Իսկ մանկաբարձ գինեկոլոգը կարո՞ղ է կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինել

24-12-2018
4962 դիտում
Իսկ մանկաբարձ գինեկոլոգը կարո՞ղ է կոնսերվատորիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ լինել

Այն, որ բուհերում հոգաբարձուների խորհրդի նիստեր են նախատեսվում, և ընտրվելու են խորհրդի նախագահներ, ես իմացա մամուլում հրապարակված Վահան Արծրունու ֆեյսբուքյան գրառումից. «Իմ առաջադրման մասին մամուլից տեղեկացա և, մեծ պատիվ համարելով, ընդունեցի։ Գիտեք՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկապետ Վահան Արծրունու ծոռն եմ և շատ խորհրդանշական եմ համարում այս զարգացումները»։

Արծրունին հայտնել է, որ հոգաբարձուների խորհրդում ընդգրկվելու առաջարկն իրեն արել է կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, իսկ որպես նախագահ առաջադրման մասին մամուլից է իմացել։

Մյուս թեկնածուն Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանն է։ Մամուլում նրա մասին այս մի տողն է։ Ա՛յ հենց այս պահն ավելի խորհրդանշական է։

Վահան Արծրունու մասին նշվում է, որ կուսակցական չէ, պետական պաշտոնյա չէ, ծանոթ է բուհի ու առհասարակ առողջապահության ոլորտին։

Ճիշտն ասած, Վահան Արծրունու՝ արվեստի հանդեպ վերաբերմունքս հարգալից է և, իր մեծանուն պապի հանդեպ՝ առավել ևս, բայց ինձ հարցը հետաքրքրում է օբյեկտիվության տեսանկյունից, իսկ այդ տեսանկյունը վերջերս մարդաշատ չէ։

Այս առաջադրումն, ինչպես նշում է Արծրունին, իրոք խորհրդանշական է, բայց պետք է պարզել ի՛նչ «խորհուրդ է նշում», քանի որ երբևէ բժշկության ոլորտում որևէ գործունեություն չունեցած արվեստագետի և բժշկության ոլորտում հնարավոր բոլոր կրթությունները, տասնամյակների աշխատանքային հսկայական գործունեությունը, անունը, հիվանդների անսահման երախտագիտությունը վայելած մարդուն դնել իրար կողքի և նշել, որ իր առաջադրումը խորհրդանշական է, քանի որ հոր պապն է եղել բժշկական ինստիտուտի ստեղծման ակունքներում, և այդ հիմքով ունենալ կրթության նախարարի կողմից առաջադրված լինելու առավելությունը՝ հաստատ քայլ առաջ չէ։ Քայլ առաջ չէ, բնավ առաջ չէ, և մենք պարտավոր չենք կույր ձևանալ միայն այն պատճառով, որ առաջին ոչ մարդաշատ ցույցերից սկսած եղել ենք « քա՛յլ արա»-ի շատ նոսր շարքերում։

Մենք կուրանալու երդում չենք տվել։

Ես զարմացած էի Արծրունու թեկնածության՝ մամուլի խանդավառությամբ, բայց երբ իմացա «հակառակորդի» ով լինելը՝ զարմանքս սահուն փոխվեց ապշանքի։

Այնպես է ստացվել, որ շատ տեղյակ եմ Էդուարդ Համբարձումյանի գիտական ու մասնագիտական նվաճումներին, ճանաչում եմ Էդուարդ Համբարձումյանին, ճանաչում եմ շատ վաղուց, և այս փաստը խնդրում եմ խորհրդանշական չհամարել։ Ես պարզապես ամբողջ կյանքի ընթացքում ծանոթ եմ եղել ուսանող, բժիշկ, գիտնական Էդուարդ Համբարձումյանի անցած գիտական ճանապարհին, իր ոլորտում ունեցած ձեռքբերումներին, որոնց ուղղակի անհեթեթ է որևէ ածական կամ մակդիր ավելացնելը, քանի որ դրա կարիքը չկա։

Մի հսկա բանակ կա կյանքի ամենատխուր դատավճռով մարդկանց, որոնց բժիշկ Համբարձումյանը իր մասնագիտական բարձր նշաձողի շնորհիվ կարողացել է դարձնել երջանիկ մարդ՝ լուծելով անպտղության խնդիրը, հիմք դնելով Հայաստանում այդպիսի կենտրոնի և ղեկավարելով այն։

Նրա անցած կրթական, գիտական ճանապարհն իմանալու պատճառով ինձ շշմելու չափ տարօրինակ թվաց իր մասին մի համեստ տողը՝ անուն, ազգանուն ու տվյալ պահին զբաղեցրած պաշտոն և փոխարենը մյուս՝ երաժիշտ թեկնածուի պապի, առողջապահության ոլորտին ծանոթ լինելու, երբևէ կուսակցական չլինելու, պետական պաշտոն զբաղեցրած չլինելու առավելությունները կարմիր մատիտով շեշտելու տրամադրվածությունը:

Իսկ եթե մասնագիտական ու առողջապահական ոլորտն իմանալու մասին ենք խոսում, ապա սա հատված է Էդուարդ Համբարձումյանի կենսագրությունից.

