Դեկտեմբերի 28-ին, նույն տեղում, նույն ժամին

28-12-2018
951 դիտում
Դեկտեմբերի 28-ին, նույն տեղում, նույն ժամին

Մատնահետքի նման, Նոր տարիներն էլ ոչ մեկը մյուսին նման չէին։ Նույնիսկ այն խորհրդային Նոր տարիները, երբ բոլորի տոնածառի խաղալիքը տիեզերագնաց ու կոն էր, իսկ սեղանին՝ անպայման լոբով պաշտետ ու կարմիր բազուկով աղցան, երբ իննսուն տոկոսի սեղանի ուրախությունը հմտորեն հայթաթած ու քնքշանքով պահված թարխունի լիմոնադն էր։

Նոր տարիները երբեք իրար նման չեն եղել՝ երբ ծնողների հետ էինք, կամ երբ դասարանով դեկտեմբերի երեսունին նշում էինք մեր դասարանի Համբարձումյան Մարինեի ու Արսենի ծննդյան օրը, որոնց մասին ասում էինք՝ «իրանք զույգ են, բայց Արսենը Մարինեից երեք օրով մեծ ա»։

Սա ասում էինք ընդհուպ մինչև յոթերորդ դասարանը և ամենայն լրջությամբ։ Յոթերորդ դասարանում մեր ռուսերենի երիտասարդ ուսուցչուհին, որ չասեր՝ «չտո՞ զա ինֆանտիլիզմ»՝ մենք էլի էինք ասելու, որ Արսենն ու Մարինեն զույգ են, բայց Արսենը երեք օրով մեծ ա։

Լեգենդը շատ ռացիոնալ բացատրություն ուներ. մեր ժամանակ մի տարի շուտ չէր կարելի դպրոց գնալ, իսկ նրանց ծնողներն ուզել էին, որ զավակները նույն դասարանում սովորեն։ Դպրոց ընդունել էին, բայց խստորեն պատվիրել էին չասել, որ մեկ տարվա տարբերություն կա իրենց միջև։ Եվ ընտանիքը հրամցրել էր այս լեգենդը, ու մենք, քանի որ շատ «տեղեկացված» էինք տվյալ ոլորտում՝ մինչև յոթերորդ դասարան լեգենդը տարանք մի փորձառու անատոմի վստահությամբ։

Բայց նրանց ծնունդը մեր սուրբ ծնունդն էր, որովհետև դեկտեմբերի երեսունի ձյան մեջ խեղդված քաղաքում, իսկ այն ժամանակ քաղաքը «վադալազկայի» նման ձյուն էր հագնում, Աբովյան փողոցի ներկայիս Սեգաֆրեդոյի շենքում, մենք դասարանով ծնունդի էինք մինչև ուշ, շատ ուշ երեկո։ Ոչ մի Նոր տարի մյուսին նման չէր, թեև դասարանի բոլոր հավաքների գերագույն իմաստը «ով ում է սիրում» ֆանտաստիկ թարմ թեման էր։

Ուսանող ժամանակվա Նոր տարիները ընդամենը երեքն էին ուրախ՝ մինչև 92 թվականը։ Մինչև այդ թվականը մենք ուսանողական թոշակով հազար ու մի բան էինք անում։

Վերջին ուրախ ուսանողական ձմեռվա դեկտեմբերը ներկայիս Թուֆենկյանի շենքի հետնամասի սեփական տներից մեկում՝ մեր դասընկերուհու տանը, շատ ինքնավստահ խաշ էինք դրել, ընդ որում՝ կյանքում առաջին անգամ։ Չարժեր տեսնել այդ կերը, բայց մեր ուրախությունն ու պլաստիր չեղած երկրում բինտով կապկպած բոլորիս ութ մատը՝ արժանի էին տեսնելու։ Այն ժամանակ սմբակավորի ոտքերը մաքրած չէին վաճառվում։

Հետո սկսվեցին պատերազմի Նոր տարիները, երկրաշարժի Նոր տարին։ Տասներեք հոգով՝ տարբեր պատերազմներից փախած ընտանիքներով Նոր տարիներ են եղել։ Չափից դուրս համեստ ու անշուք սեղանով։

