Զիբիլի քաղաքական երանգները

05-01-2019
1201 դիտում
Զիբիլի քաղաքական երանգները

Աղբը հայոց քաղաքական մշակույթում վաղուց իր ուրույն տեղն ունի: Աղբի շուրջ կառուցվում են քրեական գործեր, ինչպիսին է, օրինակ՝ «Զիբիլիքսը», ստեղծում են քաղաքական հոլովակներ, խոստանում են մաքրել, բոլոր ընդդիմությունները շահարկում են աղբի թեման, բոլոր իշխանությունները պաշտպանվում են աղբի միջոցով:

Աղբի խնդիրը պատմության մեջ միշտ էլ եղել արդիական ու կմնա այդպիսին: Օրինակ՝ հին աշխարհում արդեն կային բազմաթիվ մեթոդներ, որոնց կիրառումը մեզ չէր խանգարի: Բայց դրա համար մի քիչ պատմություն է պետք իմանալ:

Միջնադարյան Եվրոպան գարշահոտ էր: Աղբն էր պատճառը բազմաթիվ համաճարակների:

Մեզը և ևս մեկ այլ մարդկային աղբ, որի մասին միայն Սերգեյ Դանիելյանին է տրված բարձրաձայն խոսել, պատճառ հանդիսացան բարձր կրունկներով կոշիկների ստեղծման ու լայնեզր գլխարկների արարման, որոնք այսօր շատերի հագուստին տալիս են անգնահատելի էֆեկտ: Տեսնո՞ւմ եք՝ աղբն ունի նաև դրական կողմեր:

Սույն անդրադարձիս նպատակը բնավ պատմական ակնարկներ կատարելը չէ: Նպատակ չկա նաև անդրադառնալու Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի կատակ-գրառմանը: Մի մասի համար այն հաջողված էր, մյուսների համար՝ վատ ցինիզմի եզրագիծ: Ճաշակի հարց է:

Իրականում ավելի հետաքրքիր է Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի գրառումն այս թեմայով: Փոխքաղաքապետի բարձունքից սույն պարոնը հորդորներ ու խորհուրդներ է տալիս:

«Նոր տետրակ, որ կոչի հորդորակը» կարող է լինել կիրառելի, բայց միայն Շահամիրյանի ձեռամբ: Ամենաքիչը, որ կուզեի լսել ներկայիս իշխանավորներից, խորհուրդներն են:

Բայց ի՞նչ ենք տեսնում ամենաշատը: Քննադատությանը չդիմացող, յուրաքանչյուր քննադատության սուր վարքագծով հակադարձող, խոհեմությունը մի կողմ դրած բազմաթիվ տեքստեր: Հասկանալի է, որ քաղաքական ջահիլիան դեռ աճելու տեղ ունի, բայց հասկանալի չէ չսովորելու այն լուռ համառությունը, որը դրսևորվում է:

Հարգելինե՛րս, ես չգիտեմ, թե աղբի խնդիրն ինչքանո՛վ է տարածական, բայց գիտեմ մի բան. նորմալ է, որ դրան անդրադառնում են: Ուզում եք անվանեք շահարկում, բայց չէ՞ որ մենք էլ ենք ժամանակին շահարկել: Ինչո՞ւ եք նեղվում, երբ մարդիկ նկարում են տարբեր ընտանիքների ստամոքսային գաղտնիքներով լեցուն աղբամաններն ու հրապարակում:

Չէ՞ որ ժամանակին նույն խորհուրդն էր տալիս Նիկոլ Փաշինյանը:

Ստացվում է ի՞նչ, Տարոնի ժամանակվա աղբը սիրուն չէր, ներկայիս աղբը սիրո՞ւն է: Լավ է՝ չեք հորդորում վարդագույն ակնոցով նայել ու էսթետիկական հաճույք ստանալ աղբից: Չէ՞ որ այն բավականին գունեղ է: Չէ՞ որ այն ունի բազմաթիվ երանգներ:

Կարող էիք բերել ավելի կուռ պատճառներ: Օրինակ՝ եթե աղբն հավաքենք, դրանով կվնասենք այն փողոցային կենդանիներին, որոնք ապրում են այդ աղբի հաշվին: Հեչ կենդանասեր չեք: Մարդասեր էլ չեք: Եթե աղբը հավաքենք, կվնասենք այն մարդկանց, ովքեր իրենց հանապազօրյա հացը վաստակում են աղբամանները քչփորելով:

Իսկ իրականում կա ընդունված, բայց չգրված օրենք. եթե չես կարող մաքրել տալ, ապա բարի եղիր, ինքդ մաքրիր, առանց հոխորտալու ու մեղադրելու: Պետք չէ ձեր բարձունքներից մեզ խորհուրդներ տալ կամ հորդորներ կարդալ, պետք չէ կարծել, թե լուրջ գործով եք զբաղված: Ինձ ընդհանրապես զարմացնում է Երևանի ավագանու ինքնավստահությունը կարծելու՝ թե լուրջ գործով են զբաղված: Առանց ձեր հորդորների ու խորհուրդների մի կերպ յոլա կգնանք:

Հ. Գ. Հերկուլեսի 12 սխրանքներից մեկը կապված էր աղբի հետ: Նա մաքրեց Ավգյան ախոռները: Մեր օրերը տենչում են իրենց Հերկուլեսին:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am