Կրթությունը՝1979-ին կարմիր դիպլոմով ավարտել է ԵՊԲՀ-ը, 1979-1981 թթ.՝ կլինիկական օրդինատուրան մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ։ 1993-1994 թթ.՝ Փարիզ, դիպլոմ՝ պտղի բժշկություն։ 1994-1995 թթ.՝ եվրոպական դիպլոմ՝ գինեկոլոգիական լապարոսկոպիա։

Բժշկական գործունեությունը՝ 1981-1985 թթ. մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Արագածի կենտրոնական շրջանային հիվանդանոցում

1985-1989 թթ.՝ օբսերվացիայի բաժանմունքի վարիչ Էրեբունի հիվանդանոցում

1987-1989 թթ.՝ գլխավոր բժշկի տեղակալ մանկաբարձության գծով և միաժամանակ օբսերվացիոն բաժանմունքի վարիչ Էրեբունի հիվանդանոցում

1989-1993 թթ.՝ բժշկական գծով ղեկավար, միաժամանակ հղիների պաթոլոգիայի բաժնի վարիչ համար 3 ծննդատանը

1993-1995 թթ.՝ վերապատրաստում և աշխատանք ԱՄԲ կենտրոնում, Antoine Beclere կլինիկայում (Փարիզ, Ֆրանսիա)

1995-1999 թթ.՝ ԱՄԲ լաբորատորիա FaulknerCenter of New England (Բոստոն)

1999-2005 թթ.՝ ԱՄԲ լաբորատորիա Fertiliti Center of New England Բոստոն (ԱՄՆ):

2005-2008 թթ.՝ Հայաստանում աշխատել է որպես ռեպրոդուկտոլոգ, 2006-ին հիմնել է Հայկական վերարտադրողական ասոցիացիան

2008-ից մինչև օրս մարդու պտղաբերության կենտրոնի հիմնադիր տնօրեն Երևանում:

Գիտական աստիճաններ՝ ԽՍՀՄ գյուտարարի անդորրագիր, բժշկական գիտությունների դոկտոր, բարձրագույն աստիճանի մանկաբարձ գինեկոլոգի որակավորում

1993-1995 թթ.`գիտաշխատող Փարիզի համալսարանում, Paris Sud 5

1995-2001 թթ.՝ գիտաշխատող մարդու պտղաբերության կենտրոնում Ֆոլկների անվան հոսպիտալում։ Գիտական աշխատանքների թվում են՝ անպտղության անհայտ պատճառի գործոններից մեկի բացահայտումը, ինչպես նաև WT1 կոչվող գենի հայտնաբերումը մարդու ընկերքում։

Իսկ եթե իրավամբ մեծ հարգանքի արժանի նախապապի փաստով է մյուս թեկնածուն խորհրդանշական համարում իր առաջադրումը, ապա այս դեպքում մեծ սիրով կպատմեմ Էդուարդ Համբարձումյանի նախնիների մասին, քանի որ սա մի ընտանիք է, որի անդամներից յուրաքանչյուրի մասին կարելի է առանձին պատմություն գրել, որտեղ կա և՛ երկրի ու մարդու ողբերգություն, և՛ մեկ մարդու հերոսություն, և՛ սովորական ասպետականություն, և՛ տաղանդավոր մարդկանց մի ամբողջ խումբ։

Ծնողները ԵՊԲՀ դասախոսներ էին։ Հորական պապը՝ Անդրեաս Համբարձումյանը, զբաղեցնելով բարձր պաշտոն և ունենալով հինգ զավակ,1941-ին մեկնել է ռամաճակատ և զոհվել։ Հայրը՝ Մարտին Համբարձումյանը, ԵՊԲՀ-ի դասախոս, դասավանդել է բժշկական համալսարանում մինչև կյանքի վերջին օրը։

Գիտության մարդ լինելով՝ գիտական բնագավառից դուրս շատ հետաքրքիր կյանք էր ապրել, ամուսնացել էր մի աղջկա հետ, որի ընտանիքի վրա ժողովրդի թշնամու խարան կար, ու այդ թվերին դա հեշտ քայլ չէր։ Հայրը երազում էր, որ կենտկոմի դարպասները հանվեն, ու կոտրվի ժողովրդի ու ղեկավարների ջրբաժանը, և այդ մասին ասում էր ԵՊԲՀ-ի ելույթներում, ինչի համար արժանանում էր սուր քննադատության։

