«Շփոթվածությունը չի թողնում, որ մարդիկ ավելի եռանդով մասնակցեն հանրահավաքներին». Վահրամ Մարտիրոսյան

14-03-2013
220 դիտում
«Շփոթվածությունը չի թողնում, որ մարդիկ ավելի եռանդով մասնակցեն հանրահավաքներին». Վահրամ Մարտիրոսյան

 

Այսօր Ազատության հրապարակ Ժառանգության կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին տեսակցության էր եկել գրող, սցենարիստ Վահրամ Մարտիրոսյանը: «Մեդիալաբը» այս օրերին տեղի ունեցող գործընթացների մասին մի քանի հարց ուղղեց Վահրամ Մարտիրոսյանին:

-Պարոն Մարտիրոսյան, ի՞նչ արդյունք կտա Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարած հացադուլը և արդյոք ճի՞շտ եք համարում պայքարն այս ուղղությամբ տանելը:

-Ես չեմ համարում, որ սա ամենանախընտրելի ձևն է: Բայց կա որոշակի ընթացք, դեպքերն ու իրադարձությունները դասավորվել են այնպես, որ այս պահին հնարավոր է նաև, որ հացադուլը պայքարը թեժ պահելու միջոց է և այլ միջոցների հետ զուգակցվելով` կարող է արդյունքի հասցնել:

-Րաֆֆի Հովհաննիսյանն այս օրերին խոսում է իշխանությունների առաջարկի անհրաժեշտության մասին` նշելով, որ ինքն այլևս ասելքի չունի: Ձեր կարծիքով` իշխանությունն ի վիճակի՞ է ողջամիտ առաջարկ անել, այնպիսի առաջարկ, որը կազդի Րաֆֆի Հովհաննիսյանի որոշման վրա:

-Չէ, ես կարծում եմ, որ իշխանություններն ընդհանրապես ողջամիտ առաջարկի ընդունակ չեն: Նրանց ցանկացած առաջարկ կարող է պարունակել նենգություն: Բայց հնարավոր է, որ ճնշման որոշակի աստիճանի ժամանակ իրենք հարկադրված լինեն այնպիսի առաջարկներ անելու, որոնք որ երկրի համար կլինեն նպաստավոր:

-Մինչև ապրիլի 9-ը հնարավո՞ր է արվեն նման առաջարկներ:

-Ժամկետներ չեմ կարող ասել, դա կարող է տեղի ունենալ շատ ավելի շուտ, որովհետև ըստ էության հացադուլը նման է մի ալեցիրի, անտենայի է նման: Անտեսանալի ալիքները տարածվում են Երևանով և Հայաստանով մեկ: Այդ ալքիների հարուցած արձագանքը կարող է անսպասելի ուժեղ լինել մինչև ապրիլի 9-ը:

-Արդեն իսկ ակնկալվում է, որ ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքն ավելի հուժկու է լինելու, դուք ի՞նչ կանխատեսում ունեք: Հացադուլը կարո՞ղ է էլ ավելի սթափեցնել մարդկանց ու բերել Ազատության հրապարակ:

-Ընհանրապես մի քիչ շփոթվածություն կա մարդկանց մեջ: Յուրաքանչյուրն իրեն հարց է տալիս` իսկ ի՞նչ ելք կա: Այսինքն` ելքը Սահմանադրական դատարա՞նն է, որին չեն հավատում, թե՞ Բաղրամյան 26-ը գրոհելը, որը չեն ուզում մարդիկ, որովհետև դա նշանակում է, որ արյուն կթափվի: Շփոթվածությունը չի թողնում, որ մարդիկ ավելի եռանդով մասնակցեն հանրահավաքներին: Նաև դա ինչ-որ չափով կախված է նրանից, թե ինչ ուղերձներ կհնչեն Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից:

-Դուք ակնկալո՞ւմ էիք, որ նախագահի ընտորւթյուններից հետո այս սցենարը կլիներ, և հասարակությունը դարձյալ դուրս կգար Ազատության հրապարակ:

-Անկեղծ ասած, ես այդ իմաստով մի քիչ մարգարեացել եմ, որովհետև ավելի վաղ ասում էի, որ պետք չի հուսալքվել: Ասում էի, որ քվեարկության արդյունքները կարող են լինել այնպիսին, որ նույնիսկ անհնար լինի կեղծել հօգուտ իշխանության թեկնածուի: Ես հավատում էի, և ես կարծում եմ, որ եթե շատ մարդիկ հավատային, հենց այդ արդյունքն էլ կլիներ: Այսինքն` հնարավոր չէր լինի ոչ մի ձևով կեղծել: Այլ է 70-30 հարաբերակցությունը կեղծել, բայց 95-5 հարաբերակցությունը հնրավոր չէ կեղծել:

Մարի Ներսեսյան

© Medialab.am