«Իզուր են վայնասուն բարձրացրել, նախարարությունը չի լուծարվում, ուրիշ կարգավիճակ է ձեռք բերում». Լիլիթ Պիպոյան

25-12-2018
2014 դիտում
«Իզուր են վայնասուն բարձրացրել, նախարարությունը չի լուծարվում, ուրիշ կարգավիճակ է ձեռք բերում». Լիլիթ Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, երգչուհի Լիլիթ Պիպոյանը:

- Տիկի՛ն Պիպոյան, կառավարության նոր օրենսդրական նախաձեռնությամբ մշակույթի նախարարությունը միավորվելու է կրթության և գիտության նախարարությանը: Ինչպե՞ս եք վերաբերվում այս որոշմանը:

- Ես կարծում եմ՝ դրանում սարսափելի բան չկա, իզուր են այդ վայնասունը բարձրացրել, որովհետև նախարարությունը չի լուծարվում: Մնում է, բայց ուրիշ կարգավիճակ է ձեռք բերում, հետո ի՞նչ, նույն գործը կարող են անել: Ինչքանով ես լսեցի վարչապետի պատասխանը, ուղղակի ղեկավար կազմն է կրճատվում, բայց աշխատակիցները մնում են: Ես չեմ կարծում, որ դա կատաստրոֆա է:

- Արդյոք դրանից չի՞ տուժի ոլորտի քաղաքականությունը:

- Չեմ կարծում, որ կտուժի:

- Իսկ արդյունավե՞տ է աշխատել մշակույթի նախարարությունը: Այդ կառույցը շատերի կողմից ընկալվում է որպես կոչումներ շնորհող, «փողերի լվացմամբ» զբաղվող կառույց:

- Ե՛վ փողեր են լվացվել, և՛ անիմաստ կոչումներ են շնորհվել, և՛ շատ սխալներ են թույլ տվել: Այդ կառույցն իրականում իրեն վարկաբեկել է: Բայց այնպես չէ, որ ոչ մի դեր չի կատարել, որովհետև ինչ-որ չափով աջակցել է մշակույթի գործիչներին: Իսկ թե աջակցության համար ում են ընտրել-ում չեն աջակցել՝ դա այլ հարց է:

- Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ ծանոթ-բարեկամի սկզբունքով են գործել:

- Իհարկե, հավանաբար ատկատների համակարգ էլ է գործել: Ինձ մի քանի անգամ անվճար դահլիճ են տրամադրել, ես վարձը չեմ տվել, նախարարությունը որոշել է աջակցել: Բայց հիմնականում ես՝ որպես արտիստ, անտեսված եմ եղել: Ինձ համառորեն չէին տեսնում, չէին նկատում, և դա որոշակի քաղաքականություն էր: Այսինքն՝ այդ կառույցն անաչառ չէր գործում:

- Ի՞նչ սկզբունքով պետք է հետագայում գործի կառույցը, գերխնդիրը ո՞րը պետք է լինի:

- Ինձ թվում է՝ ամեն ինչ կախված է կադրերից: Ոլորտում որոշումներ կայացնողը պետք է լինի ազնիվ ու արդար մարդ, աշխատեն նման մարդիկ, ովքեր նաև բարձր որակ կունենան: Նրանք պետք է գործից հասկանան, կարողանան մշակել մշակութային քաղաքականություն, դա առաջ տանել: Անաչառություն ու օբյեկտիվություն պետք է գործեն ոլորտում, նաև գաղափարախոսություն պետք է մշակվի, որին պետք է հետևի նախարարությունը, ոչ թե փողեր լվանա ու մանր-մունր հարցեր լուծի:

- Երևանի 2019 թվականի բյուջեի նախագիծը սուր քննադատության ենթարկվեց: Քաղաքային իշխանությունները, օրինակ՝ շուրջ 50 մլն դրամով ավելացնում են հաջորդ տարվա գործուղումների ծախսերը: Որպես ավագանու անդամ՝ ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը:

- Հիմնականում այդ փաստաթղթում շատ առողջ փոփոխություններ են կատարվել, բայց կան նաև մի քանի խնդրահարույց կետեր: Ես ուզում եմ շեշտել, որ եթե այս նախագիծն ընդունվի, երկու ամսվա ընթացքում՝ մինչև փետրվար ամիս, դեռ պետք է լրամշակվի: Ժամանակը քիչ է եղել, չեն հասցրել ճշգրիտ թվեր ֆիքսել: Իսկ գործուղումների գումարները, կարծում եմ, դեռ կկրճատվեն: Բայց դրա մեջ տրամաբանություն կա. եթե արժեք ներկայացնող աշխատակից է, որին չեն ուզում կորցնել, ուզում են, որ ժամանակակից մակարդակի գիտելիքներ ձեռք բերի, թող գնա արտերկիր ու սովորի: Գործուղումները պետք են, ուղղակի գումարի չափն է մի քիչ շատ, այդտեղ կարելի է կրճատումներ անել:

- Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին հենց այդօրինակ ծախսերի համար էին քննադատում, հիմա ասում են՝ այդ պրակտիկան շարունակվում է:

- Միայն գործուղումների վրա չէր գումարներ դուրս գրում, նա բոլոր ոլորտներում գրում էր մի գումար, մի մասը փոշիացնում էր: Քաղաքային իշխանությունների նոր կազմն այդպես չի աշխատում, ես ականատես եմ, թե իրենք ի՛նչ նվիրումով, ազնիվ ու քրտնաջան աշխատում են: Ավագանին չնչին վարձատրությամբ աշխատում է, փոխքաղաքապետներն էլ բարձր չեն ստանում, բայց ոնց են աշխատում:

Նրանք երիտասարդներ են, ովքեր գաղափարի հետևորդներ են, մաքուր են և շատ նվիրված: Ես ուզում եմ սատար կանգնել նրանց, որովհետև մեղադրանքները, թե՝ նրանք հների նման են, իրականությանը բացարձակ չեն համապատասխանում: Այլ խնդիր կարող է լինել նորերի մոտ՝ փորձի պակասությունը: Մինչև մտնեն հունի մեջ, ժամանակ է պետք, դրա համար բյուջեի նախագիծն ընդունվելուց հետո էլ երկու ամսվա ընթացքում լավ լրամշակվելու է:

- Այսինքն՝ նոր պայմաններում մայրաքաղաքում չարաշահումները բացառո՞ւմ եք:

- Ես բացառում եմ: Բացի նրանից, որ այնտեղ կան հին կադրեր, չգիտեմ նրանց մասին ի՛նչ ասել, բայց նորերի պարագայում ես 100 տոկոսով բացառում եմ չարաշահումները: Դա անհնար է, որովհետև մենք նաև բոլորս իրար ենք հսկում: Ավագանին խիստ վերահսկում է ամեն ինչ:

- Նոր տարի է գալիս, ի՞նչ կմաղթեք հասարակությանը:

- Ես մեր ժողովրդին ուզում եմ մաղթել հետևյալը. վատատեսությունն ու հոռետեսությունը մի տեսակ տեղ են արել մարդկանց մոտ, տասնյակ տարիներ տեղավորվել են, պետք է վերանան: Եվ այդ թերահավատությունը, որն ընդհանրապես կա իշխանության նկատմամբ, կարծում եմ, աստիճանաբար կվերանա: Դա դեռ կա հիմա,բայց կարծում եմ՝ առաջիկա տարում կվերանա, երբ մարդիկ կտեսնեն արդյունքները: Իսկ արդյունքները կտեսնեն: Ես բոլորին ցանկանում եմ առողջ, ուրախ, լավատես տարի:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am