«Ով պետությունից տարել է, պետք է վերադարձնի, եթե մարդն ինքնակամ վերադարձնում է, կարծում եմ՝ ավելի լավ է չպատժվի». Սիլվա Համբարձումյան

24-12-2018
826 դիտում
«Ով պետությունից տարել է, պետք է վերադարձնի, եթե մարդն ինքնակամ վերադարձնում է, կարծում եմ՝ ավելի լավ է չպատժվի». Սիլվա Համբարձումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է գործարար Սիլվա Համբարձումյանը:

- Տիկի՛ն Համբարձումյան, դուք երկու աղմկոտ գործով՝ Սամվել Մայրապետյանի և Արամ Հարությունյանի, ցուցմունք եք տվել: Իրավապահները նոր տեղեկություններ ձեզանից ուզե՞լ են, կա՞ն նոր զարգացումներ:

- Զարգացումն այն է, որ ես այսօր տեղեկացա, որ Արամ Հարությունյանի գործով կալանավորված երկու անձանցից մեկը ստորագրությամբ ազատ է արձակվել, քանի որ ցուցմունք է տվել: Երկրորդ անձը մնացել է կալանքի տակ, իսկ երրորդ անձը՝ Գագիկ Կարապետյանը, դեռ փախուստի մեջ է: Իսկ ինչ վերաբերում է Արամ Հարությունյանին, նա դեռ պատգամավոր է, մինչև յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը չլինի, նա դեռ անձեռնմխելի է: Ինձանից հավելյալ ինֆորմացիա չեն փորձում ստանալ իրավապահները, ինչ կա՝ ես վաղուց արդեն ասել եմ: Եվ իմ ցուցմունքին համապատասխան ցուցմունք է տվել նաև այն մարդը, ով ստորագրությամբ ազատ է արձակվել:

- Դուք գո՞հ եք այս իշխանությունների՝ կոռուպցիայի դեմ պայքարի աշխատանքից:

- Դեռ նոր է սկսվել, ես գոհ եմ: Ինձ թվում է՝ ընտրություններից հետո, երբ կձևավորվի նոր կառավարությունը, էլ ավելի ակտիվ կսկսեն կոռուպցիայի դեմ պայքարել, խիստ մեթոդներ կիրառել:

- Ի՞նչ մեթոդներ պետք է կիրառվեն, կոռուպցիոներները պետք է նստեն բանտո՞ւմ, թե՞ փողերը վերադարձնելով՝ պետք է ազատվեն պատժից:

- Ինձ թվում է՝ ով պետությունից տարել է, պետք է վերադարձնի: Եթե մարդն ինքնակամ վերադարձնում է, կարծում եմ՝ ավելի լավ է չպատժվի: Ա՛յ Մանվել Գրիգորյանը պետք է պատժվի ոչ թե այն բանի համար, որ զենք են հայտնաբերել կամ տուշոնկա, դրանք երկրորդական են: Թող գտնեն այն երեխեքին, որոնց Մանվել Գրիգորյանը բռնաբարել է: Իմ ամբողջ ցավը դա է, որ երեխաներ կան, ովքեր հոգեկան հիվանդ են դարձել:

-Բայց նման փաստեր կա՞ն:

- Իհարկե, եթե իրավապահները չունենան, ես հասցեները կասեմ՝ կգնան:

- Փաստորեն հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, դուք շատերի դեմ ապացույցներ ունեք:

- Գիտե՞ք քանի տարի եմ աշխատում այս երկրում: Ես 1990 թվականից բիզնեսի մեջ եմ: Ես տանիք չեմ ունեցել, ինչ ունեմ՝ իմ ուժերով եմ ստեղծել, դրա համար էլ անցել եմ ամենադժվար ճանապարհով: Մենք հացի մատակարարման մրցույթում հաղթել էինք, որ զորամասերից մեկին պետք է մատակարարեինք, Մանվելը չէր թողել, որ իմ մեքենաները մտնեն տարածք: Բայց հետո ինքը թողեց: Մի տարի մատակարարեցինք, հետո հրաժարվեցինք, որովհետև պետք է անընդհատ բախումների մեջ լինեինք:

- Ձեր կարծիքով՝ այդ նախկին համակարգն ապամոնտաժվա՞ծ է այլևս:

- Դեռ ոչ:

- Իսկ ինչպե՞ս է եղել, որ դուք որոշել եք կաշառք տալ նախկին իշխանության ներկայացուցիչներին, այսինքն՝ համագործակցե՞լ եք նրանց հետ: Միգուցե այն ժամանա՞կ կբարձրաձայնեիք:

- Դե, ես վաղուց բարձրաձայնել եմ, բայց ոչ մեկը բանատեղ չի դրել:

- Նախքան կաշառք տալը բարձրաձայնե՞լ եք, որ կաշառք են ուզում:

- Դե, այդ դեպքում արդեն ապացույց չէի ունենա, կասեին՝ շանտաժ եք անում:

- Հիմա կարողացե՞լ եք իրավապահներին փաստերով ապացուցել:

- Եթե իմ բերանից մի բան դուրս է գալիս, դրա թուղթը կա:

