Մեղավոր են նախկինները. Քանի դեռ ապրում ես անցյալով՝ չես ապրում ընդհանրապես

23-12-2018
1764 դիտում
Մեղավոր են նախկինները. Քանի դեռ ապրում ես անցյալով՝ չես ապրում ընդհանրապես

Երբ կինը բողոքում է իր նախկին տղամարդուց ու բոլոր անհաջողությունները վերագրում նրան, ապա դա նորմալ ու մարդկային իրողություն է՝ մեր օրերում շատ հանդիպող: Երբ տղամարդն է բողոքում իր նախկին կնոջից ու չի կարողանում դուրս գալ ընկճախտից, դա էլ է հասկանալի՝ մարդկային է:

Այս պայմանական կինը և տղամարդն առանձին սուբյեկտներ են ու իրավունք ունեն: Բայց երբ մի ողջ պետական համակարգ շարունակում է բողոքել նախկիններից, դա արդեն նորմալ չէ: Նորմալ չէ նախևառաջ համակարգի համար:

Ներկայիս իշխանությունները, նորաթուխ պատգամավորները, նախարարները, ավագանիում ներառված, բայց ոչ ավագները, շարունակ բողոքում ու բողոքում են: Նախկիններն արդեն հեռացել են, հակահեղափոխության վտանգը չեզոքացված է, եկել է գործ անելու ժամանակը, բայց դեռ բողոքում են:

Հարգելինե՛րս, մենք շատ լավ գիտենք, որ նախկինները վատն էին: Մենք գիտենք, որ նախկինների համար պետությունը խալի էր ոտքի տակ, բյուջեն մսխվում էր սիրուհիների, շքեղ ռեստորանների, անասելի չափերի հասնող թալանի, առանձնատների և այլնի վրա:

Գիտենք նաև, որ զինվորի փայ են գողացել, վերջին տասը տարում շուրջ 350.000 մարդու գաղթական են դարձրել, աղքատությունը հասցրել են 70 տոկոսի, շատ բնակավայրեր լքվել են ու դարձել անշունչ ուրվականներ, նրանց զավակներից յուրաքանչյուրի մի ծնունդը կամ նշանդրեքի ծախսը կհերիքեր Գյումրիում առնվազն երեք ընտանիքի բնակարանով ապահովելու համար: Այս ամենը մենք գիտենք:

Գիտե՞ք նախկիններն ինչո՛ւ մերժվեցին: Եթե չգիտեք՝ ապա ասեմ: Մենք գիտեինք այն, ինչը վերը թվարկեցի, ու դուք պարբերաբար հիշում եք: Բայց ձեր գործը հիշելը չէ: Ձեր գործը հետևանքները վերացնելն է: Ձեր գործը մեր վարկածային իմացածն իրական հիմքերով ապացուցելն է:

Ասում են՝ անցյալն ուրանալը վատ է: Համաձայն եմ: Բայց եկեք անողոքաբար ուրանանք նախկիններին: Չեմ ասում՝ մոռանանք նրանց արածը կամ ներենք: Բնա՛վ: Դրա համար իրավական համակարգ կա: Մոռանանք ամենօրյա խոսքում, ցանկացած ձախողման, դանդաղկոտության կամ չհաջողելու դեպքում նախկիններին օրինակ չբերենք: Եթե պապս ինչ-որ հարցում վատ է վարվել, դա չի կարող արդարացում լինել իմ հետագա վատ քայլերի:

Եկել է ժամանակն իշխանափոխությունը հեղափոխության վերածելու: Բայց եթե մենք ամեն օր, ամեն ժամ փորձենք տարբերվել նախկիններից ու նրանց ֆոնին պուպուշ երևանք, այդ ձգտումը կվերածվի մոլուցքի: Մոլուցքն ինքնին վատ բան է: Ցանկացած մոլություն ունի կործանարարի բաղադրիչ:

Մի՛ դրեք ձեզ համեմատության մեջ նախկինների հետ: Փորձեք ընդհանրապես եզրեր չունենալ:

Ասում են, թե ի՞նչ վատ է, մենք կոռումպացված չենք, կաշառք չենք վերցնում և այլն: Իսկ նախկինները կոռումպացված էին: Կներե՛ք, մնացել էր ձեր սահմանադրական պարտավորությունը երեսո՞վ տայիք: Որևէ մեկի աշխատանքային պայմանագրի մեջ գրվա՞ծ է, որ ինքը պետք է կաշառք վերցնի, որ չվերցնելն էլ լավություն եք համարում: Դա նույնն է, որ ուսուցիչը, հացթուխը, վաճառողը, տաքսիստը, բժիշկը, կոշկակարը և մյուսներն ամեն օր ասեն, թե շնորհակալ եղեք, որ գործի ենք եկել:

Ասում են՝ ռելիեֆն ազդում է քաղաքական մտածողության վրա: Ապացուցե՛ք, որ մեր լեռները չեն փակել ձեր տեսնելու հորիզոնները:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am