Մայրը՝ Ռայա Ստեփանյանը, ծնվել է մի շատ հետաքրքիր կենսագրությամբ ընտանիքում. Ռայա Ստեփանյանի հայրը՝ Մաղաքի Ստեփանյանը, սև բերետը գլխին դաշնամուր էր նվագում իննսուն տարեկանում, մասնակցել էր բոլոր աշխարհամարտերին ու նաև1918-ի Մսմնայի ճակատամարտին։ Ռայա Ստեփանյանը դասավանդել է ԵՊԲՀ-ում մինչև յոթանասունհինգ տարեկանը։ Որդիները խնդրել են ռեկտորին ազատել մորը աշխատանքից, և, ռեկտորի խոստովանությամբ, սա միակ դեպքն էր, երբ խնդրում են ազատել և ոչ թե հակառակը։

Մորաքույրը՝ Շուշիկ Ստեփանյանը, ԵՊԲՀ-ի չորրորդ կուրսի ուսանողուհի, զորակոչվել էր բանակ որպես բուժքույր։ Մասնակցել է Սևաստոպոլի և Օդեսայի պաշտպանությանը։ Գերեվարվել է։ Հայտնվել գերմանական համակենտրոնացման ճամբարում։ Գերեվարության ընթացքում ծանոթացել է Շառլ Ազնավուրի մոր հետ, որը օգնություն էր բերում հայ գերիներին։ Պատերազմի ավարտից հետո դավաճանության հոդվածով տասը տարով աքսորվել է Սիբիր։

Եղբայրը՝ հայտնի բժիշկ, պրոֆեսոր Անդրեաս Համբարձումյանը, որին քաղաքում գիտեն շատերը, նրա մասնագիտական ոլորտներն են ուռուցքաբանությունը, ճառագայթաբանությունը, էնդոսկոպիան։ ԵՊԲՀ դիագնոստիկայի և ճառագայթաբանության ամբիոնի երկար տարիների վարիչն էր, հարյուրից ավելի գիտական աշխատանքների հեղինակ, մնացածը կարող եք կարդալ համացանցում, որպեսզի չզբաղեցնեմ ձեր ժամանակը՝ թվարկելով նրա գիտական նվաճումները։

Չգիտեմ այս բոլորն ի՛նչ կապ ունի ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհուրդը նախագահելու հետ, ըստ իս՝ ոչ մի, բայց քանի որ երաժիշտ թեկնածուն նշում է պապի բժիշկ լինելու փաստն ու նրա մեծ ավանդը Երևանի բժշկական ինստիտուտի ստեղծման հարցում, ինչն անհերքելի է, և կրթության նախարարը, իր ասելով, առաջ է քաշել իր անդամությունը ԵՊԲՀ խորհրդի կազմում, ապա նշածս մարդիկ ևս ունեն իրենց ավանդը ԵՊԲՀ-ի, Հայաստանի Հանրապետության, Երևանի կայացման մեջ։

Իսկ թե ինչո՛ւ է կրթության նախարարն առաջարկել երաժիշտ Վահան Արծրունու թեկնածությունը ԵՊԲՀ-ի հոգաբարձուների խորհրդում, ինչպես գրում է ինքը՝ Արծրունին, կարծում եմ՝ կապված է հեղափոխությունը ողջունելու նրա դիրքորոշման հետ։ Եթե սա է այլևս միակ չափորոշիչը ոլորտային ղեկավարման համար, ապա Էդուարդ Համբարձումյանը ամենաոգևորվածներից էր, վկա՝ նրա ֆեյսբուքյան էջը։ Թեև չափից դուրս անլուրջ է մեր դժվարություններն ունեցող երկրի համար մասնագետների, իսկ տվյալ դեպքում՝ ոչ մասնագետների նախապատվությունը ձևավորել հեղափոխությանը ցուցաբերած ակտիվության խտությամբ, ծավալով, հզորությամբ։

Իսկ եթե երաժիշտ լինելը, այնուամենայնիվ, կարևոր պայման է բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհուրդ նախագահելու համար, ապա ի թիվս իր գիտական, մասնագիտական հզոր կենսագրության, Էդուարդ Համբարձումյանը նաև բալետի երաժշտության հեղինակ է, որի ստեղծագործությունը ներառված է է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի խաղացանկում, ցուցադրվել է Երևանում, Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բեմերում։ Սա այն դեպքի համար, եթե իրոք երաժիշտ է պետք։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am