար թիվ մեկ խնդիրը իմ երեխաների կրթության հարցն է: Եթե այս սերունդը չկրթվեց, շատ վատ վիճակում ենք հայտնվելու:

- Նախկին պաշտոնյաների մոտ ընդունված էր եկեղեցի կառուցել, գուցե մտածում էին՝ այդպիսով կխուսափե՞ն պատասխանատվությունից: Ընդհանրապես, նրանց համար անսպասելի՞ էր այս իրավիճակը:

- Թող կառուցեն, եկեղեցի էլ թող կառուցեն, բայց ամեն ինչին չափ ու սահման կա: Երբ անցնում ենք մեծահարուստների տների մոտով, տեսնում ենք, որ ագահությունը չափ ու սահման չունի: Այդ մարդիկ ինչ արել են՝ իրենց համար են արել: Նրանցից ոչ ոք չէր մտածում, որ կգա այս ժամանակը: Բայց ես մտածում էի, որ կգա այս ժամանակը, որովհետև հասունանում էր այդ պահը, երբ ժողովրդի մեջ դժգոհությունը մեծ էր: Եվ փառք մեր վարչապետին, որ կարողացավ այդ բեռը վերցնել իր վրա ու առաջնորդել ժողովրդին:

- Ի՞նչ պետք է անեն նոր իշխանությունները, որ մարդիկ չհիասթափվեն, որ չկրկնվի նախկին իրավիճակը:

- Ես շատ դեպքերում չեմ հասկանում մարդկանց, որովհետև փոփոխությունները հենց հիմա են ուզում, առանց հասկանալու, որ մենք երկրում սկսում ենք մի գործ, որն ընդհանրապես հիմքերից պետք է սկսվի: Իսկ այդ հիմքերը դնելու համար պետք է նախկին հիմքերը փլվեն, պետք է մաքրվի այդ դաշտը:

- Լինելով Երևանի ավագանու անդամ ՝ ի՞նչ խնդիրներ եք արձանագրել, որոնք գերխնդիր եք համարում: Ընդհանրապես, ինչպե՞ս կբնորոշեք նախկին քաղաքային իշխանությունների աշխատանքը:

- Ահավոր չարաշահումներ են եղել նախկինում: Հիմա, երբ ասում են՝ ինչո՞ւ եք այսքան քիչ բյուջե հատկացրել վերելակների համար կամ տրանսպորտի համար, պետք է հաշվի առնել, որ նախկին բյուջեն խիստ ուռճացված էր, մոտավորապես 50 տոկոսով ուռճացված բյուջեի մասին էր խոսքը: Երբ բյուջեի իրական ծախսերն ու մոդելն ուսումնասիրում ես, հասկանում ես, որ այսքան գումարով հնարավոր է բոլոր հարցերը լուծել՝ թե՛ տրանսպորտի, թե՛ վերելակների:

- Հավանաբար գիտեք, որ 2019 թվականի բյուջեի նախագծով էապես ավելացել են գործուղումների գումարները, աշխատակազմի պարգևավճարները, սրանք հրատա՞պ ծախսեր են:

- Գործուղումները պետք է ավելանան:

- Ինչո՞ւ, նախկինում Տարոն Մարգարյանին քննադատում էիք այդ ծախսերի համար:

- Նախկինում գործուղումները ոչ մի արդյունք չեն տվել, հիմա նոր Հայաստանում նոր իրավիճակ է, և հազարավոր երկրներ այսօր մեզ համագործակցության ձեռք են մեկնում՝ Հոլանդիան, Ֆրանսիան և այլն: Գիտե՞ք ինչքան նամակներ ենք ստանում, որովհետև նրանց թվում է, որ երկիրն արդեն տեր ունի, կառուցվում է, և մեզ վստահում են:

Չգնա՞նք գործուղման, չսովորե՞նք, չի կարելի, պետք է սովորել, որովետև շատ բան չգիտենք: Հոլանդիան ու Իսրայելը ջրամատակարարման համակարգի ամենաբանիմաց մասնագետներն ունեն, պետք է գնալ ու սովորել, այդ փորձը մեզ մոտ կիրառել:

Եթե մի երկիր քաղաքի լուսավորության կամ քաղաքաշինության ոլորտներում մեծ փորձ ունի, պետք է գնալ ու սովորել: Գործուղումների համար կարող է ծախսվել մի քանի միլիոն դրամ, բայց մենք երկիր կբերենք միլիոնավոր դոլարներ: Այստեղ ոչ թե բյուջեի խնդիր է, որ մարդիկ բորբոքված են, այլ PR-ի խնդիր է, ժողովրդին պետք է մանրամասն բացատրվի:

Ես հավատացնում եմ ձեզ, այստեղ այնպիսի մարդիկ են հավաքվել, որ ամեն ինչ դրամ առ դրամ հսկվում է, չի կարող մեկ դրամ այս կամ այն կողմ գնալ: Մեր քաղաքապետն այսօր շատ խնայողություններ է անում, անգամ իր անձնական մեքենայով է շրջում:

Լուսանկարը` armlur.am

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am