«Հարկեր սահմանելիս պետք է պարբերակված մոտեցում ցուցաբերվի հարսանիքներում երգողների և համերգային գործունեություն ծավալողների նկատմամբ». երաժիշտներ

27-12-2018
292 դիտում
«Հարկեր սահմանելիս պետք է պարբերակված մոտեցում ցուցաբերվի հարսանիքներում երգողների և համերգային գործունեություն ծավալողների նկատմամբ». երաժիշտներ

Պետական եկամուտների կոմիտեն օրերս հանդես էր եկել հայտարարությամբ՝ շոու բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին՝ երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին, հորդորելով ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն հայտարարագրել սեփական եկամուտները և Հարկային օրենսգրքով սահմանված վճարել հարկերը: Ընդ որում, ՊԵԿ-ը նրանց հորդորում է գրանցվել սեղմ ժամկետներում՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում կիրականացվեն հարկային հսկողության միջոցառումներ:

ՊԵԿ-ի այդ հայտարարությունն առաջացրել է ոլորտի ներկայացուցիչներից ոմանց վրդովմունքը: Մի մասը դեմ է հարկեր վճարելուն, մի մասը՝ կողմ:

«Մեդիալաբի» հետ զրույցում ոլորտի ներկայացուցիչները պնդում են, որ հարսանիքներում երգող ու մեծ գումարներ վաստակողները, բնականաբար, պետք է հարկվեն:

Երգչուհի Լիլիթ Պիպոյանն ասում է, որ իրականում երաժիշտների ու երգիչների համար դժվար ժամանակներ են:

«Նկատած կլինեք, որ մեր երաժիշտները շատ պակասեցրել են իրենց համերգները: Նախ՝ որովհետև դահլիճների վարձերն են բարձր, գովազդի և այլ ծախսերն են մեծ: Իսկ մեկ տոմսը շատ բարձր գնով չես կարող վաճառել, հնարավոր չէ: Օրինակ՝ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանն ասում էր՝ տոմսի գինը 10 հազար, 20 հազար դրամ սահմանեք: Ո՞վ պետք է 20 հազար դրամով տոմս գնի: Ես ինքս 3000 դրամ եմ դրել տոմսերի գինը, դրանից բարձր չեն վաճառվում: Իմիջիայլոց, եթե պայմանագիր է կնքվում դահլիճի հետ, դահիճի ղեկավարությունը պետական տուրքերն ու հարկերը վճարում է: Բայց եթե լրացուցիչ հարկ դրվի, ընդհանրապես կսառեցվի այդ գործունեությունը, որովհետև ֆիզիկապես անհնար է տեղավորվել այդ ծախսերի մեջ»,- ասում է Լիլիթ Պիպոյանը:

Նրա խոսքով՝ պետք է տարբերակված մոտեցում ցուցաբերվի, եթե հարսանիքներում երգողները շատ են վաստակում, այդ դեպքում պետք է այլ մոտեցում կիրառվի: «Ես հարսանիքներում չեմ երգել, այո՛, հնարավոր է այնտեղից հարկել, քանի որ բավական գումարներ են վաստակում: Ես նկատի ունեմ, որ դահլիճներում համերգային գործունեությունը չպետք է ենթարկվի դրան: Անպայման պետք է տարբերակվի, թե ոնց պետք է տարբերակվի՝ դա այլ հարց է»,- ասաց նա:

Ըստ Պիպոյանի՝ այսօր հարկերից ընդհանրապես դուրս են մնում հարսանիքներում երգողները:

«Այնտեղ ձեռքից ձեռք իրար վճարել են, չեմ կարծում՝ իրենք հարկեր են մուծել»,- ասաց նա:

Երգիչ Արթուր Իսպիրյանն ասում է, որ երբեք գումար չի աշխատել՝ մասնավոր միջոցառումներում երգելով: «Իմ կյանքում, բացի պետական միջոցառումներից, ոչ մի անգամ որևէ միջոցառման չեմ մասնակցել: Ես ստացել եմ չնչին գումարներ, որոնք հարկվել են: Բայց ես գիտեմ, որ կան երգիչներ ու երաժիշտներ, որոնք մեծ գումարներ են աշխատում անձնական միջոցառումների ժամանակ: Հիմա ես չգիտեմ, թե ո՛նց է կարգավորվելու այդ դաշտը: Շատ ուրախ կլինեմ, որ մարդիկ կամավոր բերեն ինչ-որ գումար մուծեն, որովհետև մոտավորապես կարող ենք ճշտել, թե նրանք մեկ միջոցառումից ինչքան գումար են վաստակում, բայց չենք կարող ճշտել, թե այդ միջոցառմանը քանի երգ են երգել, որովհետև ըստ երգի է վճարումը կատարվում»,- «Մեդիալաբին» ասում է Արթուր Իսպիրյանը:

Նրա խոսքով՝ օրենքը շատ ճիշտ է, բոլորը պետք է հարկվեն, բայց պարզ չէ, թե ինչպե՛ս պետք է դա կարգավորվի: «Ստացվում է, որ դա պետք է մնա անձի խղճի վրա, բայց ինձ թվում է՝ բոլորը պարտաճանաչ կմուծեն»,- հավելեց նա:

Երգահան Արա Գևորգյանը կարծում է, որ եթե օրենքն այդպես է պահանջում, որ պետք է բոլորը հարկվեն, ինչո՛ւ չէ, թող հարկվեն: «Ես տեղյակ չեմ, թե ի՛նչ վիճակ է ոլորտում: Կոնկրետ Հայաստանում ես ամեն ինչ անում եմ անվճար, Հայաստանի տարածքում ոչինչ փողով չեմ անում: Այնտեղ, որտեղ աշխատում եմ, այնտեղից անպայման հարկ վճարում եմ, իսկ երաժշտության հետ կապված, երբ երաժշտություն եմ հորինում, գործիքավորում եմ անում, բոլորն անում եմ անվճար, նվիրում եմ»,- «Մեդիալաբին» ասում է Գևորգյանը:

Հարցին, թե հարսանիքների և նմանօրինակ միջոցառումների ժամանակ գումար չի՞ վաստակում, նա պատասխանեց, որ հարսանիքներին չի նվագում: «Ես Հայաստանի տարածքում ամեն ինչ անում եմ անվճար, իսկ դրսում, երբ գնում եմ համերգի, մեծ մասամբ բոլորը վճարում են, բացի ինձանից: Չգրված օրենքներ կան: Բայց ես կարծում եմ, որ բոլորն էլ պետք է հարկերը վճարեն, որովհետև այդ հարկերով պահվում է մեր բանակը, վարձատրվում են մեր ուսուցիչն ու բժիշկը»,- հավելում է նա:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am