Բայց եղել է նաև, որ լվացքի պարաններով միմյանց նոր թխած տնական հաց կամ լավաշ փոխանցեն մի շենքից մյուսը, որովհետև տանելու համար շատ ցուրտ էր, ու մուտքի աստիճանները մթության մեջ՝ անտեսանելի։

Եղել է այնպես, որ Նոր տարվա նախօրեին հեռուստացույցով մի ընկերդ հաղորդել է մյուսի զոհվելու մասին, ու դա նույնպես կարողացել ենք ընկալել մի կերպ. և հայտնողը, և լսողները։ Մեր Նոր տարիները երբեք նման չեն եղել։ Պատերազմի նոր տարիների միակ լուսավոր բանը լույսն էր՝ մինչև առավոտ չանջատվելու երաշխիքով էլեկտրական լույսը։

Այնպիսի գերագույն հաճույք էր չանջատվելու երաշխիքով լույսը, նորից տաք տունը, տան միջի աշխուժացող անցուդարձը։

Հետո ուրիշ Նոր տարիներ եկան։ Սիրուն երկրներում, վառարաններից հետո շողշողացող մայրաքաղաքներում։ Մեր հետխորհրդային տարիներից հետո առաջին ելքն էր սիրուն ու մեծ աշխարհ, որտեղ առաջին հետվառարանային տարում ես շլացնող մեծ խանութից միայն կարմիր մոմեր էի առնում, որ մութ ժամանակ վառենք։

Բայց էլ մութ չեղավ… Ու մենք տեսանք նաև այդպիսի Նոր տարիներ։ Իսկ հետո ուրիշ Նոր տարիներ. աղջիկս եղբորս գրկում վախեցել էր մեր տուն եկած Ձմեռ պապից ու գոռում էր՝ «Մմենը պապիկը ո՜ւ-ո՜ւ -ո՜ւ -ո՜ւ», իսկ տղաս՝ երեք տարեկան, նայեց երկար, նայեց լուռ ու նրա գնալուց հետո ասաց․ «իսկական չէր՝ բոթասով էր»։

Իսկ մի Նոր տարվա նախօրեի, արդեն նոր կյանքում՝ դաժանաբար սպանվեց մեր մյուս ընկերը, նա, ով տարիներ առաջ հայտնել էր մեր ուսանողական ընկերոջ զոհվելու լուրը ու հետո ասում էր, որ դա իր կյանքի ամենադաժան օրերից մեկն էր։ Մենք դա էլ տարանք։

Նոր տարիները երբեք իրար նման չեն եղել։

Հետո մենք երկար իրար գոտեպնդել ենք տվել, թե հաջորդ տարի մի բան կփոխվի։ Ու դա տևել է երկար։

Մի քանի օր առաջ պետք էր մի նյութ գտնել իմ հին տպագրված հոդվածներից, ու արագ նայում էի հին հոդվածները։ Ու մի քանի տարբեր թվերի գրած նյութերում վերջին տողը նույնն էր․ «Երբ ամեն ինչ շատ վատ է՝ այն անպայման ավարտվում է ինքն իրեն»։ Ներեցեք ինքնամեջբերումս»:

Այս՝ 2018 թվականի Նոր տարին, ոչ օրացուցային էր․ այն սկսվեց գարնանը՝ ապրիլին։

Մեր Նոր տարին այս անգամ նոր է։ Անգամ ապրիլյան հեղափոխության ամենաթեժ հակառակորդները կընդունեն սա։ Չեմ ասում՝ լավ, չեմ ասում՝ վատ, որ Նոր տարվա շեմին չկռվենք, բայց այն նոր է, փոխվել են դեմքերը հավերժական թվացող, փոխվել է տարիքը իշխանության, փոխվել է «մենք ինչ՝ մենք պուճուր մարդ ենք, իրանք են որոշողը» մոնոլիտ, ամրակուռ, չհրկիզվող խոսքը։

Իսկ թե կլինի նոր-լավ, թե նոր-վատ՝ մեր մոնոլիտ, չհրկիզվող, ամրակուռ ասույթին նորից շունչ տալ-չտալուց էլ է կախված։ Կախված է մեզնից և նրանցից, ում մենք բերեցինք նոր տարում՝ ապրիլին, գարնան մի պայծառ առավոտ, նոր կյանքի համար։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am