- Դուք գիտե՞ք, որ նաև կաշառք տվողն է օրենքով պատժվում: Չե՞ք վախենում, որ մի օր հնարավոր է փորձեն ձեզ էլ պատասխանատվության ենթարկել կաշառք տալու համար:

- Մինչև 2008 թվականը կաշառք տվողը երբ ուզենար, կարող էր այդ մասին հայտարարել: 2011 թվականից փոխվեց օրենքը, որ եթե երեք օրվա մեջ չեն հայտնում, տվողն էլ է պատժվում: Իսկ օրենքը հետադարձ ուժ չունի: Ես որոշել եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից: Ես պատասխանատվություն չեմ կրի, քանի որ հայտնել եմ, եթե հայտնած չլինեի, իրենք գտնեին՝ դա ուրիշ խնդիր էր: Ես օրենքներին շատ լավ տիրապետում եմ:

 -Առաջիկայում հնարավո՞ր է նոր կոռուպցիոն բացահայտումներ անեք:

- Ո՛չ, այն, ինչ կա, տվել եմ իրավապահներին, ես ոչինչ չունեմ այլևս բացահայտելու:

- Իսկ նոր իշխանության օրոք արագ արձագանքեցի՞ն ձեր դիմումներին:

- Այո՛, շատ գոհ եմ: Այն ժամանակ Բաղրամյան 26-ն էր ղեկավարում ամեն ինչ, ո՞վ կարող էր ինքնուրույն ինչ-որ որոշում կայացնել:

- Իսկ դուք դատարանների վիճակն այսօր ինչպե՞ս եք գնահատում, որովհետև կան տեսակետներ, որ դատարանները հիմա էլ այս իշխանության վերահսկողության տակ են:

- Ես կարծում եմ՝ եթե դատարանների վրա հրահանգներ լինեին, հաստատ այսպիսի բան չէր լինի, Գրիգորյան Մանվելը չէր ազատվի: Այն դատավորը, ով ստորագրեց դա, ինքը պետք է այդ նույնը մի հատ իր երեխաների վրա զգար, իմանար, թե ի՛նչ է նշանակում բռնաբարել երիտասարդ աղջիկներին: Ես ո՛չ զենքն եմ հաշվի առնում, ո՛չ տուշոնկեն: Զենքը՝ երկրապահ էր, կարող էր ունենալ, տուշոնկեն էլ մի կողմ, բայց էդ երեխաներին բռնաբարելը չի ներվում:

- Այդ դեպքերը ո՞ր տարիներին են եղել:

- Բոլոր ժամանակներում էլ եղել են,: Մինչև վերջերս էլ կային: Ես այդ փաստերը պատրաստ եմ ներկայացնելու, և բոլորն էլ գիտեն այդ մասին: Արթիկում ինքը տարիներ առաջ է նստել բռնաբարության դեպքով, պետք է հանեն կենսագրությունը: Առանց կենսագրություն հանելու չի կարելի: Ինքը հերոս էլ չի, ես չեմ համարում, որ հերոս է, որովհետև հերոս մարդը կյանքում նման բան չէր անի:

- Դո՞ւք էլ եք կարծում, որ նա ազատության մեջ այսօր վտանգ է ներկայացնում:

- Այո՛: Եթե գրել են, որ ցուցարարներից ավելի շատ դիմավորող է ունեցել, ուրեմն ինքը վտանգ է ներկայացնում հասարակության համար: Սա ոչ միայն էջմիածնեցիների համար է, սա մեր ամբողջ ժողովրդի ամոթն է:

- Դուք որպես գործարար՝ ինչպե՞ս եք գնահատում հիմա ներդրումային միջավայրը:

- Օրինակ՝ հիմա բունտ են անում սփյուռքի նախարարության աշխատակիցները: Մենք երբևիցե սփյուռքի նախարարություն ունեցե՞լ ենք: Դա Հրանուշ Հակոբյանի համար ստեղծվեց, արտաքին գործերի նախարարության վարչությունը դուրս եկավ, դարձավ սփյուռքի նախարարություն: Դա անիմաստ նախարարություն էր, որովհետև դրսի ժողովուրդը, միևնույն է, արտգործնախարարության հետ է ուզում շփվել: Ես սա ասում եմ սփյուռքի լիքը մարդկանց անունից: Անգամ ոչ մի ներդրող սփյուռքի նախարարի ասելով երբեք չի գա Հայաստան, բայց արտգործնախարարի ասելով կգա: Այսինքն՝ նախարարությունը փակելը շատ ճիշտ որոշում է, վաղուց պետք է անեին: Մեր պետական բյուջեից 10 տարի սնվել են չաշխատող մարդիկ:

Ինչ վերաբերում է ներդրողներին, արդեն ինձ բավական շատ մարդիկ զանգել են, ես ասել եմ՝ հիմա Ամանոր է, Ամանորից հետո համեցեք: Եթե ես ուզում եմ իմ ոսկու հարստացման գործարանը Հայաստան բերել, ուրեմն արդեն վստահ, ապահով եմ զգում

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am